Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատունը համալրվել է բարձր դասի հիվանդասենյակներով

Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատունը համալրվել է եւս մեկ բաժանմունքով` բարձր դասի հիվանդասենյակներով։ Այստեղ կհոսպիտալացվեն ինչպես պաթոլոգիաներով հղիները, այնպես էլ ծննդկաններն ու գինեկոլոգիալան խնդիրներ ունեցողները: Հիվանդասենյակներն ապահովված են բոլոր պայմաններով, իսկ հոսպիտալացվածներին տրամադրվելու է երեքանգամյա սնունդ: Այս բաժանմունքը ժամանակի հրամայականն էր, քանի որ հենց Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատանն են գրանցվում Հայաստանում ամենաշատ ծնունդները:

«Մենք այս բաժանմունքը ստեղծել ենք՝ ելնելով մեր պացիենտների պահանջներից եւ ուսումնասիրելով համաշխարհային փորձը ու հուսով ենք, որ այն դուր կգա մեր բնակչությանը»,- «Արմենպրես»-ին ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի զարգացման գծով փոխտնօրեն Ալլա Քուշկյանը:

Բաժանմունքի բացումն առավելապես կապված է այս ծննդատանը ծնունդների քանակի ավելացման հետ: 2017 թվականին այստեղ գրանցվել է 4700 ծնունդ՝ թվաքանակով գերազանցելով հանրապետության բոլոր ծննդատներին:

«Նոր հիվանդասենյակների կարիքը շատ էր զգացվում եւ մենք երբեմն տուժում էինք` այլեւս տեղ չունենալու առումով։ Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս` հանրապետությունում նման դասի բաժանմունք ունենալու առիթով, մեր ազգաբնակչությանը, որ կարող են բուժօգնություն ստանալ ամենահարմարավետ պայմաններում, մեր բժիշկներին եւ Էրեբունի բժշկական կենտրոնի ղեկավարությանը»,-ասաց Էրեբունի ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը:

Ծնունդների թվի ավելացում նկատվում է նաեւ այս տարի: Ու դա է պատճառը, որ, թեեւ, արդեն իսկ ունենալով նման բաժանմունք, ծննդատանը բացվում է եւս մեկը՝ ավելի ժամանակակից ու հարմարավետ:

Լուսանկարը` Մխիթար Խաչատրյանի

Տեսանյութեր

Լրահոս