Իշխանությունները խնդրի առաջ են. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին 50 նախագահ կայցելի Հայաստան, հյուրանոցներում նախագահական համարներ չկան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նախապատրաստվելիս: Հոկտեմբերին նախատեսված է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի տասնյակ երկրների ներկայացուցիչներ (ՖՄԿ-ն ունի 84 անդամ)։

Երեւանում սպասվում է 4 հազարից ավելի մարդու ժամանում, որոնց թվում կլինի ավելի քան 600 լրագրող։ Նախատեսված է մոտ 50 նախագահի այցելություն մեր երկիր, մինչդեռ մեր հյուրանոցներում այդքան նախագահական համարներ չկան, հետեւաբար՝ խնդիր է, թե ինչպես են տեղավորելու բարձրաստիճան հյուրերին: Նախագահների հետ, բնականաբար, մեծաքանակ պատվիրակություններ կժամանեն՝ նախարարներ, պատգամավորներ, գործարարներ, թիկնապահներ:

«Սա շատ կարեւոր միջոցառում է, պետք է լրջորեն նախապատրաստվել, Հայաստանում երբեւէ այդքան նախագահ չի հյուրընկալվել, ամենաշատը 5 նախագահ է եկել, ընդամենը մի Պուտին է գալիս, ամբողջ Երեւանը կաթվածահար է լինում, ինչպե՞ս պետք է լինի հոկտեմբերին, դժվար է պատկերացնել։ Սա շատ կարեւոր միջոցառում է»,- ասաց մեր աղբյուրը: Գագաթնաժողովի հետ կապված մյուս խնդիրն էլ այն է, որ դրա պատրաստությունները սկսել են նախորդ իշխանությունները, եւ հյուրերի հետ պայմանավորվածություններ կան, որ ձեռք են բերել նախկին պաշտոնյաները, ու հիմա հարց է՝ կմասնակցե՞ն նրանք, թե՞ ոչ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս