Սիրիա Իրանի պաշտպանության նախարարի այցը, թերևս, միանշանակ չի ընկալվել
Պաշտոնական այցով Սիրիայում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ամիր Հաթամին։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, պաշտպանական ոլորտում։ Իրանական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Սիրիային նաև սպառազինությունների մշակումների հարցում։
Պետք է նշել, որ Իրանի պաշտպանության նախարարի այցը Սիրիա խորհրդանշական է մի քանի իմաստով. նախ՝ Թեհրանն այս այցով ձգտում է շեշտադրել, որ շարունակում է պահպանել իր ռազմական, ռազմաքաղաքական ներկայությունն ու դիրքերը Սիրիայում և չի պատրաստվում ընկրկել Իսրայելի և ԱՄՆ-ի ճնշումներ ներքո։
Երկրորդ՝ այցելությունն իսկապես խորհրդանշական պետք է համարել Իրանի նկատմամբ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների սահմանման գործընթացի մեկնարկի համատեքստում։ Իրանական կողմը սրանով ընդգծում է, որ չնայած ամերիկյան տնտեսական պաժամիջոցների սահմանմանն ու Իրանի տնտեսության վրա դրա հնարավոր բացասական հետևանքներին, Իրանը տիրապետում է դրանց դիմագրավման համար անհրաժեշտ մեխանիզմների և չի պատրաստվում զիջել դիրքերը Մերձավոր Արևելքում։
Եվ երրորդ՝ իրանական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ պահպանելու Սիրիայում ՌԴ-ի ու Թուրքիայի հետ համատեղ հակաահաբեկչական պայքարի եռակողմ ձևաչափը։
Այս այցելությունն իրականում մտահոգության տեղիք է տվել Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավար շրջանակներում, որոնք փորձում են թուլացնել ու ետ մղել, հեռացնել Իսրայելի հետ անմիջական սահմանից իրանական ռազմական ազդեցությունը։ Այս հարցում Իսրայելը կարողացել է գործակցություն հաստատել նախ՝ ՌԴ ուժային-անվտանգային ծառայությունների հետ, և կա որոշակի առաջընթաց այդ ուղղությամբ։
Այս ամենով հանդերձ, կարող ենք արձանագրել, որ Սիրիա Իրանի պաշտպանության նախարարի այցը, թերևս, միանշանակ չի ընկալվել նաև Ռուսաստանում։