
Արաս Օզբիլիսը տեղափոխվեց «Վիլլեմ II»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են թուրքական «Բեշիքթաշ»-ին, վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Հոլանդիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Վիլլեմ II» ակումբ: Այդ մասին հաղորդում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը:
Վարձակալությունը նախատեսված է 2018-19թթ. մրցաշրջանի համար:
28-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու 7 համարի մարզաշապիկով:
«Վերջին տարիներին ես քիչ եմ խաղացել: Ինձ համար շատ բարդ է եղել, բայց այժմ ցանկանում եմ վայելել ֆուտբոլը: «Վիլլեմ II» տեղափոխությունն ինձ համար գիտակցված որոշում է»,- ասել է Օզբիլիսը:
«Վիլլեմ II»-ի առաջիկա հանդիպումը կայանալու է օգոստոսի 17-ին՝ «Գրոնինգեն»-ի հետ: