«Ազատագրված ու պահված հողերը հենց հիմա իրենց տեղում են, և դրանք պահելու գործառույթն այս պահին Փաշինյան Նիկոլի ուսերին է»
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանրահավաքը հանրահավաք, հռետորաբանությունը` հռետորաբանություն, բայց կան հարցեր, որոնք կարմիր գծեր ունեն և դրանց անցումը ոչ միայն փաստերի պարզ խեղաթյուրում է, այլև վտանգավոր է պետության ու պետականության համար: Անհասկանալի մնաց, թե ու՞մ ի նկատի ուներ Փաշինյան Նիկոլը` նշելով, թե «հող տալու բանակցություններ են վարել»: Եթե չեմ սխալվում, Փաշինյանից առաջ արցախյան հիմնահարցով բանակցողներից միակը, ով հող տալու կողմնակից է եղել և կա, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է, որին իշխանության բերելու 2008-ի շարժման առանցքային դեմքերից էր հենց Փաշինյան Նիկոլը:
Սա շատ կարևոր հանգամանք է: Չգիտեմ, թե հողերը ազատագրելու և պահելու գործում ի՞նչ ներդրում ունի Փաշինյան Նիկոլը, բայց աշխարհն էլ փուլ գա, միևնույնն է` փաստը մնում է փաստ, որ այդ հողերը ազատագրելու և պահելու գործում ավելի մեծ ներդրում ունեցող չի եղել, քան 1989-1993 թթ. ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավար, Ադրբեջանի հետ 1994-ի զինադադարի պայմանագիրը ստորագրած 1993-1995թթ. ՀՀ Պաշտպանության նախարար, Անվտանգության և Պաշտպանության գերատեսչությունները երկար տարիներ ղեկավարած, այնուհետև 2008-2018թթ. ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափում Ադրբեջանի հետ բանակցած ՀՀ երրորդ նախագահ ու Զինված ուժերի գլխավոր-գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը: Երբեք բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի ղեկավարն իրեն այդքան անհարմար չի զգացել, ինչպես Հայաստանի երրորդ նախագահի հետ բանակցելու շրջանում: Դրա ակնհայտ ցուցիչը վերջին տարիներին Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի տապալման փորձերն էին, քանզի Հայաստանի ղեկավարը արցախյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված այս միակ ձևաչափում փաստացի այնպիսի իրավիճակում էր դրել Ադրբեջանին, որ Ալիևի մոտ կարծրացել էր համոզմունքը, որ այս ձևաչափում չի կարողանալու ադրբեջանանպաստ պայմանավորվածություններ կորզել` ստիպված լինելով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը տապալելու փորձեր անել և բանակցային ձևաչափը տեղափոխել այլ հարթակներ: Մինչ օրս չի կարողացել, հուսանք` ապագայում նույնպես չի կարողանալու:
Ի դեպ, ազատագրված ու պահված հողերը հենց հիմա իրենց տեղում են, և դրանք պահելու գործառույթն այս պահին Փաշինյան Նիկոլի ուսերին է: Սա փաստ է, հողերը` բանակցային գործընթացով հանդերձ, փոխանցվել է Փաշինյան Նիկոլին: Այս պահին ինձ համար դժվար է հասկանալ, թե արցախյան բանակցություններում ի՞նչ գործընթաց է ցանկանում ծավալել Փաշինյանը, ինչպե՞ս և ո՞ր ուղղությամբ կզարգանան իրադարձությունները, բայց մի բան ակնհայտ է` հողերն իրենց տեղում են և դրանք պահելու գործում ես Փաշինյան Նիկոլին զորավիգ եմ: Այլ բան, որ համաշխարհային պատմությանը հայտնի չեն փաստեր, որ ազատագրված հողերը պահվեն լոկ միայն հանրահավաքային հռետորաբանությամբ կամ որ ավելի սարսափելի է` ամբոխավարությամբ ու ամբոխահաճո հայտարարություններով ու բառախաղերով: Ոչ վաղ անցյալում մեր տարածաշրջանում նման երևույթների ականատեսը եղել ենք` ի դեմս Զվիադ Գամսախուրդիայի և Աբուլֆազ Էլչիբեյի: Երկուսն էլ հիանալի ամբոխավարներ էին, երկուսն էլ հիմանալի հանրահավաքներ էին անցկացնում: Երկուսն էլ լավ խոսել գիտեին, բայց գործից` մի տեսակ կաղում էին(մեղմ ասած): Տա Աստված, մենք` որպես պետականություն ու որպես ազգ, այս ծուղակում չհայտնվեք և գոնե այս հարցում հանկարծ չկաղանք: Պատերազմներում չեն հաղթում հանրահավաքներով ու հանրահավաքային հռետորաբանությամբ, պատերազմներում հաղթում են համակարգերով և ինստիտուտներով` կարգապահ ու կանոնավոր բանակներով և հմուտ դիվանագիտական ապարատներով: Մնացածն անցողիկ է` անցումային արդարադատություններով և պատմության ռևիզիոնիստական մոտեցումներով: Ամենակարող ժամանակն ամեն բան իր տեղն է դնում, չկասկածեք»: