«ՀՀ իշխանություններն ուռճացված սպասումներ ունեին Եվրոպայից»
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին սպասում է հայկական կողմի կոնկրետ գաղափարներին և առաջարկներին, որպեսզի ՀՀ-ԵՄ հարաբերությունները և ԵՄ աջակցությունը ՀՀ-ին համահունչ լինի ՀՀ նոր իշխանությունների ակնկալիքներին: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ակնարկեց դեսպան Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ԵՄ-ն չի փոխել իր քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ում հեղափոխությունից հետո, ավելին, այն նույնն է, ինչ 3 կամ 4 ամիս առաջ:
Հիշեցնենք, որ Փաշինյանը հուլիսի 11-12-ը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ամփոփիչ ճեպազրույցում բավականին քննադատական տոնով անդրադարձել էր ՀՀ-ի նկատմամբ ԵՄ քաղաքականությանը. «Հեղափոխությունից հետո մենք ԵՄ-ից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց ըստ էության՝ քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա: Այսինքն՝ ԵՄ քաղաքականությունը նույնն է, ինչ չորս ամիս, երեք ամիս առաջ էր: Եվ ես հարցն այսպես եմ ձևակերպում. մենք սա արձանագրում ենք և կարծում ենք, որ կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունն էականորեն փոխել»:
Նա նաև ասել էր, թե իր բոլոր հանդիպումներին ընդգծել է, որ ժողովրդավարությունն իրենց համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ:
«Եվ հույս ունեմ, որ Եվրամիությունում էլ հենց այդպես են ընկալում իրավիճակը: Քանի որ ժողովրդավարությունը մեզ համար համոզմունք է և արժեքային համակարգ, ես որևէ կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչև վերջ կտանենք, և հաջողություն կարձանագրվի. վերադարձ նախկին ռեժիմին չի լինի, ես դա բացառում եմ միանշանակ»,- շեշտել էր Փաշինյանը: Նա նաև ընդգծել էր, որ միջազգային գործընկերների աջակցությամբ ավելի արագ կարելի է իրականացնել այդ բարեփոխումները, բայց մենք հայցորդի կարգավիճակում չենք։
Խոսելով Փաշինյանի բրյուսելյան այցի արդյունքներից և նրա արած հայտարարություններից, Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ՀՀ վարչապետն իր այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և ուղերձը, որը հղվել է նրանց կողմից, շատ հստակ էր` ԵՄ-ն ողջունում է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում, և պատրաստ է աջակցել բարեփոխումների ընթացքին: Սրանք, նրա գնահատմամբ, հստակ ու ուժեղ բարեկամական ուղերձներ են, որոնք փոխանցվել էին ՀՀ վարչապետին բոլոր հանդիպումների ընթացքում:
«Ես հասկանում եմ, որ վարչապետը հնարավորություն էր ունեցել արտահայտել իր սեփական ուղերձները նրանց ուղղված, և մենք այստեղ կաշխատենք կառուցողական մոտեցմամբ այս հռչակագիրը գործողությունների վերածելու համար: Ես պարտավոր եմ հասկանալ, թե ինչպես կարող ենք կոնկրետ գործողություններով աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումներին»,- նշեց Սվիտալսկին: Դեսպանն ասաց, որ շատ բաց են լսելու այն ակնկալիքները, որոնք ունի ՀՀ կառավարությունը:
