Բաժիններ՝

Ինչպես վախեցնել զբոսաշրջիկներին. հայտնի վլոգգերը խոսել է Հայաստանի ականների մասին (տեսանյութ)

Հուլիսի 14-ին Զբոսաշրջության պետական կոմիտեն հպարտությամբ հայտարարեց, որ Հայաստան է ժամանում աշխարհահռչակ վլոգգեր (վիդեո-բլոգգեր) Նաս Դեյլին (Nas Daily):

Նասը Հայաստան ժամանեց հուլիսի 15-ին։ Ինչպես նշվում էր ԶՊԿ-ն իր ֆեյսբուքյան էջում՝ վլոգգերը պատրաստվում է Հայաստանում անցկացնել մոտ 10 օր, որի ընթացքում նա կբացահայտի հետաքրքիր մարդկանց և իրողություններ, կծանոթանա Հայաստանի զբոսաշրջային ռեսուրսներին և այլն։ 

Նշենք նաև, որ Նաս Դեյլիին Հայաստան բերելու նախաձեռնությունը պատկանում էր Repat Armenia-ին, իսկ այցելությանը աջակցել են Զբոսաշրջության պետական կոմիտեն և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Նաս Դեյլին, ինչպես նշեցինք, հայտնի վիդեո-բլոգգեր է (կամ, ինչպես ասում են, վլոգգեր)։ Նրա ֆեյսբուքյան էջն ունի 7.2 մլն հետևող։ Նասը 1 րոպեանոց հոլովակներ է պատրաստում՝ իր և իր այցելած երկրների մասին։ Նա այդ գործով զբաղվում է ամեն օր։ Հոլովակները ունեն միլիոնավոր դիտումներ։

Հասկանալի է՝ Նասին Հայաստան բերելը նպատակ ուներ մեծացնել Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը և նպաստել զբոսաշրջիկների աճին։ Հայաստանի մասին նա արդեն քանի հետաքրքիր հոլովակներ է նկարել, որոնք այդ առումով օգտակար կարող են լինել։

Սակայն վերջին հոլովակներից մեկը կարող է լրիվ հակառակ ազդեցություն ունենալ և փչացնել ամեն ինչ։ Նասը պատմում է չվնասազերծված ականների մասին՝ նշելով, որ պատերազմից 25 տարի անց Հայաստանում դեռ կան տոննաներով չվնասազերծված ականներ։

Հոլովակում նա ցույց է տալիս, թե ինչպես են պայթեցվում հայտնաբերված ականները, ցույց է տալիս ականի վրա պայթելու հետևանքով վերջույթները կորցրած մարդկանց և նշում, որ ականների առկայությունը նշանակում է՝ պատերազմը դեռ չի ավարտվել։


Թե նման կադրերից հետո քանի՞ զբոսաշրջիկ կցանկանան Հայաստան գալ՝ չվնասազերծված ականի վրա պայթելու հեռանկարը աչքի առաջ, դժվար չէ ենթադրել։

Ի դեպ, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, սակայն եղածն արդեն եղել է։ ԶՊԿ-ի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև։

* * *
Հարգելի հայրենակիցներ,

Ձեզ հետ միասին մտահոգված լինելով Nas Daily-ի վեջին տեսահոլովակի բովանդակությամբ, ցանկանում ենք նշել, որ Զբոսաշրջության կոմիտեն պատասխանատվություն չի կրում տեսահոլովակների բովանդակության համար։
Repat Armenia հիմնադրամը որպես այցի նախաձեռնող կողմ ուղեկցում է Nas-ին իր բոլոր ուղևորություններում և օգնում է թեմատիկ բովանդակությամբ:
Մենք դիմել ենք Nas-ին Հայաստանի վերաբերյալ իր հետագա տեսահոլովակներում շարունակել ներկայացնել Հայաստանը՝ որպես ապահով եւ գրավիչ զբոսաշրջային ուղղություն։

Կարծում ենք կարեւոր է նշել, որ նախկինում երբևէ չի դրվել որևէ պահանջ և սահմանափակություն որևէ ճանաչողական այցի մասնացկի ձևավորելիք նյութի վրա, քանի որ Հայաստանում խոսքի ազատությունը հիմնարար արժեք է:

Միաժամանակ, ՀՀ զբոսաշրջության զարգացման լիազոր մարմինը, այն է՝ Զբոսաշրջության կոմիտեն, հայտարարում է, որ նմանատիպ դեպքերի բացառման ուղղված ինստիտուցիոնալ մեխանիզմը կլինի հետևյալը.

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն մշտապես պետք է տեղեկացված լինի և իր կարծիքը հայտնի պետական բյուջեից ֆինանսավորվող ցանկացած ճանաչողական այցի նպատակահարմարության վերաբերյալ՝ առավելագույնս ապահովելու լուսաբանման ուղերձների համապատասխանությունը պետական ռազմավարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս