«Սա իմ վերջին մարտահրավերն է, դրանով կավարտի պատմությունը». Բուֆոնի առաջին հարցազրույցը Ֆրանսիայում
Ֆրանսիայում իր առաջին մեծ հարցազրույցը Ջանլուիջի Բուֆոնը տվել է հայտնի France Football-ին: Ավելի քան կես ժամ տևած զրույցում 40-ամյա դարպասապահը պատմել է, թե ինչպես է հեռացել «Յուվենթուսից», թե ինչու է ընտրել ՊՍԺ-ն և ինչպես է այս տարիքում կարողացել պահպանել բարձր մակարդակում խաղալու ցանկությունը:
Նա նաև խոստովանել է, որ դեռ երազում է հաղթել ամենակարևոր ակումբային մրցաշարը՝ Չեմպիոնների լիգան:
– ՊՍԺ տեղափոխվելը Ձեզ համար իրապես մարտահրավեր է: Ի՞նչ կասեք այս մասին մի քանի շաբաթ անց: Ինչպիսի՞ն են Ձեր զգացումները:
– Անմիջապես կարող եմ ասել, որ սա իմ վերջին մարտահրավերն է, դրանով կավարտի պատմությունը: Ճիշտ է, կյանքը երբեմն անակնկալներ է պատրաստում մեզ համար, ես վաղուց սովորել եմ երբեք չասել երբեք: ՊՍԺ տեղափոխությունը դրա լավագույն հաստատումն է:
Կյանքն ինձ անհավանական հնարավորություն տվեց, և այսօր կարող եմ ազնվորեն ասել, որ երջանիկ եմ, որ ընդունեցի այս մարտահրավերը, ինչն ինձ համար գեղեցիկ, մոտիվացնող և խորհրդանշական է: Սա այն է, ինչին ես ձգտում էի: Փարիզում ես հրաշալի ընդունելության արժանացա, զգում եմ, որ շատ էներգիա եմ ստացել: Ես երբեք չեմ մտածել, որ «Յուվենթուսից» հետո ինչ-որ տեղ կխաղամ:
– Երեք-չորս ամիս առաջ դուք հակված էիք 40 տարեկանոմ Ձեր կարիերան տրամաբանորեն ավարտելուն: Սակայն, փոխեցիք Ձեր պլանները: Ի՞նչը Ձեզ ստիպեց փոխել պլանները, ի՞նչն էր գրավիչ այս նախագծում:
– Վերջին չորս-հինգ մրցաշրջանների ընթացքում ՊՍԺ-ն առաջատար ակումբ է, ինչպես «Յուվենթուսը», «Բարսելոնան», «Ռեալը» կամ «Մանչեսթեր Սիթին»: ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի հաղթողի թեկնածուներից է: Տարբեր պատճառներով ՊՍԺ-ն վերջին տարիներին երբեք չի անցել քառորդ եզրափակիչ փուլից, բայց ես գիտեմ, որ դրա համար մենք ունենք տպավորիչ ներուժ: Երբ տեղափոխվում ես ՊՍԺ, դու հստակ հասկանում ես, որ դառնում ես թիմի մի մասը, որ քո առաջ դրվելու են առավելագույն խնդիրները: Եվ շնորհիվ իմ փորձի՝ ես կարող եմ օգնել թիմին թե՛ ֆուտբոլային դաշտում, թե՛ դրանից դուրս:
– Ե՞րբ եք որոշել տեղափոխվել ՊՍԺ:
– Մայիսի կեսին, երբ ավարտվեց A սերիան: Ես երկար էի մտածում, քանի որ ՊՍԺ տեղափոխվելը լուրջ քայլ էր: Ես ասացի այո, երբ պատրաստ էի:
– Ինչպիսին են Ձեր հարաբերությունները, օրինակ՝ Քիլիան Մբապեի հետ, ով ավելի քան երկու անգամ ավելի երիտասարդ է, քան Դուք:
– Մենք հաճախ ենք ծիծաղում և կատակում Քիլիանի հետ: Նա միշտ ասում է ինձ. «Ես երբեք չեմ մտածել, որ ես Ձեզ հետ միասին կխաղամ նույն թիմում»:
Նա տեսել է, թե ինչպես եմ խաղում 2006 թ. Աշխարհի գավաթի եզրափակչում Ֆրանսիայի դեմ, երբ նա դեռ փոքր տղա էր: Հետո մենք հանդիպեցինք 2017 թվականին՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:
– Այստեղ իրավիճակն ինչ-որ կերպ տարբերվո՞ւմ է այն իրավիճակից, ինչպիսին Իտալիայում էր:
– Օրինակ՝ այստեղ ավելի քիչ սթրեսային իրավիճակներ կան: Սա ինձ համար նոր բան է: Իտալիայում որոշ բաներ չափազանց շատ են, ֆուտբոլի ուժն ու կախվածությունը դրանից շատ մեծ են: Մոտեցումը խաղին և մարզումները տարբերվում են: Այստեղ ավելի հանգիստ է, պակաս սթրեսային:
– Ինչպիսի՞ պատկերացումներ ունեիք ֆրանսիական ֆուտբոլի մասին մինչև ՊՍԺ տեղափոխվելը:
– Իմ կարիերայի ընթացքում ես խաղացել էի շատ ֆրանսիացի ֆուտբոլիստների հետ: Ես միշտ ջերմ հարաբերություններ ունեի նրանց հետ: Ես չգիտեմ, թե ինչու, բայց այս առումով ամեն ինչ լավ էր: Բոգոսյան, Տրեզեգե, Վիերի, Պոգբա, Էվրա…
Իհարկե, ՊՍԺ-ն գլխավոր ուժն է Լիգա 1-ում, սակայն այստեղ հաղթելը հեշտ չէ: Եթե ամեն խաղին այս մտքով դուրս չգանք խաղադաշտ, ապա հաճախ հաղթել չի ստացվի:
– Ինչպիսի՞ն է լինելու Ձեր դերը ՊՍԺ-ում՝ հավասարապես օգտակար խաղադաշտում, և հանդերձարանում, թե՞…
– «Յուվենթուսում» երբեք չեմ ունեցել հատուկ վարքագիծ, ես միշտ մնում եմ այնպիսին, ինչպես դուք ինձ տեսնում եք տվյալ պահին: Դրա համար, կարծում եմ, նրանք գնահատում էին ինձ: Երբ ես հավատում եմ, որ եկել է այն պահը, որ պետք է ինչ-որ բան ասեմ թիմի ընդհանուր բարիքի համար, ես անպայման ասում եմ դա:
– Դուք թե՛ ակումբում, թե՛ հավաքականում ավագ էիք: ՊՍԺ-ում ավագը Տիագո Սիլվան է: Դա ինչ-որ բան փոխո՞ւմ է:
– Ոչ, դա ոչինչ չի փոխում: Ես ավագ էի միայն այն պատճառով, որ ես կրում էի ավագի թևկապը:
Սիրարփի Աղաբաբյան