«Ինչպես գիտեք, ես հանդիպել եմ և հանդիպում եմ կառավարության ներկայացուցիչների, նախարարների հետ, և յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տալիս ենք հարց, թե ինչպես օգնենք, ինչ եք ակնկալում մեզնից, սա այն է, ինչը մենք իսկապես վճռական ենք շարունակել: Մենք կցանկանայինք լսել մեր գործընկերներից կոնկրետ գաղափարներ, թե ինչ ձևով ԵՄ-ն կարող է օգտակար լինել: Որոշ նախնական գաղափարներ ստացել ենք, կցանկանայինք ունենալ համապարփակ պատկեր: Երբ ունենանք այդ պատկերը, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել: Ինչ ենք լսել, որ նրանք ակնկալում են ինստիտուցիոնալ տեխնիկական և ֆինանսական աջակցություն, որպեսզի առաջ շարժվենք, անհրաժեշտ է, որպեսզի մենք շատ կոնկրետ գաղափարներ ստանանք:
ԵՄ-ն կառուցողական է տրամադրված, հասկանում ենք, որ ՀՀ նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ, նախարարների մեծ մասը նոր են կառավարման համակարգում, նրանք պետք է նկատի առնեն, թե որն է լավ Հայաստանի համար: Կարող եմ ասել, որ, ինչպես և նախկինում, մենք՝ որպես ԵՄ, այստեղ՝ ՀՀ-ում, կառուցողական ենք տրամադրված»,- հստակեցրեց Սվիտալսկին:
Հարցին, թե Փաշինյանի և իր հայտարարություններն արդյոք չե՞ն հակասում, դեսպան Սվիտալսկին պատասխանեց, որ այն ջերմ հայտարարությունները, որ իրականացվել են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, իսկապես հիմնված էին լուրջ տրամադրվածության վրա:
«Ինչպես ասացի, մենք պետք է ստանանք կոնկրետ գաղափարներ մեր հայ գործընկերներից և միասին քննարկենք` ինչպես առաջ տանենք այս գաղափարները: Սրանք պետք է շատ կոնկրետ քննարկումներ լինեն: Մենք գործում ենք կոնկրետ շրջանակներում, ԵՄ-ն բարդ կազմակերպություն է, հավանաբար որոշ մարդկանց համար դժվար է հասկանալ, թե ինչպես ենք մենք գործում, գուցե ձեզ համար ևս հարկ կլինի կազմակերպել սեմինար: Այս շաբաթ օրը մենք կազմակերպում ենք սեմինար ՀՀ պաշտոնյաների` նոր փոխնախարարների համար, օգնելու համար նրանց հասկանալ՝ ինչպես է ԵՄ-ն աշխատում, ինչ հնարավորություններ կան ԵՄ-ի հետ: Որպեսզի դուք հասկանաք, մեր հարաբերությունների իրավական և քաղաքական հենքը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է և գործընկերության առաջնահերթությունների փաստաթուղթը:
Քաղաքական օրակարգը սահմանվում է գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթով, որը բանակցվել էր նախորդ իշխանության հետ, մենք պատրաստ ենք քննարկել գաղափարները, մեր կողմից կա լիարժեք բաց տրամադրվածություն՝ քննարկելու՝ ինչ կցանկանաք փոխել մեր հարաբերություններում: Հարկ է հասկանալ, որ չկա փոփոխություն ԵՄ-ի նկատմամբ հայկական քաղաքականության մեջ, իսկ դուք ասում եք, որ այս հայկական գոյություն չունեցող քաղաքականությունը փոփոխության պետք է հանգեցնի ԵՄ-ի կողմից: Կարող եք բացատրել` ինչպես համատեղել այս երկուսը»,- նկատեց Սվիտալսկին: Նա նաև շարունակեց ասելով. «Իսկ, եթե ավելի լուրջ, ապա մեզ անհրաժեշտ են հստակ գաղափարներ, հստակ ակնկալիքներ, և մենք պատրաստ ենք քննարկել»:
Քաղաքական վերլուծաբանները գտնում են, որ ՀՀ իշխանությունների ակնկալիքները ԵՄ-ից անհարկի ուռճացված են եղել:
«168 Ժամի» հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան, մեկնաբան Գելա Վասաձեն ասաց, որ հեղափոխությունից հետո միանգամից Հայաստանը դիտարկել ժողովրդավար երկիր՝ շատ համարձակ քայլ է: Նրա խոսքով՝ հեղափոխությունը երկիրը ժողովրդավարական չի դարձնում: «Ժողովրդավարական երկրներն անցկացնում են ժողովրդավարական ընտրություններ և կայացնում են ժողովրդավարական ինստիտուտներ: Դեռ դա չի եղել: Հայաստանն ունի ԵՄ-ի հետ համաձայնագիր, այնտեղ ամեն ինչ հստակեցված է շատ տարիների համար, բացի դրանից, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այսինքն` ունի համապատասխան գործընկերներ և պարտավորություններ:
Ուստի տրամաբանական է, որ, եթե կլինեն այլ նախաձեռնություններ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրից բացի, կարելի է դիտարկել: Բայց ակնկալել, որ ԵՄ-ն Հայաստանին իր «գիրկը կառնի» միայն նրա համար, որ այստեղ իշխանություն է փոխվել, միամտություն է: Մենք դա արդեն անցել ենք: Դրանից հետո երկար ժամանակ Վրաստանը ստիպված եղավ մինչև հիմա ապացուցել իր եվրոպական կուրսը, մինչև հիմա Վրաստանը մի շարք այլ համաձայնագրեր ունի ԵՄ-ի հետ, բայց դա երկար գործընթաց է:
Ասել, որ ԵՄ-ն երազում է Հայաստանին, Վրաստանին կամ որևէ այլ երկրի տեսնել իր կազմում կամ իր գործընկերոջ կարգավիճակում, սխալ կլինի: ԵՄ-ին պետք չէ ո՛չ Հայաստանը, ո՛չ Վրաստանը: Մեզ է անհրաժեշտ ԵՄ-ն, մենք պետք է ապացուցենք, որ արժանի ենք իրենց չափանիշերին: Իսկ այլ կերպ չի լինի. ասել, որ մենք արեցինք հեղափոխություն, ուստի որևէ մեկը մեզ պարտք է, չի կարող լինել նման բան»,- ասաց Վասաձեն:
Նա նաև բնական է համարում ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորները չեն փոխվում, քանի որ Հայաստանն այլ ելք չունի, ներկայումս ռուսական ուղղությամբ կայացած կոնտակտներ, հարաբերություններ կան, իսկ ԵՄ-ին մենք նաև պետք չենք: «Ուստի առաջնահերթությունը Ռուսաստանն է լինելու, ինչ վերաբերում է ԵՄ-ին, կա համաձայնագիր, դա լավ համաձայնագիր է, ես կարդացել եմ, գիտեմ, որ այն բավականին լայն է: Կասեմ հետևյալը` եթե կատարվի դրանում ընդգրկված բովանդակության 70-80 տոկոսը, այն չափանիշերը, որոնցով Հայաստանն է ապրում, շատ լավը կլինեն»,- ասաց Վասաձեն:
Իր հերթին՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ խնդիրը նրանում է, որ հայկական կողմում ուռճացված սպասումներ են եղել, որ թավշյա հեղափոխությունն արմատապես փոխելու է եվրոպական աջակցությունը և բերելու է ֆինանսական լուրջ աջակցության աճի: Նրա կարծիքով՝ ի սկզբանե նման սպասումները սխալ էին, քանի որ դա երբեք չի եղել խաղի կանոն ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Ավելին, ըստ նրա, ՀՀ-ԵՄ համագործակցության բանաձևը և կողմերի անելիքները հստակ շարադրված են 2017 թ. ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:
«Ն.Փաշինյանի առաջին այցելությունը Բրյուսել, պետք է արձանագրել, որ շատ լավ անցավ, լավ էր՝ վերաբերմունքի առումով, սակայն դա դեռ չէր նշանակում, որ դրա արդյունքում Եվրոպան տալու է ավելին, քան տվել է նախկինում: Եկեք հասկանանք հետևյալը, որ ԵՄ-ՀՀ համաձայնագրում ասված է, որ այս շրջանակում, եթե ՀՀ-ն իր առջև խնդիր կդնի անել շատ, ապա կստանա շատ, և եթե մենք վերանանք այսօրվա իշխանություններից, նախորդ իշխանությունների դեպքում դա չէր նշանակում, թե չանելով ոչինչ, կար ինչ-որ նվազագույն գումար, որը ԵՄ-ն այսպես կամ այնպես տալու էր, և այժմ դա պետք է բազմապատկվի:
Այդպես չէ, այդպես չի եղել որևէ երկրի և ԵՄ հարաբերություններում: Այս կտրվածքով պաշտոնական Երևանի սպասելիքներն ուռճացված են եղել ու անհիմն, որովհետև ավելին ստանալու համար ոչ թե խաղի կանոնները ենթադրել են ընդամենը հեղափոխություն անել, այլ Հայաստանի մոդեռնիզացիայի և ՀՀ-ում ռեֆորմների հարցում ավելին անել: Դեսպան Սվիտալսկու ասածն այս տրամաբանության մեջ է: Եթե ՀՀ կառավարությունը կներկայացնի ռեֆորմների, անելիքների ծրագիր, համարժեք չափով իր աջակցությունը կհայտնի, ինչպես ամրագրել է նախկինում: Դեսպան Սվիտալսկին կրկնել է այն, ինչ հայտնի էր վաղուց:
Կարիք չկա, որպեսզի ՀՀ իշխանություններն այս գեղեցիկ այցելությունից հետո հիասթափություններ ունենան, առավել ևս հիասթափություններ ներարկվեն ՀՀ հասարակության մեջ, թե Եվրոպան մեզ չի սիրում»,- ասաց Սաֆարյանը: Նրա խոսքով՝ եթե ակնարկի հիմքում գտնվում են Ուկրաինան կամ Վրաստանը, ապա եկեք չմոռանանք, որ այդ երկրների իշխանությունները հայտարարել են, որ իրենք ցանկանում են լինել եվրոպական ընտանիքի անդամ, որը ենթադրում է բարեփոխումների այնպիսի ծավալ, որը թանկ արժե, և ԵՄ-ն այս դեպքում իր խոստմանը համաձայն` այդ թանկարժեք բարեփոխումներին օգնել է:
«ՀՀ-ն նման նպատակ չի դնում, ավելին, Ն.Փաշինյանն իր մեկ այլ հայտարարությամբ ասում է, որ ժողովրդավարությունը չպետք է շփոթել արտաքին քաղաքական կողմնորոշման հետ: Այսինքն` մենք չենք դնում այնպիսի նպատակ, ինչ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան: Ուստի ԵՄ-ին մեղադրել, որ չի տալիս ավելին, ճիշտ չէ, որովհետև ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել տալ այնքան, որքան կարժենան այդ բարեփոխումները:
Ուստի առանց ծրագիր, ժամկետներ, սկզբունքներ, երաշխիքներ, արդյունքների գնահատում ներկայացնելու, ԵՄ-ն ոչինչ չի անի: Սվիտալսկին ասում՝ եթե ձեր հավակնություններն ավելին են, քան համաձայնագրում գրված է, ապա դա, անշուշտ, ԵՄ-ն պետք է քննարկի: Գիտեք, որ ԵՄ 28 երկրները համաձայնություն են տալիս բանակցությունների մեկնարկին, ապա վավերացնում են բանակցությունների արդյունքները, այս պահին մեր շրջանակային համաձայնագիրը ևս վավերացման փուլ է անցնում: Եթե ՀՀ ակնկալիքներն ավելին են, քան ներկայիս համաձայնագիրն է, ապա Սվիտալսկին ասում է, որ ընթացակարգը դա է լինելու:
Բայց հարկ է նշել, որ ՀՀ իշխանություններն Ասոցացման համաձայնագրից չեն խոսել, այսինքն` Ն. Փաշինյանի կառավարությունն ԱԺ ծրագիր ներկայացնելիս երկու բան է շեշտել` համաձայնագրի իրականացում և վիզաների լիբերալիզացիայի երկխոսության մեկնարկ, նրանք են սահմանել այն, ինչ ցանկանում են: Եթե ակնկալիքները փոխվել են, ամբիցիաները մեծացել են, ապա դա նույնպես պետք է 28 երկրների և Երևանի միջև բանակցվի: Եթե ՀՀ-ն ավելին է ուզում, ապա պետք է դուրս գա ներկայիս շրջանակից: Ակնկալել, որ նախկին շրջանակի շրջանակում՝ կախված իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, օժանդակությունն է ավելանում, այդպես չէ»,- ասաց Սաֆարյանը: