«Լավրովը չէր անի նմանօրինակ հայտարարություն ամենամտերիմ գործընկերոջ հասցեին, եթե դրա ետևում լուրջ խնդիր չլիներ». Տրոֆիմչուկ
168.am-ի զրուցակիցն է միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը
– Պարոն Տրոֆիմչուկ, ՀՀ իշխանությունների շատ ներկայացուցիչներ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը որակում են՝ որպես հստակեցման փուլ, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում նոր փուլ է սկսվել, Երևանը հետաքրքրված է Մոսկվայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության խորացմամբ, բայց պետք է լինեն իրավահավասար հարաբերություններ, Հայաստանն ինքնիշխան երկիր է, այս հարաբերություններում կան խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն` գազի գներ, զենքի վաճառք Ադրբեջանին, ՀՀ քաղաքացիների իրավունքները ՌԴ տարածքում, և այլն: Մեկ այլ շեշտադրում Փաշինյանի կողմից` ՌԴ դերակատարությունը ԼՂ հակամարտության գոտում, Հայաստանը լիահույս է, որ ՌԴ-ն թույլ չի տա պատերազմ ԼՂ-ում, որ Մոսկվան լծակների է տիրապետում: Այս ընթացքում եղան մի քանի միջադեպեր, որոնցից նշանակալին Փանիկի միջադեպն էր` Փաշինյանը հայտարարություն արեց, որ դա սադրանք էր հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, Հայաստանի անկախության ու ինքնիշխանության դեմ: Նոր իշխանությունները ցանկանում են վերացնել հարաբերություններում առկա անհամաչափությունը: Ինչպե՞ս է Մոսկվան ընկալում Երևանի այս տեսլականը:
– Երևում է` Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ ազդեցության նոր լծակներ է փնտրում, շոշափում է թեստային ռեժիմով: Ինչ վերաբերում է Քոչարյանի և Խաչատուրովի հետ կապված սցենարներին, ապա տեղի ունեցողը բացառապես ներհայաստանյան կոռուպցիայի դեմ պայքարով բացատրել չի ստացվում, քանի որ տվյալ անձինք ավելի լուրջ մակարդակով կապված են արտաքին քաղաքականության հետ, քան նախորդ կալանավորվածները: Ավելին կա, ինչպես կողքից է երևում, ավելի խոշոր կոռուպցիոն «ձուկ», քան նույն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է, որին նոր իշխանությունները, չգիտես թե ինչու, ձեռք չեն տալիս:
Մեծ հաշվով հայ-ռուսական հարաբերություններն ընթանում են սովորական հունով, բայց միևնույն ժամանակ՝ ակնհայտ ու արագ կերպով հակվում են ավելի մեծ անկանխատեսելիության ուղղությամբ: Թվում է, որ ՀՀ նոր ղեկավարը կիրթ քաղաքական քայլեր է իրականացնում նրանով, որ չի հրահրում Ռուսաստանին, բայց նաև ցույց է տալիս սեփական դիրքորոշումն առանցքային հարցերում: Մի շարք դեպքերում դա սկսում է դիտվել՝ որպես մարտահրավեր, և հենց այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, եղավ Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Կարծում եմ, որ այն կարելի է որակել՝ որպես նախազգուշացում:
Մոսկվան ցանկանում է հասկանալ` ինչի համար և ինչու են կոնկրետ քայլեր իրականացվում հայաստանյան նոր իշխանությունների կողմից: Չգիտեմ, թե այնտեղ ով ինչ է պայմանավորվել Մոսկվա-Երևան գծի վերաբերյալ ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ, սակայն ես անձնապես չէի հավատա ոչ մի խոսքի, քանի որ այդ մակարդակի քաղաքականության մեջ բառերին հավատում են միայն չափազանց միամիտները: Անհրաժեշտ են շատ ավելի լուրջ երաշխիքներ, թեև դրանք ևս քաղաքականութան մեջ վստահելիորեն չեն ապահովագրում ոչնչից:
Ուստի Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, ճիշտ է, երբ բավականին ուղիղ կերպով տեղի ունեցողը ներկայացնում է՝ որպես նոր փուլ երկկողմ հարաբերություններում: Պարզապես Մոսկվան իր համար պետք է այդ խոսքերը ճիշտ հասկանա և վերլուծի: Հայաստանը, բնականաբար, ինքնիշխան երկիր է և ներկայումս ցանկանում է հիշեցնել Մոսկվային դա՝ դուրս գալով սեփական հակակոռուպցիոն պայքարի շրջանակից և վերանայելով արդեն Հայաստանի նորագույն պատմությունը, հաշվի առնելով Քոչարյանի և Խաչատուրովի հասցեին քաղաքական մեղադրանքների բնույթը:
