«Խիստ կասկածում եմ, որ որևէ ուժ ցանկանա «Սասնա ծռերի» հետ համագործակցել». Արմեն Բադալյանը «Սասնա ծռերին» տեսնում է ընդդիմադիր դաշտում
Երեկ «Սասնա ծռերը» հայտարարություն էր տարածել կուսակցություն հիմնելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ 168.am-ի հետ զրույցում Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց, որ այս ուժը գործելու է ընդդիմադիր դաշտում։
«ՀՀ-ի Սահմանադրությունը մարդկանց թույլ է տալիս ստեղծել կուսակցություն։ Կուսակցություն ստեղծելը քաղաքական գործչի գործառույթը չէ, դա մասնագետների գործառույթն է, որոնք չերևացող ձևով ստեղծում են կուսակցություն և աշխատեցնում են։ Եթե «Սասնա ծռերը» կարողանա հրավիրել մասնագետների, որոնք կստեղծեն կուսակցությունը և կունենան համապատասխան ֆինանսավորում, որ այդ կուսակցությունը կարողանան աշխատեցնել ու ճիշտ կուսակցական աշխատանք կատարել, ապա չի բացառվում, որ նրանք կարող են հայտնվել խորհրդարանում։ Այստեղ որևէ խնդիր չկա։ Եթե այս երեք գործոններից որևէ մեկը չպահպանվի, ապա նրանք խորհրդարանում չեն հայտնվի»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով՝ եթե նրանք հայտնվեն խորհրդարանում, բնականաբար, լինելու են ընդդիմադիր ուժ. «Որովհետև խիստ կասկածում եմ, որ ապագա կոալիցիայում նրանք տեղ գտնեն, ու որևէ ուժ ցանկանա նրանց հետ համագործակցել՝ ելնելով գաղափարաքաղաքական տարաձայնություններից։ Մեծ հավանականությամբ՝ նրանք կլինեն ընդդիմություն»։
Հիշեցնենք, որ վերջերս «Սասնա ծռերի» աջակից, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հարցազրույց էր տվել՝ ասելով, որ «այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ պայքարի միջոցները, ճանապարհները փակված են, ոչ խաղաղ միջոցներով պայքար իրականացնելն ընդունելի է։ Ոչ խաղաղ պայքարն իր մեջ ներառում է բռնի միջոցներ, որը կարող է լինել նաև զինված պայքարը»։ Նա բացառել էր, որ այսօրվա Հայաստանում հնարավոր է նման իրավիճակի կրկնություն, բայց նաև հավելել. «Եթե իրավիճակը կրկնվի, և, կրկնում եմ, խաղաղ ճանապարհով հնարավոր չլինի իրավունքների վերադարձը, ապա ոչ խաղաղ ճանապարհով գործողությունները կդառնան օրինաչափ»։
Ա. Բադալյանի խոսքով՝ զինված եղանակով կարելի է պայքարել, եթե երկրում ընտրությունների ինստիտուտը չի աշխատում. «Իսկ եթե երկրում ընտրությունների ինստիտուտն աշխատում է, ապա զինված պայքարը վերածվում է ահաբեկչության և խստորեն պատժվում է համապատասխան օրենքներով»։
Հարցին՝ ըստ Ձեզ՝ կհաջողվի՞ այս ուժին լցնել ընդդիմադիր դաշտում առաջացած վակուումը, Ա. Բադալյանն այսպես պատասխանեց. «Հիմա անցումային շրջան է, մինչև արտահերթ ընտրությունները լինելու է այնպիսի վիճակ, երբ, բացի ՀՀԿ-ից, բոլոր ուժերը հայտարարելու են իշխող քաղաքական ուժին աջակցելու մասին։ Իսկ այս ձևաչափը կպահպանվի մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի փաստացի մեկնարկը:
Այսինքն՝ մինչև մյուս տարվա գարուն։ Գարնանը կսկսեն իշխող քաղաքական ուժին բոլորն էլ քննադատել ու լինել ընդդիմություն։ Այնպես որ, այդտեղ որևէ վակուումի խնդիր չկա։ Գարնանն արդեն ընդդիմադիր ուժերի թիվը կշատանա, որովհետև նրանք բոլորն իրար հետ կլինեն մրցակիցներ, բնականաբար, բոլորը կսկսեն առաջին հերթին քննադատել իշխող քաղաքական ուժին՝ վարչապետի թիմակիցներին»։