Օձաբերդը կարող է դառնալ պատմամշակութային եւ հնագիտական տուրիզմի կարևոր ու հայտնի կենտրոն
Արդեն հինգերորդ տարին է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Արծվանիստ գյուղերի սահմանաբաժանում գտնվող Օձաբերդ հնագիտական հուշարձանի տարածքում ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն»ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ իրականացվում են հնագիտական պեղումներ եւ ուսումնասիրություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի ղեկավար պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը, այս տարի հնագիտական պեղումները սկսվել են հուլիսի 26-ին եւ ընթացել երկու տեղամասում: Տեղամասերից մեկը գտնվում է ամրոցում՝ միջնաբերդից հյուսիս-արեւելք տարածված հարթ հատվածում, իսկ երկրորդը՝ ամրոցից հարավ տարածվող արտաքին բնակատեղիի արեւմտյան հատվածում: «Ամրոցից հարավ տարածվող բնակատեղիի արեւմտյան հատվածում բացվել է 2 մետր հաստությամբ հզոր կիսակոպտատաշ պատերով, կավածեփ հատակներով մի կառույցի հատված: Դեռեւս բացվել է 16 մետր, եւ, ըստ նախնական դիտարկումների, այս կառույցն ամենայն հավանականությամբ եղել է Օձաբերդի բնակատեղիի արտաքին պաշտպանական պատի մի հատվածը:
Ըստ խեցեղեն նյութի՝ այն կարելի է թվագրել հետուրարտական ժամանակաշրջանով (Ք. ա. 7-րդ դարի վերջ-6-րդ դար): Պատի հարավ-արեւմտյան անկյունային հատվածում՝ պատին կից, բացվել է խմբային թաղում, իսկ քիչ հյուսիս՝ կարասային թաղում: Ըստ նախնական թվագրության՝ թաղումներն արվել են հելլենիստական դարաշրջանում, եւ չի բացառվում, որ այդ ժամանակահատվածի մի փուլում արտաքին բնակատեղիի այս հատվածը լքվել կամ կորցրել էր իր նշանակությունը: Թաղումները ֆիքսվել եւ այժմ ուսումնասիրվում են հնամարդաբան, ՊՈԱԿ-ի գիտաշխատող Հասմիկ Սիմոնյանի կողմից: Տեղամասում դրվել է ստուգողական փոսորակ, ինչի արդյունքում պարզ դարձավ, որ կիսակոպտատաշ քարերով հզոր պատերով կառույցը վեր է բարձրացվել Ք. ա. 8-7-րդ դարերի շերտերի վրա: Տեղամասի պատասխանատուն է հնագետ Արթուր Միքայելյանը: Երկրորդ կամ Դ տեղամասում գրանցվել են չափազանց կարեւոր եւ տպավորիչ արդյունքներ: Բացվեցին կանոնավոր ճարտարապետությամբ, կանոնավոր շարեր ու մուտքեր ունեցող ընդարձակ սենյակների հատվածներ: Գլխավոր պատն ունի 3 մետր հաստություն եւ 1,5 մետր բարձրություն, իսկ մյուս պատերը՝ 1,5 մետր հաստություն եւ մոտ 2 մետր բարձրություն:
Կառույցները գործել են մի քանի փուլերում: Մի փուլում, ըստ երեւույթին ավելի վաղ իրավիճակում նկատված այրված շերտի վրա, արվել է քարերով հարթեցում, ինչի համար օգտագործվել է նաեւ հիմնաժայռի որոշ հատվածներ, իսկ քարերով արված հարթեցման վրա արվել է կավածեփ հատակը: Այս իրավիճակը մենք նախնականորեն թվագրում ենք Ք. ա. 8-6-րդ դարերով: Իսկ մեր հետագա ուսումնասիրությունները եւ ռադիոածխածնային անալիզներն առաջիկայում առավել հստակություն կմտցնեն մեր եզրահանգումներում: Չի բացառվում, որ այդ կավածեփ հատակը բարձրացել է ավելի վաղ դարաշրջանի կառույցների վրա: Պեղումների վայրից գտնվել են խեցեղենի բեկորներ, օբսիդիան, կենդանիների ոսկորներ, կարասների հատվածներ, իլիկի 3 գլուխ եւ մեկ ամբողջական սափորիկ, որը նախնականորեն կարելի է թվագրել Ք. ա. 7-5-րդ դարերով: Դեռեւս այս հատվածում պեղումները շարունակում ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ շերտի վրա են բարձրացել կառույցները, ինչի համար էլ իրականացնում ենք շերտագրական դիտարկումներ եւ գործողություններ:
