«Շրջան հանձնողը կամ չհանձնողը ժողովուրդն է, ռազմաբազան կամ քաղաքական այլ խաղեր չեն կարող դրա վրա ազդեցություն ունենալ». Ռազմական փորձագետ
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը բացառում է, որ հայ-ռուսական հարաբերությունների վերջին լարվածությունը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանը Հայաստանից հանի իր ռազմաբազան։
«Չեմ կարծում, որ վերջին դեպքերի հետ կապված՝ Ռուսաստանը կգնա այդ քայլին։ Նման տատանումներն այլ երկրներում, որտեղ բազա ունեն, նորմալ է, հեշտ լուծվող խնդիր է երկու երկրների արտաքին քաղաքականության մակարդակով»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Ա.Ասատրյանը։
Նա հերքեց շրջանառվող տեսակետը, թե ռուսական ռազմաբազան Հայաստանից կարող է տարվել՝ Արցախի ազատագրված շրջանները հանձնելու հարցի հետ կապված։ Փորձագետի խոսքով՝ շրջանները հանձնելու հարցը հակամարտության սկզբնական շրջանից մշտապես պտտվում է.
«Բայց այդ շրջան հանձնողը կամ չհանձնողը ժողովուրդն է, ու չեմ կարծում, որ ռազմաբազան կամ քաղաքական այլ խաղեր կարող են դրա վրա ազդեցություն ունենալ՝ անկախ նրանից, թե որ կողմը նման ինչ ցանկություն կունենա։
Ա.Ասատրյանը վստահեցրեց, որ հայկական ուժերի թուլացման որևէ հարց չի կարող լինել ռազմաբազայի դուրսբերման դեպքում.
«Չեմ կարծում, որ դա կարող է անդրադառնալ բանակի վրա, որովհետև մենք 2016 թ. ապրիլ ենք տեսել, որի ընթացքում մեր երկրի ներքին քաղաքականութունը մի փոքր ավելի վատ էր, քան հիմա, այսինքն՝ իշխանություն-ժողովուրդ վստահությունը, և եթե 2016 թ. ապրիլին ժողովուրդը միահամուռ կանգնեց բանակի կողքին, ապա հիմա ընդհանապես որևէ խնդիր չի կարող լինել»։
Ա.Ասատրյանը նշեց, որ չի կարող պատկերացնել որևէ ծայրահեղ իրավիճակ, որ Ռուսաստանը ցանկանա ռազմաբազան տանել Հայաստանից.
«Նոր վարչապետի ընտրվելուց հետո բոլորս էլ տեսել ենք Պուտին-Փաշինյան հանդիպումը, նրանց շփումը, հարաբերությունները, Պուտինը ծանոթացրել է Փաշինյանին ու Ալիևին Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման ժամանակ, նաև այն, թե ինչպես են ՀՀ ղեկավարի հետ շփվում մյուս անդամ պետությունները, կարծում եմ, ամեն ինչ ավելի նորմալ է, քան մենք պատկերացնում ենք կամ կանխատեսում»։