«Բարոյահոգեբանորեն պատրա՞ստ ենք». Երևանի ավագանու ընտրությունների օրը կնշանակի ԿԸՀ-ն

Այսօր կառավարության նիստում հաստատվեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու մասին որոշումը: ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ ընտրությունների օրը հայտարարելու է ԿԸՀ-ն, ոստիկանությանը հատկացվելու է գրեթե 87.7 մլն դրամ:

«ԿԸՀ-ն նիստ է անում հրապարակումից հետո և 30-40 օրվա ժամկետում նշանակում է ընտրությունների օրը»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ տեխնիկապես պատրա՞ստ ենք ընտրությունների անցկացման համար և ստացավ դրական պատասխան:

«Իսկ բարոյահոգեբանորե՞ն»,- ծիծաղալով հարցրեց Ն.Փաշինյանը:

«Պատրաստ ենք»,- պատասխանեց նախարարը:

Վարչապետը նկատեց, որ հեղափոխությունից հետո առաջին անգամ է այս մասշտաբի ընտրություններ անցկացվելու և բոլորը գիտակցում են, որ դրանք պետք է լինեն բացառիկ՝ օրինականության, թափանցիկության առումով.

«Առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունը և օրինականությունն ապահովելը: Եվ ես ուզում եմ ևս մի անգամ ընդգծել՝ խնդիրները շատ հստակ են դրված, ընտրակեղծարարների խմբերը որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ իրենց կարծիքով անելիք ունեն, գալիս է իրավապահների արագ գործողությունների ժամանակը»:

Ն.Փաշինյանի խոսքով՝ ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, և որևէ դեպք չպետք է մնա առանց պատասխանատվության:

Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիների կամքի վրա որևէ անօրինական ազդեցություն պետք է բացառվի:

«Ես վստահ եմ, որ ամեն ինչ հենց այսպես էլ տեղի կունենա, և որևէ հայտնի խմբեր չեն տրվի գայթակղությանը: Եթե տրվեն, ՀՀ օրենքն ասում է՝ ինչ պետք է անեն իրավապահ և պետական մարմինները»,- ասաց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս