«Ներկայիս ԱԱԾ պետի կողքին երբեմն նստում են այն պաշտոնյաները, ովքեր Ռոբերտ Քոչարյանի օրոք ինձ և իմ ընտանիքին հետապնդում էին». Րաֆֆի Հովհաննիսյան

«Պարոն Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ՝ որտեղ ուզում է և որտեղ արժանի է, դա լինի քաղաքականությունը թե բանտը, իմ որոշելիքը չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ես ինքս՝ որպես նախկին իրավաբան, ասել եմ, որ այս դատավորը որքան պատրաստված է, լավ կրթություն ունի, պարտավոր էր ինքնաբացարկ հայտարարել, որովհետև կար հրապարակային տպավորություն, ինչն ինքնին դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունն իջեցնում է։ Իհարկե, բացթողում է, որ Դատախազությունն ինքն այդ ինքնաբացարկը չպահանջեց»,- ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ հեղափոխությունն անկատար է, չի ամբողջացել, մտահոգության տեղիք կա, բայց չի ցանկանում ֆետիշացնել երկրորդ նախագահի հանգամանքը՝ որպես երկրորդ բևեռի ստեղծում.

«Բոլոր նախկին և ներկա իշխանավորները պետք է պատասխան տան իրենց կատարած հանցագործությունների համար»։

Կարդացեք նաև

Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքը, ըստ նրա՝ կա, հիմա պետք է ապացուցվի. «Իրավական համակարգը պետք է դա լուծի։ Ակնհայտ է, որ այս որոշումը պետք է կայացնի դատարանը, և Քոչարյանը պետք է լինի այնտեղ, որտեղ արժանի է։ Չեմ կարծում, որ Քոչարյանի «վերադարձի» մեջ քաղաքական վտանգ կա։ Անհարկի խուճապի կարիք չկա այս փուլում»։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ Փաշինյանի հայտարարած անցումային արդարադատություն ասվածը գուցե վերածվի լինչի դատաստանի, նա այսպես պատասխանեց.

«Նախ՝ պարզ չէ, թե դա ինչ համակարգ է, ինչ մոդելով պետք է լինի։ Հարավային Աֆրիկայում եղել են ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովներ, որոնք քննության են առել մարդու իրավունքների բոլոր խախտումները՝ այդ երկրի դժնդակ պատմության ընթացքում։ Այդ հանձնաժողովները բարձրացրել են հանրային վստահությունն ու լուծում տվել այդ հարցերին։

Մեզ մոտ 1995 թվականից հետո մենք չենք ապրում դե յուրե Հայաստանում, և ցանկացած անցումային արդարադատության փորձ պետք է նկատի առնի այդ ամբողջ պատմության ընթացքում կատարված մարդու իրավունքների խախտումները։ Այս ճանապարհով եթե գնան, պետք է ենթադրենք, որ պետական ողջ մարմինը պետք է ենթարկվի լյուստրացիայի։ Այսինքն՝ պետական բոլոր բարձրաստիճան այրերը, իրավապահ համակարգի ղեկավարները, գործակալները, ովքեր մասնակցություն ունեն այս կամ այն դեպքի մեջ, պետք է բացվեն և հրավիրվեն քննության։ Սա ինքնին քաղաքական կամք պահանջող ամբողջական մոտեցում է»։

Նրա դիտարկմամբ՝ ներկայիս ԱԱԾ պետի կողքին երբեմն նստում են այն պաշտոնյաները, ովքեր Ռոբերտ Քոչարյանի օրոք իրեն և իր ընտանիքին ոչ միայն հետապնդում էին, այլ օդանավակայանում իր երեխաների տետրերը բացում ու գաղտնի ծածկագրեր էին փնտրում. «Իսկ այդ նույն մարդիկ հիմա նաև այլ հրահանգի տակ են»։

Տեսանյութեր

Լրահոս