Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել կայուն զարգացման վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական ֆորումին
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 18-ին ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո գումարված կայուն զարգացման վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական ֆորումին:
Իր խոսքում նախարար Մնացականյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով։ Նա ընդգծեց Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյան թիմի միջև ձևավորված գործընկերային սերտ կապերն ու համագործակցությունը, որոնք մասնավարապես ուղղված են նորարական նախաձեռնությունների խրախուսմանը: Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում նախարարը մեծապես կարևորեց Հայաստանի հասարակական կյանքի անբաժան մասը հանդիսացող կենսունակ և ուժեղ քաղաքացիական հասարակության դերակատարությունը։
ՄԱԿ-ի 2030 օրակարգի արդյունավետ իրականացման առումով նախարար Մնացականյանն ընդգծեց նաև տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ այն կարող է ոչ միայն հիմք ծառայել հարևան երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդման համար, այլ հանդես գալ որպես վստահության ձևավորման կարևոր միջոց:
Իր ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ նաև նախօրեին ՄԱԿ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների և թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող Հայաստանի առաջին ազգային կամավոր զեկույցին:
Ներկայացնելով Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները և դրան հաջորդած զարգացումները՝ նախարար Մնացականյանը ընդգծեց, որ նոր կառավարությունը ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնում է բարեփոխումների համապարփակ օրակարգ՝ ուղղված երկրում օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը: