Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքներով բացահայտվել են չարաշահումներ

2018 թվականի հուլիսի 16-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժին է ստացվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված՝ ՀՀ ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքները՝ գործընթացում  թույլ տրված չարաշահումների և կատարված   հափշտակությունների վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, իրենց  պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խախտելով գործող օրենսդրության պահանջները, առանց գնման համար օրենքով սահմանված գործընթաց իրականացնելու՝ պայմանագիր կնքելու, նախահաշվային գին սահմանելու, ծավալաթերթ-նախահաշիվ կազմելու և հիմնավորումներ ներկայացնելու  շինարարական գործունեությամբ զբաղվող «Սահակյանշին» ՓԲԸ միջոցով առանց փաստաթղթային ձևակերպման կազմակերպել և իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները, ինչի նկատմամբ փաստացի չի իրականացվել ո՛չ հեղինակային և ո՛չ էլ որակի տեխնիկական հսկողություն, փոխարենը՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ շինարարական աշխատանքները փաստացի ավարտված լինելու, իսկ որոշ դեպքերում դրանց մի մասը կատարված լինելու պայմաններում, «Սահակյանշին» ՓԲԸ ընկերության հետ կնքել են վերակառուցման աշխատանքները մաս-մաս կատարելու վերաբերյալ գնման 6 պայմանագիր՝ ընդհանուր 2 միլիարդ 356 միլիոն 455 հազար ՀՀ դրամ արժողությամբ, որից ընդամենը օրեր անց, կազմվել են շինարարական աշխատանքների կատարման փաստը հավաստող հանձման-ընդունման արձանագրություններ և կատարողական ակտեր, այն պայմաններում, երբ գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա  ընթացքում սկսել և ավարտին հասցնել նման տեսակի և ծավալների շինարարական աշխատանքների կատարումը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մի շարք այլ հանցավոր արարքների առերևույթ առկայության վերաբերյալ:

2018 թվականի հուլիսի 24-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական  օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի,  314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս