«ՀՀ իշխանությունները սրանով ժամանակ են շահում». Ամերիկացի փորձագետ

«ՀՀ իշխանությունները երկրի ներսում լուրջ մարտահրավեր ունեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով ՀՀ նորընտիր իշխանությունների արտաքին ու ներքին մարտահրավերներին:

Նա նշեց, որ ՀՀ նոր իշխանությունները կանգնած են ներքին մի շարք մարտահրավերների առջև, որոնք նաև արտաքին խնդիրներ են ստեղծում: Նրա կարծիքով՝ ներքին մարտահրավերն այն է, որ ՀՀ իշխանությունները հասկանում են, որ անհրաժեշտ են շուտափույթ բարեփոխումներ, հասարակությունը պահանջում է նման բարեփոխումներ` կոռուպցիայի մակարդակի նվազեցում, քաղաքական գործընթացների թափանցիկություն և տնտեսական աճ:

Սակայն, նրա խոսքով, սրանք այնպիսի խորը արմատներ ունեցող խնդիրներ են, որոնք կարճ ժամանակահատվածում չեն լուծվում, դրական արդյունքներ դժվար է ապահովել ներկայիս պայմաններում:

«Սակայն Կառավարությունը փորձում է այդ ամենը ծածկել բարձր թափանցիկությամբ, չարաշահումների որոշ բացահայտումներով, նախկին իշխանությունների բազում սխալներով և հասարակության վերաբերմունքով այդ ամենի նկատմամբ, բնական է, որ հասարակությունը նախկինի ֆոնին մի փոքր ավելի մեծ համբերությամբ կլցվի՝ սպասելով ապագայում մեծ փոփոխություններ: ՀՀ իշխանությունները սրանով ժամանակ են շահում: Այնուամենայնիվ ցանկությունները և գործողությունները, որքանով ես եմ հասկանում, դրական ուղղությամբ են»,- նման կարծիք հայտնեց ամերիկացի վերլուծաբանը:

Սակայն նա գտնում է, որ բարձր է հասարակությանը հիասթափեցնելու վտանգը, քանի որ հասարակությունը սպասում է փոփոխությունների, իսկ հասարակության սպասումները հեշտ չէ արդարացնել, և դա ՀՀ իշխանությունները ևս գիտակցում են:

Խոսելով Մարտի 1-ի շուրջ առկա զարգացումների և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին` Սթրոնսկին ասաց, որ սա ՀՀ նոր իշխանությունների ներքին օրակարգն է, դժվար է մեկնաբանել իրավական ընթացակարգերը: Նա հիշեցրեց, որ հարցին անդրադարձել է Պետդեպը՝ կոչ անելով վստահելի և անկախ քննություն իրականացնել:

«Բնականաբար, հասկանալով այս ներքին մարտահրավերները` արտաքին հարաբերություններում, որքան հասկանում ենք նախարարների կազմից` Մնացականյան-Տոնոյան, Փաշինյանն առանձնակի փոփոխությունների չի ձգտում: Նա համարում է, որ այս ոլորտում պրոֆեսիոնալ կադրերը կարող են բավարարել իր Կառավարության հավակնությունները, այսինքն` արտաքին քաղաքականությունը չի փոխվելու:

Սակայն մենք տեսնում ենք, որ հայկական կողմը գուցե փորձի որոշ խնդիրներ բարձրացնել կամ լուծել հայ-ռուսական հարաբերություններում, խոսքն առկա անհամաչափությանն է վերաբերում, ինչը սովորաբար առկա է մեծ և փոքր երկրի հարաբերություններում:

ՀՀ իշխանություններն ավելի հավասար հարաբերությունների են ձգտում, որը սկզբնական փուլում տարօրինակ է թվում Ռուսաստանի համար, ներկայումս սա է տեղի ունենում: Փաշինյանը հավաստիացրել է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է խորանան, նախկին ինտեգրացիոն ծրագրերում Հայաստանը շարունակելու է ներգրավվածությունը, այնպես է անելու, որպեսզի դրանք ավելի մեծ օգուտներ բերեն Հայաստանին: Սակայն մենք հասկանում ենք, որ այդ օգուտները կախված են Ռուսաստանից, սա նոր իրավիճակ է ստեղծում ինչ-որ առումով երկկողմ հարաբերություններում, ինչը բնական է: Կարծում եմ` էական խնդիրներ չեն առաջանալու, առկա փոքր հակասությունները վերանալու են, քանի որ Ռուսաստանի համար կարևոր է պահպանել Հայաստանի հետ հարաբերությունների առկա խորությունը: ՀՀ իշխանությունները ևս հարկադրված են լինում փոքր-ինչ կոշտ հայտարարությունները համադրել՝ վստահեցումներով, որ ոչինչ չի փոխվելու, զգուշավոր են փորձում լինել, քանի որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Հայտարարությունները սկզբից շատ ավելի համարձակ էին, քան վերջին շրջանում: Հայաստանի արևմտյան գործընկերները հարգում են և ավելի մեծ հավակնություններ չունեն»,- ասաց Սթրոնսկին՝ շարունակելով, որ Արևմուտքը մեծ հետաքրքրություն չունի այս տարածաշրջանի և Հայաստանի նկատմամբ:

Թերևս, ըստ նրա, Եվրոպական միությունն ավելի հետաքրքրված է, քանի որ մոտ է տարածաշրջանին, Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցություն ունի, քան Միացյալ Նահանգները, որը բավականին կտրված է տարածաշրջանից, և ԱՄՆ ակտիվ ներգրավման հույսեր չկան:

«Միացյալ Նահանգները կենտրոնացած է իր ներքին և միայն մի քանի արտաքին խնդիրների վրա: Մի իրավիճակում, երբ հայկական կողմը ևս չունի հավելյալ ցանկություններ, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում փոփոխություններ չեն լինի: ԱՄՆ-ը նույնիսկ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը շարունակելու համար պետք է տեսնի, թե ինչպես է փոխվում դաշտը ներքաղաքական փոփոխություններից հետո, ինչպես է վերացվում կոռուպցիան, քանի որ այդ ոլորտում ԱՄՆ-ը իսկապես ներդրումներ է ունեցել, և դա կարևոր է Նահանգների համար: Ուստի Հայաստանի արևմտյան գործընկերներին ժամանակ է անհրաժեշտ հասկանալու համար, թե ինչ փոփոխություններ են իրականացնում նոր իշխանությունները, որքանով են դրանք արդյունավետ: Կարծում եմ` մինչ դա էական ներդրումներ ու փոփոխություններ չեն լինի»,- ասաց Սթրոնսկին:

Տեսանյութեր

Լրահոս