«Հիմա մի քիչ շատ են գործեր հարուցվում, որոնք հետո շատ ավելի անկախ եվրոպական դատարաններում Հայաստանին պատիվ չեն բերի»

Հարցազրույց Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ

– Պարոն Ենոքյան, օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հանրահավաք, ո՞րն է նպատակը։

– Ես կարծում եմ՝ այդ հանրահավաքի համար մի քանի նպատակ կա. առաջինը՝ կրկին ապացուցելն է բոլորին՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժերին, թե ինչ բարձր է լեգիտիմությունը, երկրորդը՝ այնտեղ անպայման անդրադարձ կլինի Երևանի քաղաքապետի ընտրություններին, որովհետև «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջ քաշված թեկնածուի նկատմամբ ոչ միարժեք ընկալում կա երևանցիների շրջանում, և, իհարկե, կառավարման 100 օրը։ Նիկոլ Փաշինյանը պետք է հաշվետու լինի՝ ինչ է արել այս ընթացքում։ Շատ է խոսվում այն մասին, որ նրա կառավարությունը չունի քաղաքական գիծ, միգուցե կխոսի, կնշմարի այդ քաղաքական գիծը, և կարծում եմ, կլինեն պատասխաններ որոշ խնդրահարույց խնդիրների, այդ թվում՝ արտաքին քաղաքականության բնագավառում։ Այնպես որ, բազմաթիվ խնդիրներ կան, որ այդ հանրահավաքով նպատակ ունի լուծել Նիկոլ Փաշինյանը։

– Փաստորեն, Երևանի ավագանու ընտրությունները «Քաղաքացիական պայմանագրի» համար առաջին փոքր քննությունն է լինելու խորհրդարանական մեծ քննությունից առաջ։

– Այո։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, մոդելը ճշգրիտ չէ։ Դա կլինի որոշակի ուժերի ցուցադրություն, որոշակի ուժերի հաշվարկ, բայց, իհարկե, համապետական ընտրություններն ունեն շատ ու շատ ուրիշ նյուանսներ։ Եթե մենք նպատակ ենք դրել անցկացնել արդար ընտրություններ մեծ ընդմիջումից հետո, կարծում եմ՝ այդ փորձարկումը շատ կարևոր կլինի, թե քաղաքական ուժերն ինչպես են աշխատելու, ինչ գործիքներով են աշխատելու, և այս ընտրությունների ժամանակ դա կերևա։

– Այս օրերի գլխավոր քննարկվող թեման Մարտի 1-ի գործն է՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորում, Արմեն Գևորգյանի դեմ մեղադրանք, և այլն։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին։

– Մարտի 1-ի գործը մեծ քաղաքական հանցագործություն է, որը կունենա բազմաթիվ իրակավական ու քրեական արտահայտություններ, և, իհարկե, բնական է, որ այն ժամանակվա ողջ քաղաքական էլիտան իր մեղքի բաժինն ունի այս ամենի մեջ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը։ Այլ հարց է, որ իրավական հիմնավորումները բավականաչափ ուժեղ չեն։ Ես կարծում եմ, որ այստեղ լուրջ աշխատանք կա անելու թե՛ Դատախազությանը, թե՛ քննչական մարմիններին, որովհետև այդքան հանցանք գործածները հաստատ կունենան շատ ավելի մեղքեր և դրանց ապացույցներ, քան հիմա ներկայացվում է։ Մասնավորապես՝ Արմեն Գևորգյանի համար որպես ապացույց՝ ներկայացվում է մամուլի հրապարակումը, մասնավորապես՝ «Վիկիլիքսի» արտատպած նյութերը, որը, ես կարծում եմ, լուրջ իրավական քննություն չի կարող բռնել։

– ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանն էլ այսօր հայտարարել է, թե ինքը չի ասել, որ իր նկատմամբ ճնշումներ են եղել։