Վերը նշված տեղամասերից վերցված հողանմուշները ուսումնասիրվում են հնաբուսաբան Ռոման Հովսեփյանի կողմից: Մեզ դեռեւս անհրաժեշտ են մի քանի տարիների պեղումներ եւ ուսումնասիրություններ, որպեսզի կարողանանք ամբողջապես բացել եւ հետազոտել վերը նշված կառույցները, որոշակիորեն հստակեցնել, թե ինչ նպատակի համար են ծառայել բացվող կառույցները եւ ինչու եւ ինչ հանգամանքների բերումով այստեղ մենք ունենք այրված շերտեր եւ վերակառուցումներ: Առաջիկա մի քանի օրում որոշակի հստակություն կմտցնեն նաեւ գեոմորֆոլոգիական ուսումնասիրությունները»,-նշեց հնագիտական արշավախմբի ղեկավարը: Հնագիտական արշավախմբին այս տարի աշխատակցել են հնագետ Արթուր Միքայելյանը, պատմական գիտությունների թեկնածու, ասսուրագետ Ռուսլան Ցականյանը, ճարտարապետներ Հայկ Կյուրեղյանը եւ Սուրեն Մելիք Քարամյանը, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը, հնաբուսաբան Ռոման Հովսեփյանը, ազգագրագետ Լյուդվիգ Միրզոյանը, լուսանկարիչ Արսեն Աթաբեկյանը,պատմաբան Հայկ Ուգուջյանը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Արման Եղիազարյանը, Սլովակիայի Հանրապետությունից ուսանող Մատուշ Բարբուշչակը եւ հնագիտության ասպիրանտ Միլոշ Բորդաչը, կամավորներ Արտաշես Կյուրեղյանը, Արամ Չախմախչյանը, Կարինե Բաղդասարյանը եւ Մարիամ Մարգարյանը: Պեղումների ընթացքում օդից կատարված լուսանկարային աշխատանքների իրականանացման համար Օձաբերդի արշավախումբն իր խորին շնորհակալությունն է հայտնում Հարություն Հարությունյանին:
Կատարվող հնագիտական պեղումներին աջակցելու համար արշավախումբը մեծապես շնորհակալ է հնագետ Արմինե Գաբրիելյանին: Արշավախմբում որպես օժանդակ աշխատողներ ընդգրկված են հիմնականում Արծվանիստ գյուղի մի խումբ երիտասարդներ: Պեղումներն ավարտվում են օգոստոսի 28-ին: Արշավախմբի ղեկավարն անչափ կարեւորում է պեղումների հետագա շարունակումը Օձաբերդում՝ մի հուշարձանում, որտեղ դեռեւս 1860-ական թվականներից սկսած ուսումնասիրություններ են կատարել համաշխարհային հռչակի տեր հնագետներ՝ բացահայտելով հնագիտության ու հայագիտության համար բազմաթիվ կարեւորագույն տեղեկություններ: Օձաբերդը, ինչպես վկայում է ամրոցի հյուսիսային ժայռին պահպանված ուրարտական սեպագիր արձանագրությունը, կառուցվել է Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի կողմից, Քրիստոսից առաջ 8-րդ դարում:
Այն սեպագիր արձանագրության մեջ հիշատակված է «Տարերքի աստծո (Թեյշեբայի) քաղաք» անվամբ: Թեյշեբաինին կամ Օձաբերդը դարձել է մի կարեւոր կետ, որտեղից Ուրարտուի տիրակալները հսկել են Սեւանի հարավային ավազանի երկայնքով մեկ տարածված ամրոցների շղթան, ինչպես նաեւ՝ դեպի Սոթքի ոսկու հանքեր եւ Արցախ տանող ռազմաստրատեգիական ճանապարհը: Նախորդ տարիների ընթացքում այստեղ հնագիտական պեղումներին մասնակցել են հնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից, Ավստրալիայից եւ այլ երկրներից, ովքեր եւս կարեւորել են պեղումների հետագա շարունակությունը: Պեղումների ընթացքը դիտելու համար այստեղ ժամանել են հարյուրավոր զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից:
«Վերջին տարիների պեղումները մեզ կարեւոր տեղեկություններ են տալիս ուրարտական եւ հետուրարտական դարաշրջանների մասին: Իսկ այս տարվա պեղումների արդյունքները մեկ անգամ եւս եկան ապացուցելու, որ Օձաբերդը պատմագիտական ու պատմամշակութային հզոր պոտենցիալ ունեցող հուշարձան է, տպավորիչ կառուցվածքով ու հետաքրքիր մտահղացումներով, որն իր ուրույն տեղն ունի Հայկական լեռնաշխարհի նմանատիպ հուշարձանների շարքում: Եվ եթե հետագա պեղումներն այստեղ ավելի մեծ ծավալով շարունակվեն, բացվեն նոր կառույցներ, ապա դրանք պետք է ամրակայվեն, տարածքում ստեղծվեն որոշակի ենթակառուցվածքներ, ինչի դեպքում էլ մոտ ապագայում Օձաբերդը կարող է դառնալ պատմամշակութային եւ հնագիտական տուրիզմի կարեւոր ու հայտնի կենտրոն այս տարածաշրջանում»,-ամփոփեց արշավախմբի ղեկավար Միքայել Բադալյանը:
Խոսրով Խլղաթյան