«Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմ և չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «տարածքներ՝ ԼՂ կարգավիճակի դիմաց» հարցը մեթոդական սխալ է, և ինքը հարցադրում արեց, թե որևէ մեկն Ադրբեջանին հարցրե՞լ է՝ այդ լուծմանը համաձա՞յն է, թե՞ ոչ: Նա նշեց, որ ինքը միշտ ասել է, որ փոխզիջումային տարբերակը նշանակում է, որ կա երկու կողմ, որ պատրաստ են որոշակի զիջումների:
«Ինչո՞ւ ենք ուզում քննարկել մեր պատրաստակամությունը որևէ բան զիջելու, եթե Ադրբեջանը հակված չէ որևէ փոխզիջման: Եթե կստանանք ուղերձ, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, այդ ժամանակ կքննարկենք ոչ թե կառավարությամբ, այլ կքննարկենք ազգովի՝ մեր համար փոխզիջման ի՞նչ սահման գոյություն ունի»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նա բացառեց ԼՂ հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: Ըստ Ն.Փաշինյանի՝ չի կարող ՀՀ-ում լինել այնպիսի իշխանություն, որ այդպես կարող է լուծել այդ հարցը:
Նրա խոսքով՝ իր վարչապետ ընտրվելու օրն ունեցել ենք մի իրավիճակ, որ երկիրը 20 օր կանգնած է եղել, ոչ մի հարց չի լուծվել, բոլորը զբաղված են եղել Հանրապետության հրապարակին հետևելով:
Թե ի՞նչ է քննարկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ, Ն.Փաշինյանը նշեց, որ Տեր-Պետրոսյանն է ասել, որ ցանկություն ունի որոշ հարցեր քննարկելու, ինքը նրան հրավիրել է կառավարական առանձնատուն. «Նստել ենք, սուրճ ենք խմել, զրուցել ենք, քննարկել ենք, Արցախի հարցի վերաբերյալ փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող է և հայտնի չլինեին: Դա շատ օգտակար զրույց էր, բայց ասեմ, որ ինքն ինձ չի հայտնել տեղեկություններ, որ հայտնի չէր ինձ»:
Ն.Փաշինյանը նշեց, որ Արցախի հարցին ամբողջությամբ տիրապետում է, և իր առաջին գործերից մեկը եղել է դա, որ ամբողջական տեղեկատվություն ստանա Արցախի խնդրի շուրջ, հրավիրել է նաև Էդվարդ Նալբանդյանին քննարկման: Նա չբացառեց, որ նման հանդիպում կլինի նաև ապագայում:
ՀՀ առաջին նախագահի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նշեց վարչապետը, ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել:
Մյուս նախագահներին հանդիպելու անհրաժեշտություն Ն.Փաշինյանն այս պահին չի տեսնում, բայց նաև չի բացառում նման հնարավորությունը:
Անդրադառնալով ԼՂ կարգավորմանն Արցախի մասնակցության խնդրին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ այդ բանաձևն արձանագրված է ԵԱՀԿ ՄԽ նախագահների դիրքորոշումների մեջ, որոնք արտահայտվել են փաստաթղթերում՝ առանց Արցախի ժողովրդի մասնակցության հարցի վերջնական կարգավորում չի լինելու:
«Սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել ընդհանրապես, ես պատրաստ եմ Ադրբեջանի նախագահի հետ բանակցել: Բանակցության նյութ կա, և դրան պետք է ամբողջությամբ ծանոթանանք, վերլուծենք ու բանակցենք: Բանակցությունն ինքնին նույնպես օգտակար է, որովհետև պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի, որ հարցը կարգավորվի: Առանց վստահության մթնոլորտի հնարավոր չէ: Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել, որ վստահության մթնոլորտ ստեղծվի»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ մեզ համար անընդունելի է ռազմաշունչ հռետորիկան Ադրբեջանի կողմից: Ըստ նրա՝ հայկական կողմից չկա մի գործողություն, որ խաթարում է կարգավորման մթնոլորտը: ՀՀ-ում հեղափոխությունից հետո ադրբեջանական կեցվածքի սրումը Ն.Փաշինյանը կապում է նրանց մտահոգությամբ, որ մեր երկրում տեղի ունեցած պրոցեսը կարող է տարածվել դեպի Ադրբեջան, և փորձում են իրենց հանրության ուշադրությունը կոռուպցիայից, ժողովրդավարությունից շեղել դեպի Արցախի հարց. «Փորձում են այդ հովանոցի ներքո շարունակել իրենց քաղաքականությունը»:
Ն.Փաշինյանը չհամաձայնեց տեսակետին, որ Ռուսաստանը փորձում է վերակենդանացնել Լավրովյան պլանը: Նա նշեց, որ բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը՝ որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսում մեր տարածաշրջանում. «Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Ես դրան չեմ կարող հավատալ: Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմ և չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»:
Սահմանային լարվածության վերաբերյալ Ն.Փաշինյանը նշեց, որ այն ամեն օր մի քիչ կարող է ավելանալ կամ պակասել, բայց ընդհանուր ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ: