«Վարդա» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է
Օգոստոսի 6-ին՝ ժամը 5-ն անց 45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում դիակ կա։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության, նաև այլ իրավապահ կառույցների ծառայողները պարզել են, որ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանը սպանվել է։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկեցին ծավալուն հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով առանձնապես ծանր հանցագործությունը։
Նախնական տվյալներով՝ Սահակյանի և մոտակայքում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի տնօրենի միջև, հենց ակումբի դիմաց, վեճ է տեղի ունեցել։
Այդ ընթացքում Սահակյանը գիշերային ակումբի տնօրեն՝ 34-ամյա Խաչատուր Արոյանին դանակով մի քանի անգամ հարվածել է։ Տնօրենը ևս դանակով հարվածել է Սահակյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է, Արոյանն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: