«ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Հայաստանը կարող է ավելին անել՝ առանց վնասելու իր անդամակցությանը ՀԱՊԿ-ին». վրացի դիվանագետ
«Ելնելով նպատակահարմարությունից` ՀՀ իշխանություններն այս անգամ ևս կբացառեն իրենց մասնակցությունը Վրաստանում օգոստոսին մեկնարկելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի նախկին դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության նպատակահարմարությանը:
Հիշեցնենք, որ Վրաստանում օգոստոսի 1-15-ը տեղի կունենան «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժությունները, որոնց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ, նաև՝ Հայաստանը: Այս մասին հայտնել էր Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Ըստ Վրաստանի ՊՆ-ի, զորավարժությունների մասնակիցների թվում են Վրաստանը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և Հայաստանը: Գերատեսչությունը հայտնում է, որ զորավարժություններին ներկայացված կլինի ամերիկյան օդուժ, գերմանական զրահատեխնիկա:
Վարժանքները կմեկնարկեն Վազիանի ռազմական օդանավակայանում, կշարունակվեն Վազիանի զորավարժարանում և Նորիո ուսումնական բազայում: Հետաքրքրական է նաև, որ անցյալ տարի Հայաստանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող մեկ այլ՝ Agile Spirit զորավարժությանը, որին Երևանը նախ հաստատել էր մասնակցությունը, ինչպես հայտարարել է Վրաստանի ռազմական գերատեսչությունը, ապա զորավարժության նախօրեին հրաժարվել մասնակցությունից՝ առանց պատճառը նշելու:
Օրեր անց այն ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած գերատեսչությունը հայտարարեց, թե Վրաստանում անցկացվող զորավարժություններն առաջնային նշանակություն չունեն Հայաստանի Զինված ուժերի համար: Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ դեռ վերջնական որոշում այս հարցով չի կայացվել:
Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության վերաբերմունքը ՆԱՏՕ-ի քաղաքականության նկատմամբ՝ դժվար չէ գլխի ընկնել, թե ինչու է նախկինում Հայաստանը հրաժարվել մասնակցել ՆԱՏՕ-ի որոշ ծրագրերի շրջանակում անցկացվող զորավարժություններից:
Ըստ նրա, այս անգամ ևս, ամենայն հավանականությամբ, ՀՀ-ն կհրաժարվի: Մենագարիշվիլիի կարծիքով՝ ՀՀ նոր իշխանությունների համար ավելի բարդ կլինի մասնակցության որոշում կայացնել, քանի որ հայ-ռուսական հարաբերություններն այս փոփոխություններից հետո դեռ լիովին հունի մեջ չեն ընկել, որովհետև սովորաբար ժամանակ է անհրաժեշտ նոր իշխանություններին ուսումնասիրելու, նրանց հետ կոնտակտներ հաստատելու և, ամենակարևորը` փոխադարձ վստահության համար, ինչը հատկապես հայ-ռուսական հարաբերությունների դեպքում շատ կարևոր է, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է:
«Կարծում եմ` ելնելով նպատակահարմարությունից` ՀՀ իշխանություններն այս անգամ ևս կբացառեն իրենց մասնակցությունը զորավարժություններին, ինչը խնդիր չի ստեղդծի Ռուսաստանի հետ հարաբերություններում, և որևէ հետևանք չի ունենա Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում, քանի որ դրանք առանց այս զորավարժությունների ևս ակտիվ փուլում չեն, և այս զորավարժությանը մասնակցությունը ոչինչ չի փոխի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում, Հայաստանը ՆԱՏՕ-ի շատ ծրագրերի իր կամքով չի մասնակցում, չի ցանկանում հարաբերությունների ընդլայնում՝ նույնիսկ ծրագրային մասնակցության տեսանկյունից: Ուստի կարծում եմ` այս զորավարժությանը Հայաստանի չմասնակցությունը մեծ բացթողում չի լինի հայկական կողմի համար:
ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար Հայաստանը կարող է իրեն թույլատրված սահմաններում, քանի որ ՀԱՊԿ անդամ է, օգտվել ծրագրերից, որոնք աջակցում են բարեփոխումներին, փորձի փոխանակություն են, ավելացնում են անվտանգությունը, և այլն, և այլն:
Հետևելով այն ծրագրերին և որոշումներին, որոնք քննարկվում են ՆԱՏՕ-ի վերջին բոլոր գագաթաժողովների և հանդիպումների ժամանակ` կարող եմ ասել, որ կա չիրացված մեծ ներուժ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում՝ նույնիսկ ՀԱՊԿ անդամակցության և սահմանափակումների պայմաններում, վստահաբար կարելի է փորձել անել ավելին:
Այս ուղղությամբ Հայաստանի աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի, չի առաջացնի կոշտ արձագանք Մոսկվայի կողմից և կօգնի ամրապնդել Հայաստանի պաշտպանական համակարգը, իսկ ՆԱՏՕ-ն պատրաստ է տալ այդ հնարավորությունը, քանի որ այստեղ հարաբերությունների որակը ձևավորողը հայկական կողմն է, ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ բաց է իր գործընկերների համար: Իսկ զորավարժությունն ավելի հնչեղ իրադարձություն է, որը քաղաքական հանձնառության իմաստով կարևոր է՝ ցույց տալու համար, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները կարևոր են, բայց գործնական շատ ավելի մեծ օգուտներ կարելի է ստանալ այլ ծրագրերից, քան զորավարժությունից»,- նման կարծիք հայտնեց Վրաստանի ԱԳ նախկին նախարարը:
Հետևաբար՝ նա առաջարկեց ուսումնասիրել այն հնարավորությունները, որոնք իսկապես կարող է տալ ՆԱՏՕ-ն իր գործընկերներին: «ՆԱՏՕ-ի համար Հայաստանն արժեքավոր է գործընկեր է, քանի որ խաղաղության մեջ ներդրում է ունենում՝ իր մասնակցությամբ խաղաղապահ առաքելություններին: Սակայն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները միայն դրանով ու մի քանի ոչ այնքան ծավալուն ծրագրերով սահմանափակվում են: Դաշտը կարող է ընդլայնվել՝ ոչ ի հաշիվ ՀԱՊԿ-ի»,- ասաց Մենագարիշվիլին: