Կոնսենսուս կա տարածքային ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու շուրջ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցում ընդհանուր համաձայնություն կա տարածքային ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու շուրջ։ ՀՀ վարչապետին առնթեր Ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը 168.amի հետ զրույցում նշեց, որ խոսքը միայն տարածքային ռեյտինգայինից հրաժարվելու հարցում կոնսենսուսի մասին է։

«Դեռևս հստակ, գոնե խորհրդարանական ուժերի շրջանում համաձայնություն չկա առհասարակ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մասով։ Այսինքն՝ մի մասն ասում է՝ համապետական ռեյտինգային, մի մասն ասում է՝ ընդհանրապես մերժում ենք ռեյտինգայինն ու անցնում պարզ համամասնականի։ Ըստ էության նույն տեսակետին է այս պահի դրությամբ նաև մեր հանձնաժողովը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ կառավարության ծրագրում գրված է՝ հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից և ամբողջությամբ անցնել համամասնական ընտրակարգի, որը ենթադրում է փակ ցուցակներ, այլապես գրված կլիներ՝ «հրաժարվել տարածքային ռեյտինգայինից» կամ «անցնել համապետական ռեյտինգայինի»։

Խնդիրը, նրա խոսքով, թեկնածուների ռեյտինգավորման մեխանիզմից հրաժարվելն է։

Ըստ Դ. Իոաննիսյանի՝ այժմ կառավարական հանձնաժողովը ստացել է խորհրդարանականների առաջարկները, որոնք դիտարկում և քննարկում են և առաջիկա նիստին դրանց հետ կապված որոշում կկայացնեն։

Նրա խոսքով՝ իրենք ավարտական տեսքի են բերում կոնցեպտը, որը հավանաբար մեկ շաբաթից կներկայացնեն հանրությանը, որից անմիջապես հետո կսկսեն աշխատել նախագծի վրա. «Նախագծի վրա շատ-շատ տեխնիկական աշխատանք կա կատարելու»։

Նա նշեց, որ ԱԺ-ից ստացել են 30-ից ավելի առաջարկ, որոնց մի մասին իրենք համաձայն են և ընդունել են, մի մասն ընդունելի չէ, մի մասն էլ մասամբ է ընդունելի։ Դ. Իոաննիսյանի խոսքով՝ մոտ 10 առաջարկ կա, որոնց հետ կապված հանձնաժողովը դիրքորոշում չունի և պետք է քննարկի։ Օրինակ՝ ընդունվել է ՀՀԿ-ի առաջարկը՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեախցում ավել քանակով ընտրաթերթիկներ լինելու մասին, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ է։ Չի քննարկվել կուսակցությունների՝ իրենց ապագա կաբինետը հրապարակելու մասին առաջարկը, ԿԸՀ-ում կուտակված ընտրագրավներից ո՞ր մասը կարող է օգտագործվել ամեն տարի։ Վարչապետին կից հանձնաժողովը համաձայն չէ խորհրդարանականների՝ միայն ID քարտերով քվեարկելու առաջարկի հետ։ Գաղափարն Իոաննիսյանը լավն է որակում, բայց գտնում է, որ այն հնարավոր չի լինի այս ընտրությունների ժամանակ իրացնել։ Մերժվել է նաև բազմակի քվեարկությունները բացառող համապետական միասնական ցանցի ստեղծման առաջարկը, որը ևս այս ընտրությունների համար անիրագործելի է։

ԶԼՄ-ների հավատարմագրումը պարզեցվելու է։ Դ. Իոաննիսյանը նշեց, որ ԶԼՄ գրանցվելու համար պետք է հայտատուն լրատվական գործունեություն իրականացնի, լինի իրավաբանական գրանցված անձ, ինչպես գործող ԸՕ-ում է նշված, պարզապես հանվում է սահմանափակումը, որ մինչև 50 լրագրողի կարող է հավատարմագրել մեկ լրատվամիջոցը։

Տեսանյութեր

Լրահոս