Բաժիններ՝

«Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես… մի փոքր ուշ». Աննա Հակոբյանը «Экспресс газета»-ին պատմել է իր ընտանիքի, աշխատանքի ու երազանքների մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սիրում է Հայաստանի գյուղերը, պաշտում է Արցախը, Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարի եկեղեցին, սակայն շարունակում է երազել Աֆրիկա մեծ ճանապարհորդության մասին: Աննա Հակոբյանը ՀՀ վարչապետի Մոսկվա այցի շրջանակում հարցազրույց է տվել ռուսական «Экспресс газета»-ին և պատմել իր ընտանիքի, աշխատանքի, նոր պարտականությունների ու երազանքների մասին:

«Մենք ծանոթացել ենք դեռ ուսանողական տարիներին, երբ Նիկոլը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող էր, իսկ ես նոր էի ընդունվել նույն ֆակուլտետ: Երբ ես մտա լսարան, անմիջապես լսեցի նրա անունը՝ Նիկոլ Փաշինյան: Նրա մասին բոլորը խոսում էին՝ դասախոսները, դեկանը, ուսանողները: Նիկոլը ֆակուլտետի հպարտությունն էր, լսում էի այդ մասին՝ ծանոթ չլիենելով հերոսի հետ»,- պատմում է Աննա Հակոբյանը:

Աննայի հետ ծանոթության ժամանակ՝ 1995 թվականին, Նիկոլն արդեն կայացած մասնագետ էր: Նա, լինելով երկրորդ, երրրոդ կուրսի ուսանող, համագործակցում էր ընդդիմադիր պարբերականի հետ: Հինգերորդ կուրսում նա արդեն ժուռնալիստիկայի ֆակուլտետի լեգենդ էր: Պատահական չէր, որ 1995 թվականին նրան դուրս են թողել համալսարանից՝ քաղաքական հայացքների համար:

Լինելով առաջին կուրսի ուսանողուհի՝ Աննան առաջադրանք է ստացել հոդված գրել թերթում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր Նիկոլը: «Ես գրեցի հոդվածը և ներկայացրեցի խմբագրություն: Այդպես էլ ծանոթացանք Նիկոլի հետ: Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես… մի փոքր ավելի ուշ»,- նշել է Աննա Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ամուսնու քաղաքական հայացքներին, ապա Աննա Հակոբյանը նշել է, որ ինքը մշտապես իմացել է՝ Նիկոլը լինելու է քաղաքականության մեջ ու պատրաստ է նրա հետ հաղթահարել դժվարությունները:

Ամուսնությունից հետո Նիկոլ Փաշինյանն իր պայքարն ավելացրեց: 90-ական թվականների վերջերին նա արդեն հայտնի էր որպես իր մասնագիտության մեջ քաջ մարդ: Փաշինյանը չի վախենում տալ քրեական դեմքերի անուններ, ինչի համար նա մի քանի անգամ դատարան է կանչվել:

«Հեղափոխության ժամանակ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեցինք: Մարդիկ փողոցում ճանաչում էին, բարի խոսքեր էին ասում, հիմա էլ այդպես է: Դա շատ հաճելի է, և այդ սերը փոխադարձ է: Երբ իմ ամուսինը դարձավ վարչապետ, դրանից հետո մեր կյանքում, ընդհանուր առմամբ, արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Փոխվել է մեր բնակության վայրը, այժմ կա անվտանգության ծառայություն»,- ասաց Աննա Հակոբյանը:

Նա պատմել է նաև իր երազանքների մասին, որոնցից է Աֆրիկայով ճանապարհոդելը:

«Ես շատ եմ սիրում Հայաստանի գյուղերը: Պաշտում եմ Արցախը, Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարի եկեղեցին…: Բայց դեռ երազում եմ ուղևորվել Աֆրիկա՝ ճանապարհորդության: Ամեն դեպքում առայժմ նախընտրում եմ հանգստանալ Հայաստանում: Ներկայում փնտրում եմ նոր գաղափարներ, ուսումնասիրում եմ կյանքը մի փոքր այլ տեսանկյունից: Սակայն, ինչպես և նախկինում, մարդկանց մեջ կարևորում եմ ազնվությունը, ազատությունը, բարությունը և արդարությունը»,- նշել է Աննա Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս