Բաժիններ՝

«Տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է կոռուպցիայի բացակայություն և անկախ դատական համակարգ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ կառավարության վարած տնտեսական քաղաքականության խնդրին:
«Ես կարծում եմ՝ գուցե դա ինչ-որ տեղ նաև մեր մեղավորությունն է, որ մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրը»,- ասաց նա:

Վարչապետն արձանագրեց, որ տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է:

Ըստ նրա՝ հեղափոխությունից առաջ ունեցել ենք մի տնտեսական համակարգ, որտեղ կոնկրետ ոլորտները, տնտեսական գործունեության առանձին ձևերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, սահմանափակ թվով մարդիկ են ունեցել ՀՆԱ ձևավորման մեծ բաժինը ստեղծլու հնարավորություն.

«Ներառող տնտեսական համակարգի իմաստն այն է, որ այս սահմանափակումները չպետք է գոյություն ունենան և տնտեսական գործունեության ձևերը պետք է լինեն հասանելի»:

Ըստ նրա՝ սա չի նշանակում, որ այս կամ այն ոլորտում գործունեություն ծավալողները չեն կարողանա շարունակել, ուղակի մյուսներն էլ պետք է ունենան այդ հնարավորությունը:

Ն.Փաշինյանի խոսքով՝ քաղաքական մակարդակում այդ հարցը լուծված է իր՝ վարչապետ դառնալու առաջին օրից, կառավարությունն իր գործն է համարում ժամանակ առ ժամանակ ծանոթանալ իրավիճակին, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում, կամ եթե տեղի չեն ունենում, կառավարությունը պետք է մտածի նոր գործիքակազմ մշակելու մասին՝ առանց որևէ բարդացումների կամ ցնցումների:

Վարչապետը նշեց, որ կառավարության քաղաքական հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգի ստեղծումը. «Տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է կոռուպցիայի բացակայություն և անկախ դատական համակարգ: Մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը բնականաբար առաջիկայում պետք է ամրապնդվի օրենսդրական փոփոխություններով, այդ թվում՝ հարկային օրենսգրքով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս