Երբ կգան ներդրումները
Դեռևս այն օրերին, երբ թավշյա հեղափոխությունը դեռ ընթացքի մեջ էր, շարժման առաջնորդները հայտարարում էին, որ այս փոփոխությունների բարեհաջող ավարտից հետո ներդրումների հոսքը դեպի Հայաստան կավելանա։ Այդ դրույթը հետո տեղ գտավ նաև կառավարության ծրագրում։
«Կառավարությունը համոզված է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տնտեսական և ներդրումային դրական սպասումներ է առաջացրել։ Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի, և կառավարությունը մտադիր է ներդրումներն ուղղորդել դեպի մարզեր և քաջալերել առավել մեծ թվով աշխատատեղեր ստեղծելուն միտված ներդրումները»,- նշված էր ծրագրի մեջ։
Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց և կառավարության ծրագրի հաստատումից հետո անցել է մոտ 2 ամիս։ Շատերն են հարցնում՝ ի՞նչ տեղաշարժ ունենք այս ընթացքում, արդյո՞ք ներդրումների հոսքն արագացել է։
Այս հարցին այս պահին անհնար է ճշգրիտ պատասխանել, որովհետև ցուցանիշները դեռ չեն հրապարակվել։ Օտարերկրյա ներդրումների վիճակագրությունն ամփոփվում է եռամսյակը մեկ։ 2018 թվականի երկրորդ եռամսյակում՝ ապրիլ-հունիս ամիսների ներդրումային ցուցանիշները Վիճակագրական կոմիտեն կհրապարակի այս ամսվա վերջին։
Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել և հոռետեսական կանխատեսումներ անել, սակայն կհամարձակվեմ ենթադրել, որ այս տարվա երկրորդ եռամսյակում՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ, օտարերկրյա ներդրումների մեծ աճ գրանցված չի լինի։ Հնարավոր է՝ անգամ որոշակի անկում լինի, չնայած քաղաքական իրավիճակն այս ընթացքում կայուն է եղել (ցնցումներ չեն եղել)։
Սակայն դա չպետք է տհաճ անակնկալ դիտվի, որովհետև այդպես էլ պետք է լիներ։ Հեղափոխության հենց սկզբից ասել ենք, որ կուտակված էներգիան կապիտալացնելու համար որոշակի ժամանակ է պետք՝ լուրջ փոփոխությունները միանգամից չեն լինում։
Ներդրումային շուկային մոտ կանգնած մարդիկ նշում են, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն արտաքին ներդրողների կողմից իրոք մեծացել է։ Սակայն այդ հետաքրքրությունը դեռևս կոնկրետ գործողությունների չի վերածվել։ Պատճառը պարզ է՝ հետաքրքրության աճին զուգահեռ՝ մեծացել է նաև անորոշությունը։ Անգամ տեղի գործարարները դեռևս ամբողջությամբ չեն ընկալում նոր «խաղի կանոնները» և հետաձգում են որոշ նախագծեր։ Ու այդ պարագայում օտարերկրյա ներդրողների զգուշավորությունն առավել քան հասկանալի է։ Չի կարելի մոռանալ, որ առջևում խորհրդարանական ընտրություններ են, ինչը տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցություն ունի։ Մի քանի առիթներով նշել ենք, որ տնտեսության մեջ շոշափելի տեղաշարժ կլինի ընտրություններից հետո, ընդ որում՝ ոչ միանգամից, այլ մի քանի ամիս անց, երբ օտարերկրյա ներդրողները կհամոզվեն, որ երկրում ներքաղաքական իրավիճակը կայուն է, կա որոշակիություն, և պետական ինստիտուտները նորմալ աշխատում են։
Բացի այդ, կառավարության գործելաոճն ինքն իրենով արդեն «սպասեցնել է տալիս» գործարարներին։ Այսպես, նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունների թվում նշվում էր, որ ազգային տնտեսության ներդրումային գրավչության և տնտեսական աճի ապահովման նախադրյալների ձևավորման տեսանկյունից խիստ կարևորվում է հնարավորինս կանխատեսելի հարկային միջավայրի ձևավորումը, գործարար միջավայրի շարունակական բարելավումը։ Սակայն նույն հարկային օրենսդրության բարելավման տեսանկյունից առայժմ փոփոխություններ չեն արվել. նոր կառավարությունը շարունակում է նախկինի կուրսը՝ նշելով, որ խորքային փոփոխություններ կլինեն որոշ ժամանակ անց։
Որպես օրինակ՝ կարելի է նշել Հարկային օրենսգիրքը։ Այն, ինչպես հայտնի է, լավագույն պայմաններ չի ապահովում տնտեսական զարգացման և ներդրումների համար։ Օրինակ, այս տարվա հունվարի 1-ից արդեն ուժի մեջ է մտել շահաբաժինների հարկման դրույթը, ինչը նշանակում է, որ արդեն 2019 թվականի սկզբին բոլոր գործարարները պետք է այս տարվա շահաբաժինների համար հարկեր հաշվարկեն և վճարեն։ Սա լրացուցիչ բեռ է ներդրողների համար։
Սակայն կառավարությունը չշտապեց վերացնել այս դրույթը։ Նույն կերպ, ուժի մեջ մնաց նաև շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից 58 մլն դրամի իջեցնելու դրույթը (ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից)։ Կառավարության գործելաճը հասկանալի է. չեն ցանկանում շտապել և կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հետո կրկին ճշգրտելու անհրաժեշտություն կառաջանա։ Սակայն փաստն այն է, որ նոր կառավարության գործունեության 2 ամիսների ընթացքում գործարար միջավայրը՝ հարկային օրենսդրության տեսանկյունից, ավելի գրավիչ չի դարձել։
Սակայն կա նաև մեկ այլ հանգամանք։ Ինչպես նշեցինք՝ հետաքրքրությունն աճել է, սակայն անորոշությունը՝ պահպանվել (գուցեև՝ մեծացել)։ Սակայն դրա հետ միաժամանակ՝ ավելացել են տեղի ու դրսի գործարարների վախերը։
ԱԱԾ-ի, Դատախազության և նման այլ կառույցների բացահայտումները տարբեր մասնավոր ընկերություններում, բնականաբար, սպասելի և հաճելի են հասարակության համար (հատկապես, եթե բիզնեսի տերերը հայտնի օլիգարխներ են)։ Սակայն բիզնեսը նման քայլերն այլ կերպ է ընկալում։ Բիզնեսը տեսնում է, որ այսօր գործարարները պատժվում են այն պատճառով, որ գործել են նախկին իշխանության խաղի կանոններով։
Օրինակ, նույն «Ալեքս Հոլդինգն» իր սուպերմարկետներում ա/ձ-ներ էր գրանցել ոչ թե թաքուն կերպով, այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաների (պետության) հետ համաձայնությամբ։ Այո, իրավական առումով եղել է օրենքի խախտում, պայմանավորվածությունը կրել է ոչ թե կոռուպցիոն բնույթ, այլ թերի Հարկային օրենսգրքի պատճառով խնդիրներին լուծում տալու համար։ Ընդ որում, լրացուցիչ տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ բիզնեսին այդ խաղի կանոններն առաջարկած պետական պաշտոնյաները ոչ միայն չեն պատժվում, այլ հակառակը՝ վերանշանակվում են բարձր պաշտոնների։
Մեկ այլ օրինակ է Ամուլսարի հանքը։ Թեպետ կառավարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել այս հարցով, բայց արդե՛ն իսկ այս հապաղումը և հարցը չլուծված թողնելը բացասական մեսիջ է պոտենցիալ ներդրողներին։ Դրսի գործարարին, մեծ հաշվով, չի հետաքրքրում՝ Հայաստանի վարչապետը Սերժ Սարգսյանն է, Նիկոլ Փաշինյանը, թե Պողոս Պողոսյանը։
Նրա համար կա գործընկեր՝ Հայաստանի Հանրապետություն։ Նա տեսնում է, որ միջազգային ընկերությունը Հայաստանի Հանրապետությունից ստացել է կոնկրետ բիզնեսով զբաղվելու թույլտվություն, և այսօր այդ նույն Հայաստանի Հանրապետությունը որևէ քայլ չի ձեռնարկում՝ վերացնելու այդ ընկերության գործունեության խոչընդոտները։ Այս դեպքում, անգամ հանքի լիցենզիան կասեցնելը (համապատասխան հիմնավորումների դեպքում) ավելի քիչ վնաս կհասցներ մեր համբավին՝ որպես ներդրումային գործընկեր, քան գործնական քայլեր չանելը։ Կարճ ասած, կառավարության որոշ քայլեր այսօր կանխատեսելիության խնդիր են ստեղծում գործարարների մոտ։
Ինչ խոսք, սա չի նշանակում, որ անցումային այս շրջանում նոր ներդրումներ չեն լինի։ Օրինակ, վերջերս հայտարարվեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած այցելության ընթացքում 30 մլն դոլարի ներդրումների համաձայնություն է ձեռք բերվել։ Սակայն համաձայնությունը կամ ներդրման խոստումը մի բան է, ռեալ ներդրումը՝ մեկ այլ բան։ Ու, թերևս, ավելի ճիշտ կլինի, եթե այս փուլում կառավարությունն իր ուշադրությունը կենտրոնացնի ոչ թե՝ նոր ներդրումներ բերելու, այլ՝ ընթացիկ ներդրումային ծրագրերի շարունակականությունն ապահովելու վրա։
Այսինքն՝ առիթներ չտա, որպեսզի Հայաստանում ներդրում անել պատրաստվող գործարարները՝ տեղացի ու օտարերկրյա, «ոտքը կախ գցեն»՝ սպասելով ավելի կանխատեսելի ժամանակների։ Ներդրումների կոչ անելը և համոզելն արդյունք չի տա (երբեք էլ չի տվել)։
Ներդրողին համոզելու լավագույն ճանապարհն այնպիսի միջավայր ու մթնոլորտ ձևավորելն է, որտեղ իմաստ կլինի ներդրում անել։ Իսկ դրա համար առնվազն պետք է զգույշ գործել՝ բիզնեսին «չխրտնեցնել»։