Ի դեպ, պարոն Փաշինյանն ակնհայտորեն հասկանում է նաև, որ սոցիալիստական հեղափոխություն տեղի չի ունեցել, իսկ արևմտյան տիպի ժողովրդավարությունն ամենուր լցված է կոռումպացված գործիչներով, նույնիսկ առանց սարգսյանների և քոչարյանների: Ուստի եկեք սկզբի համար տարանջատենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցը և այն չինովնիկների դեմ պայքարը, որոնք ինչ-ինչ պատճառներով սիրելի են Մոսկվայի համար:
Ինչ վերաբերում է Ղարաբաղում պատերազմին, ապա հենց այստեղ Հայաստանը կարող է ունենալ լուրջ երաշխիքներ, քանի որ նման հրդեհը կսկսի վառել նաև Ռուսաստանին: Թեև ապրիլյան պատերազմը շարունակելու Ադրբեջանի պատրաստակամությունը ևս պետք է հաշվի առնել, ադրբեջանցի հասարակությունը արդեն չի թաքցնում պատերազմելու ցանկությունը:
Փանիկի միջադեպը տարբեր տեսակի տարօրինակ իրադարձությունների հետ մի շղթա կազմեց, որն արդեն որոշակի հայացք է ձևավորում Հայաստանում 102-րդ ռուսական ռազմական բազայի ներկայության վերաբերյալ: Հայաստանի պաշտոնական դեմքերը գյուղում կրակոցների փաստով մաքսիմալ կտրուկ հայտարարություններ արեցին, բայց նրանք դա չէին կարող չանել, հենց այդ պատճառով ես չէի ֆիքսվի հենց այդ հանգամանքի վրա:
Կարևոր է ողջ շղթան, որն ավտոմատ կերպով չի ընդհատվում: Հայկական կողմին այս բազայի շուրջ մտադրված սադրանքների մեջ ինչ-որ մեկը ցանկանում է մեղադրել, հնարավոր է, դա բացառել պետք չէ, սակայն այդ դեպքում ստիպված ենք հիշել նաև զինվոր Պերմյակովին, ում ո՛չ Երևանը, ո՛չ Վաշինգտոնը որևէ հրաման ակնհայտորեն չեն տվել: Ուստի ռուս զինվորականները և չինովնիկները պետք է ոչ միայն չափազանց ուշադիր, այլև ավելի խելացի լինեն: Հենց այդ որակն է նրանց, ցավոք սրտի, միշտ պակասում: Հենց այդ պատճառով էլ Հայաստանում իշխանություն փոխվեց:
– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի վերաբերմունքն արտահայտել է ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ, որը մեծ աժիոտաժ առաջացրեց հայաստանյան և ռուսաստանյան հասարակությունների շրջանում, քանի որ նախարարը բավականին կտրուկ էր: Ի՞նչը հիմք ծառայեց ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ նման անվստահություն հայտնելու համար այն դեպքում, երբ իշխանությունները հասցրել են արդեն մի քանի անգամ ռուսական կողմին վստահեցնել, որ ոչինչ չեն ցանկանում փոխել այդ հարաբերություններում: Կարելի՞ է ենթադրել, որ սա Մոսկվայի պատասխանն էր այն բոլոր հայտարարություններին, որոնց մասին խոսեցինք: Այսինքն` սա միայն Խաչատուրովի շուրջ զարգացումներին Մոսկվայի արձագանքը չէր, այլ ավելին:
– ՌԴ ԱԳ նախարարը, հաշվի առնելով հատկապես կոնկրետ տվյալ հավասարակշռված անձի հոգեկերտվածքը, երբեք չէր անի նմանօրինակ հայտարարություն ամենամտերիմ գործընկերոջ հասցեին, եթե դրա ետևում լուրջ խնդիր չլիներ, որը չափն անցել է: Ռուսական կողմի համար Երևանի վստահեցումները շատ քիչ են, եթե պրակտիկայում տեղի են ունենում տարօրինակ իրադարձություններ, մասնավորապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ մեղադրանքը:
Քիչ են կասկածները, որ ՀՀ նոր իշխանությունը հատուկ գնաց նման քայլի` 2008 թվականի իրադարձություններից բացարձակ կտրված, որպեսզի ստուգի Մոսկվայի և ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը ու համապատասխանաբար հաշվի հետագա իր քայլերը: Այսինքն` իրականում որքան հեռու կարող է նա գնալ: Իսկ դա արդեն ոչ միայն Հայաստանի գործն է, ինչպես հասկանում եք, այլև Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների, քանի որ Արևմուտքը միշտ պատրաստ է դիրքավորվել առաջացած ճաքի մեջ: Իսկ ճաքը բավականին լուրջ է:
Սերգեյ Լավրովի հայտարարությունն ինքնին կտրուկ էր, բայց դա իրականում այն ամենն է, ինչին Մոսկվան որոշեց գնալ, ուստի ընդհանուր առմամբ Խաչատուրովի նկատմամբ ռեպրեսիաների արձագանքն ամեն դեպքում կարելի է համեմատականորեն փափուկ համարել:
Ի դեպ, որպես դիտորդ՝ ես ուշադրություն դարձրեցի Նիկոլ Փաշինյանի ամենաառաջին քայլի վրա ռազմաքաղաքական ոլորտում, երբ սկսվեց Հայաստանի մարզերում զինկոմիսարիատների թվի կրճատման ալիքը: Տարօրինակ է, որ դեռ այն ժամանակ ՀԱՊԿ-ը չարձագանքեց տեղի ունեցողին:
Ուստի Խաչատուրովի նկատմամբ կալանքի որոշումը, բնականաբար, դարձավ ավելի որակյալ միավոր իրադարձությունների հետագա շղթայում: Կարծում եմ` սա տարօրինակ իրադարձությունների վերջը չէ, քանի որ արձագանքները մշտապես պետք է ժամանակին լինեն, իսկ ներկայումս ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը փոքր-ինչ կորցնում են վերահսկողությունը: Ուստի հետևանքները կարող են լինել՝ ինչպես ուշացած, այնքան էլ՝ ավելի կտրուկ:
– Հայաստանում մի շարք քաղաքական գործիչներ, փորձագետներ այս հայտարարությունը որակում են՝ որպես ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն: Չե՞ք կարծում, որ սա միջամտություն է:
– Արտաքին գործերի նախարարը սովորաբար ի պաշտոնե հնչեցնում է հայտարարություններ, որոնք կապ ունեն այլ երկրների գործերի հետ: Աշխատանքն է այդպիսին: Ուստի Սերգեյ Լավրովի տվյալ հայտարարությունը կարելի է գնահատել և՛ այսպես, և՛ այնպես՝ կախված քաղաքական նպատակից ու ցանկությունից: Շատ քաղաքական գործիչների համար, ովքեր ավելի լայն արտաքին քաղաքական դաշտ են դուրս եկել 2018 թվականի մայիսի 8-ից հետո, բնականաբար, ձեռնտու է որակել այս հայտարարությունը՝ որպես միջամտություն: Ցանկության դեպքում կարելի է գնահատել այն նաև ՀԱՊԿ գործերին միջամտություն, որտեղ ԱԳՆ ղեկավարը որևէ պաշտոն չի զբաղեցնում:
Մեծ ցանկության դեպքում ընդհանրապես շատ բան է հնարավոր: Բայց դրանով հանդերձ՝ պետք է հասկանալ նաև նոր Երևանի վերջնական ցանկությունը: Կարծում եմ, որ նախարար Լավրովը ևս դա է փորձում անել: Բայց պետք է հասկանալ նաև այն, որ պարոն Լավրովը Հայաստանի նկատմամբ բավականին լոյալ ֆիգուր է, ադրբեջանական աղբյուրները նրան պարբերաբար անվանարկում են Ղարաբաղյան խնդրի կոնտեքստում՝ որպես կոնյունկտուրային «հայ»: Ուստի Հայաստանը պետք է հաշվի առնի, որ իր առջև ոչ թե թշնամու, այլ բարեկամի հայտարարություն է: Թշնամին արդեն այլ կերպ կլինի:
– Ձեր կարծիքով` այս նոր իրողությունների պայմաններում ինչպե՞ս կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները, և ինչպե՞ս կարելի է վերացնել լարվածությունը:
– Ռուսաստանը պետք է ավելի ուշադիր վերաբերվեր Հայաստանի ներսում հետևողականորեն տեղի ունեցողի զարգացումներին: Ինչպես, օրինակ, Գյումրիում հայ ընտանիքի սպանության ողբերգությանը: Այդ Պերմյակովին պետք էր նույն կերպով կրակել հենց այնտեղ՝ Հայաստանում, դիմելով անհրաժեշտ իրավական բացառությունների: Բայց Հայաստանում խնդիրները սկսեցին կուտակվել վախեցնող արագությամբ («էլեկտրամայդանը», Երևանում ՊՊԾ գնդի գրավումը և այլն) և, ի վերջո, քանակը վերածվեց որակի: ՀՀ քաղաքացիները ցանկանում էին ավելի լավ ապրել և, չգիտես՝ ինչու, իրենց ոչ ամենալավ մակարդակի կյանքը պայմանավորում էին հենց Ռուսաստանով, և ոչ՝ արևմտյան տիպի ժողովրդավարությամբ: Եվ այսօր այդ չհասկացվածությունն այնքան է ընդլայնվել, որ վտանգավոր է դառնում` ճաքը կարող է անդունդ դառնալ, եթե ռուսական կողմը չնախաձեռնի ավելի կոնկրետ և հստակ գործողություններ, և առաջին հերթին՝ տեղեկատվական ոլորտում: Օրինակ, ես Երևանում էի, ցանկանում էի հանդիպել հակառուսական խմբերի հետ, ինչը չհաջողվեց:
Անհրաժեշտ են ավելի ոչ ստանդարտ քայլեր ու գործողություններ, ոչ թե չինովնիկական շաբլոն հայտարարություններ, որոնք ընդամենը վատթարացնում են իրավիճակը, առավել ևս մի իրավիճակում, երբ հայկական կողմը դրանում տեսնում է բացառապես ահաբեկման գործողություն: