Բաժիններ՝

«Այո՛, մենք միայն վարչարարությամբ ու ժողովրդի խանդավառության հիման վրա ենք արդյունքներ ապահովում». ՊԵԿ նախագահ

Կառավարությունը սեպտեմբերին հանրությանը կներկայացնի Հարկային օրենսգրքի բերափոխումների փաթեթ։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝  պատասխանելով 168.am-ի հարցին, թե վերջին շրջանի բացահայտումներից բացի, ի՞նչ է արվում տնտեսությունը խթանելու համար, քանի որ շատ տնտեսվարողներ բողոքում են, որ ներկայիս պայմաններում «սպիտակ» աշխատելը շատ դժվար է։

Ըստ նրա՝ կառավարությունում քննարկումներ են ընթանում, ՊԵԿ-ն իր առաջարկները կներկայացնի՝ որպես հարկային վարչարարություն իրականացնող մարմին, իսկ քաղաքականությունն իրականացնում է Ֆինանսների նախարարությունը։

«Մենք պարտավոր ենք ՀՕ փոփոխություններ իրականացնել, որպեսզի իրավունքի տեսանկյունից էլ որևէ խնդիրներ չառաջացնենք տնտեսվարողների համար։ Մասնավորապես՝ կապիտալն ու եկամուտը պետք է քիչ հարկենք, սպառումը՝ շատ։ Եթե մենք իջեցնենք հարկային բեռը կապիտալի ու եկամուտների նկատմամբ, տնտեսության խթաններ կլինեն։ Քանի դեռ չենք իջեցրել, այո՛, մենք միայն վարչարարությամբ ու ժողովրդի խանդավառության հիման վրա ենք արդյունքներ ապահովում։ Պետք է նաև ՀՕ որոշակի փոփոխություններ, վերանայումներ անենք, որ տնտեսությունը սկսի շնչել»,- ասաց Դ.Անանյանը։

Նրա խոսքով՝ սեպտեմբերին գլոբալ, հեղափոխական փոփոխություններ չեն սպասվում, բայց այդ հեղափոխական փոփոխությունների քննարկումները սկսվել են, և ինչ-որ  ժամանակ հետո մենք ունենալու ենք այլ հարկային համակարգ.

Կարդացեք նաև

«Բայց մենք հիմա պարտավոր ենք համակարգը ճշգրտել այնպես, որ տնտեսությունն ուղղակի չլինի հարկային օրենսդրության գերի։ Մենք էլ՝ որպես հարկային վարչարարություն իրականացնող կամ հարկահավաք մարմին, ուզում ենք, որ ավելի շատ հարկերը հավաքվեն տնտեսական աճով պայմանավորված հարկային պարտավորությունների հաշվին, քան թե մենք գնանք վարչարարության գործիքներով հավաքենք։ Վարչարարությունն իրականում պետության համար շատ թանկ հաճույք է»։

ՊԵԿ նախագահը նշեց, որ եկամտային հարկը 21% իջեցնելու դեպքում տնտեսվարողի մոտ առաջանում է աշխատավարձի գծով ծախսը հայտարարագրելու մոտիվացիա, որովհետև աշխատավարձի գծով ծախսը շահութահարկի առումով ծախս է, այսինքն՝ 21 % եկամտային հարկ վճարելով՝ տնտեսվարողը 20% շահութահարկ նվազեցնելու հնարավորություն կունենա, բայց այսօրվա 28% կամ 36% պայմաններում եկամտային հարկի բարձր դրույքաչափերն այդ նվազեցումը չեն մոտիվացնում հարկ վճարողների մոտ.

«Հետևաբար՝ դրույքաչափերի փոփոխության արդյունքում մենք կստեղծենք չգրանցված աշխատողների և աշխատավարձերի թերհայտարարագրումը բացառելու իրական մոտիվացիաներ»։

Մեր հարցին, թե միջազգային կառույցներն ի՞նչ վերաբերմունք ունեն սպասվող փոփոխություններին, Դ.Անանյանը պատասխանեց, որ շատ ադեկվատ վերաբերմունք ունեն, որովհետև տեսնում են կառավարության ջանքերը և խնդիր չունեն նորարարության հետ, քանի որ կառավարությունը հստակ քայլերով առաջ է գնում.

«Միջազգային կառույցները միայն բյուջետային մուտքերի մասին են մտածում, թե արդյոք կկարողանա՞ ապահովել այն ծախսերը, որ իր վրա վերցրել է։ Դոմինանտը կառավարության խոսքն է, եթե կառավարությունն ունի հստակ ծրագիր և տեսլական և ասում է՝ այս գործելաոճով ապահովելու ենք սա, սա, միջազգային գործընկերները որևէ խնդիր չունեն մեզ հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս