
Երևանում լոգարանի դռան փականը խափանվել է. փրկարարներն անօգնական վիճակում հայտնաբերել են քաղաքացուն

Հուլիսի 19-ին`ժամը 19:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի լոգարանի դռան փականը խափանվել է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են լոգարանի դուռը և անօգնական վիճակում հայտնաբերել Հ. Ս.-ին (ծնված 1962 թ.): Շտապօգնության աշխատակիցները և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը Հ. Ս.-ին տեղում ցուցաբերել են բուժօգնություն:
Փրկարարները Հ. Ս.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: «Արմենիա» ՀԲԿ-ում վերջինիս մոտ ախտորոշվել է թունավորում շմոլ գազից. բժիշկները Հ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար: