«Երեխային չագուչ տուր, աշխարհում ամեն ինչ մեխ է թվալու». Ռոբերտ Քոչարյանը՝ կառավարության մասին
«Փաստաբանների թիմը, որին նաև ակտիվ ես էի մասնակցում, ուղղակի ջախջախել են մեղադրանքը, քարը քարի վրա չեն թողել այդ մեղադրանքից: Սա այն դեպքը չէ, որ ասես՝ մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ է կամ ուժեղ է: Սա այն դեպքն է, երբ ամբողջ մեղադրանքը կառուցված է կեղծ, արհեստական ապացույցների վրա, ավելի շատ՝ եզրակացությունների վրա»,- այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշեց, որ ցավոք, չի կարող խոսել կոնկրետ գործի մասին, քանի որ կա նախաքննական գաղտնիք:
Անդրադառնալով դիտարկմանը, որ նախորդ հարցազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ կանոնավոր բանակի որևէ հրաձգային միջոց չի կրակել մարտի 1-ին, սակայն ՀՔԾ-ն և ԱԱԾ-ն օրերս հայտնեցին, որ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում գտնվել են ավտոմատներ, որոնք կարող է՝ մարտի մեկի դեպքերին օգտագործված լինեն և հարցին՝ գործադրվե՞լ են ոչ օրինական կազմավորումներ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Մարտի 2-ին և′ պաշտպանության նախարարը, և′ մր անվտանգության ծառայության պետը զեկուցել են, որ բանակը որևէ բախումներ չի ունեցել ցուցարարների հետ: Ես ամբողջ այդ գիշեր եղել եմ նախագահականում:
Այն փաստը, որ բանակի որևէ զինծառայող որևէ մարմնական վնասվածք չի ստացել, վկայակոչում է նրա մասին, որ բախում չի եղել: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի եղբոր տարածքում զենքերին, կարող է: Իմ ամբողջ մեղադրականը կառուցված է «կարող է այսպես, կարող է այսպես կամ այնպես»: Առաջինը երևի պետք է իրենք համբերեն, միայն փորձաքննությունից հետո խոսեն, իրենց ուզած ուղղությամբ սպասելիքներ են ձևավորում ժողովրդի մոտ՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքերը»:
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ սա վայել չէ պետական մարմնի կեցվածքին՝ զգայուն քրեական գործի հետ:
Պաշտոնաթող նախագահն, անդրադառնալով ներկայիս իշխանությունների տնտեսական քաղաքականությունը, նշեց, որ ոչինչ չի տեսնում, քանի որ չկա տնտեսական քաղաքականություն. «Ես որևէ փաստաթուղթ չեմ հանդիպել, որից կարող եմ եզրակացություն անել, թե ինչ է ուզում անել այս կառավարությունը տնտեսական ոլորտում: Չկա այդպիսի փաստաթուղթ: Եվ երբ լսում եմ տարբեր ղեկավարներին… ես նաև մեծ կասկած ունեմ, թե կա այն պոտենցիալը, որը կարող է այսպիսի փաստաթուղթ մշակել: Տնտեսական քաղաքականություն Հայաստանում չկա: Կա կարգախոս՝ պայքար կոռուպցիայի դեմ, ինչը շատ լավ է: Բայց կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսական քաղաքականություն չէ, և միայն բռնելով չեն պայքարում կոռուպցիայի դեմ: Դա կոռուպցիայի դեմ պայքարի մի կտորն է»: Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ կոռուպցիա կա նաև Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում՝ այլ ծավալով, բայց կոռուպցիայի դեմ պայքարը միայն «մարդկանց բռնել, բաց թողնելը չէ», ուժ ցուցադրելու գործողություն չէ: Պետք է լուրջ քայլեր անել:
Դիտարկմանը, թե «ժողովուրդն ասում է՝ կարևորը մթնոլորտն է, կարևորը տեսա՝ սրան բռնեցին, նրան բռնեցին», Ռ. Քոչարյանն արձագանքեց. «Շատ լավ: Ուրեմն թող ապրեն այդ մթնոլորտով: Երբ սառնարանում վիճակը շատ ավելի կվատանա, այդ դեպքում մի հատ կլսենք նույն ժողովրդին»: Քոչարյանը նաև հույս հայտնեց, որ կծնվի տնտեսական քաղաքականություն. ըստ նրա՝ որևէ լուրջ ներդրում չի լինի Հայաստանում, մինչև ներդրողը չհասկանա՝ ինչ կարգի տնտեսական քաղաքականություն է իրականացնելու այս կառավարությունը:
Ռոբերտ Քոչարյանն ասաց նաև, որ երեք օր է՝ կառավարությունը զբաղված է «միտինգի նախապատրաստմամբ»: «Ես ժամանակ չեմ ունեցել, կոպիտ ասած, քիթս մաքրելու, որտեղի՞ց այդ ժամանակը կառավարությանը՝ այսօրվա իշխանավորերին՝ երեք օր զբաղվում են միտինգով:
Մարդիկ զբաղվում են նրանով, ինչը հասկանում են, այսպես ասենք՝ իրենց կոմֆորտային գոտին սա է: Մարդը միշտ ձգտում է իրեն տեղափոխել այն ոլորտ, որից ինքն ինչ-որ բան է հասկանում: Ասում են՝ երեխային չագուչ տուր, աշխարհում ամեն ինչ մեխ է թվալու: Չի կարելի, իրենք պետք է զբաղվեն առաջին հերթին իրենց գործով: Փորձ չունեն, բայց կա ինստիտուցիոնալ հիշողություն հասկացողություն: Ոչ թե միայն նախարարներին ու փոխնախարարներին, վարչության պետերին են փոխել, չեն թողել մարդկանց, ումից կարելի է սովորել: Նորի ու փորձառուի շղթան պետական համակարգում խախտված է: Սա դասական հեղափոխական մոտեցում է՝ մենք եկել ենք, ովքեր մերոնքական չեն, պետք է դաշտը մաքրենք, մերոնքականներին բերենք: Նույնը արել է ՀՀՇ-ն ժամանակին, ես նման բան չեմ արել»: