«Կանցլերն ունի թե՛ քաղաքական, թե՛ զուտ մարդկային հետաքրքրություն՝ ծանոթանալու Հայաստանի հետ այս տարվա գարնանը տեղի ունեցած իրադարձություններից հետո»

Հարցազրույց Կովկասի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի քաղաքական վերլուծաբան, վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի հետ

– Պարոն Վասաձե, ի՞նչ ակնկալիքներ կան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջան այցից, նա ի՞նչ կբերի և ի՞նչ կտանի իր հետ։ Բեռլինը ցանկանում է բարձրացնե՞լ իր դերը Հարավային Կովկասում։

– Խնդիրն այն է, որ Հարավային Կովկասը՝ որպես միասնական աշխարհաքաղաքական տարածք, գոյություն չունի։ Տարածաշրջանի բոլոր 3 պետություննները քաղաքական կոորդինատների տարբեր համակարգերում են։ Վրաստանը Եվրոպական միության ասոցիացված անդամ և ՆԱՏՕ-ի ասպիրանտ-անդամ երկիր է։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի անդամ է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այդ երկիրն ունի արտադաշինքային կարգավիճակ։ Այդ պատճառով յուրաքանչյուր երկրի համար Մերկելը կբերի և կտանի լիովին տարբեր բաներ։

– Ի՞նչ օրակարգ պետք է սպասի Գերմանիայի կանցլերին, մասնավորապես, նոր Հայաստանում, և ի՞նչ դեր կունենա Ռուսաստանը հայ-գերմանական քննարկումներում՝ ուղղակի՞, թե՞ անուղղակի։

– Հայաստան նրա այցելության օրակարգն առաջին հերթին ճանաչողական է։ Վստահ եմ՝ կանցլերն ունի թե՛ քաղաքական, թե՛ զուտ մարդկային հետաքրքրություն՝ ծանոթանալու Հայաստանի հետ այս տարվա գարնանը տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Բացի այդ, Հայաստանը ԵՄ-ի հետ կնքել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, և վստահ եմ՝ դրա իրականացման ընթացքը նույնպես քննարկման առարկա կդառնա։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, չի կարելի խոսել Հայաստանի մասին կամ հայկական ղեկավարության հետ և նկատի չունենալ Ռուսաստանին։ Բնական է, այդ հարցը նույնպես կշոշափվի, սակայն չեմ կարծում, որ այն կլինի գլխավորը։

– Անգելա Մերկելին և Վլադիմիր Պուտինին հաջողվե՞ց որևէ պայմանավորվածություն ձեռք բերել օգոստոսի 18-ին։

–  Դա լավ հայտնի է բոլորին՝ Պուտինն ու Մերկելը ոչ մի պայմանավորվածություն ձեռք չեն բերել և չէին էլ կարող ձեռք բերել։ Ամենայն հավանականությամբ, գլխավոր թեման Հյուսիսային հոսք -2 գազատար խողովակաշարն էր, բայց այստեղ Մերկելը միայն կողմ է, ինչպես և Պուտինը, բայց խնդիրն այն է, որ ԵՄ անդամ շատ այլ պետություններ և ԱՄՆ-ը դեմ են։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա այստեղ Մերկելն ու Պուտինն այնքան ծայրահեղ հակառակ դիրքորոշում ունեն, որ չեմ կարծում, թե կարող էր անգամ քննարկման առարկա լինել, ուր մնաց՝ ինչ-որ պայմանավորվածություն։

– Ինչո՞ւ Անգելա Մերկելը համակերպվեց, երբ Ադրբեջանն արգելեց նրան Բաքու ժամանել գերմանական պատվիրակության անդամ, նույն Մերկելի կուսակցության անդամ և գերմանական խորհրդարանի պատգամավոր Ալբերտ Վայլերի հետ, որովհետև նա եղել է Ղարաբաղում։ Դա ինչպե՞ս կազդի գերմանաադրբեջանական հարաբերությունների վրա:

– Ի՞նչ է նշանակում՝ համակերպվեց։ Մերկելը դաշնային կանցլեր է՝ հսկա փորձառությամբ, և նա շատ լավ հասկանում է, որ պարոն պատգամավորը խախտել է Ադրբեջանի օրենքը։ Այն, որ նրան արգելել են մուտք գործել երկիր, լիովին սպասելի էր։ Հարցը կարող է այլ կերպ հնչել՝ ով է արջի ծառայություն մատուցել կանցլերին՝ այդ պատգամավորին ընդգրկելով Բաքու այցելող պատվիրակության կազմում։

Իսկ թե դա ինչպե՞ս կազդի գերմանաադրբեջանական հարաբերությունների վրա, իհարկե՝ ոչ մի կերպ։ Մերկելը Բաքվում քննարկելու է իր համար սուրբ ոլորտի՝ էներգետիկայի հարցեր, այնպես որ, պատգամավորի հետ կապված միջադեպը կմոռանան՝ ինչպես տհաճ թյուրիմացություն։ Առավել ևս, որ Մերկելի գրպանում այլ հաղթաթղթեր կան Ալիևի հետ բանակցությունների համար։

Տեսանյութեր

Լրահոս