– Այո, եթե վերցնենք «Վիկիլիքսի» հիման վրա նյութեր հարուցելը, ես կարող եմ մի անձնական օրինակ բերել. «Վիկիլիքսը» հրապարակեց, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ճնշումներ է գործադրել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի վրա, որպեսզի ինձ ազատի աշխատանքից։ Հիմա ես շատ լավ հասկանում եմ, որ այդ հիմնավորումով ես չեմ կարող մտնել դատարան և վերականգնել իմ աշխատանքը, կամ՝ այդ հիմնավորումով Դատախազությունը չի կարող մտնել դատարան և նրա հանդեպ հետապնդում սկսել՝ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու հոդվածով։ Կարծում եմ՝ շատ ավելի լուրջ հիմնավորումներ էր պետք գտնել, քան «Վիկիլիքսը»։

– Իսկ միջազգային պրակտիկայում եղե՞լ է դեպք, որ «Վիկիլիքսի» նյութերի հիման վրա գործ հարուցվի։

– Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ և չեմ կարծում, որ որևէ արդար կամ անկախ դատական համակարգում դա կարող է հիմք հանդիսանալ, որովհետև հիմա այդ ամեն ինչն ապացուցելու համար ի՞նչ պետք է անեն, ամերիկյան պաշտոնյաների՞ն պետք է հարցաքննության հրավիրեն։ Ես կարծում եմ՝ դա անհեթեթ է։

– Հայաստանում լրատվամիջոցի հրապարակման հիման վրա, դա նաև ՀՔԾ պետն ասաց, հարուցվում է քրեական գործ, ապա դատավարական գործընթացներով ապացույցներ են ձեռք բերվում։

– Խնդիրն այն է, որ հիմա մի քիչ շատ են գործեր հարուցվում, որոնք հետո, եթե նույնիսկ հայկական դատական համակարգում աշխատեն, ապա շատ ավելի անկախ եվրոպական դատարաններում Հայաստանին պատիվ չեն բերի։ Այնպես որ, կարծում եմ՝ շատ ավելի լուրջ ապացուցողական հիմքեր պետք է գտնել։

– Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն էլ խոսեց Եվրոպական դատարանի մասին և, պարզ է, որ այդ գործը կհասնի ՄԻԵԴ։

– Ես կարծում եմ, որ եթե Քոչարյանի գործի քննությունը գնա այս պայմաններում, երբ Քոչարյանը գտնվում է բանտում, այստեղ հնարավոր կլինի լրացուցիչ ապացույցներ գտնել։ Ես չգիտեմ, թե ինչպես կաշխատեն քննչական խմբերը, բայց Քոչարյանը, գոնե ինձ համար, քաղաքականապես 100 %-ով մեղավոր է։ Պետք է գտնել դրա իրավական ապացույցները։

– Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հանրությունը քննադատում է Քոչարյանի փաստաբաններին՝ նրան պաշտպանելու համար, և նշել էր, թե Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ փաստաբաններին չէին ճնշում։ Ի՞նչ է փոխվել հիմա։

– Ես կարծում եմ, որ այդ ամբոխավարական մեթոդներով դատական իշխանությունների հետ աշխատելն անընդունելի է, որովհետև եթե խնդիրն անկախ դատարանն է, դա նույնիսկ իշխանության կարևորագույն ֆունկցիան է՝ ապահովել, որ նման ճնշումներ չլինեն, որովհետև միայն այդ դեպքում է երաշխավորված արդար դատավարությունը։ Այսինքն՝ այն, որ վարչապետն ասաց, թե ինքը դատավորներին չի զանգում, դա դեռ բավարար չի, որպեսզի դատավորներն անկախ լինեն։ Դատավորները, փաստաբանները, դատախազները պետք է զերծ լինեն նման ճնշումներից և դա, կարծում եմ, պետության, իշխանությունների գործն է։

– Հիմա, փաստորեն, ստացվում է, որ Քոչարյանից հանրային դժգոհությունը տարածվում է նրա փաստաբանների վրա։

– Այո, և նայեք, օրինակ, «Սասնա ծռերի» գործով մենք ակնհայտորեն տեսանք, որ որոշումը կայացվեց ամբոխի ճնշման տակ։ Եվ, կրկնում եմ, նման բան անթույլատրելի է։

Տեսանյութեր

Լրահոս