Բաժիններ՝

«Հայկական Մեսսի» կամ ինչպես լիբանանահայ երիտասարդը հայտնվեց ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում

Արտաշես Կարապետյանը բնակվում է Լիբանանում: Իր աշխատանքային գործունեությունը սպորտի հետ կապ չունի, երկար տարիներ ներկայացնում է մասնավոր բիզնես ընկերություն, որը սարքավորումներ է մատակարարում հանրային սննդի կետերին:

Տարիներ առաջ հարազատների, ընկերների շրջանում սկսեցին խոսակցություններ այն մասին, որ Արտաշես Կարապետյանը նման է աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: Հետագայում, երբ Արտաշեսը որոշեց չսափրվել և արտաքին տեսքին նոր շունչ հաղորդել, այդ ժամանակ արդեն նա հայտնվեց ֆուտբոլասերների լայն շրջանի ուշադրության կենտրոնում:

«Հայկական Մեսի». Ինչպես հայազգի երիտասարդը հայտնվեց ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում

«Հայկական Մեսսի». Ինչպես հայազգի երիտասարդը հայտնվեց ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում

Gepostet von Armenpress am Dienstag, 10. Juli 2018

«Տարօրինակ զգացողություններ էին, երբ ինձ կանչում էին Մեսսի անվամբ, հատկապես, երբ «Բարսելոնա»-ի կամ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով էի: Մարդիկ մոտենում էին, ցանկանում են ինձ հետ նկարվել: Ինձ համար ուրախալի է, որ նմանեցնում են ոչ թե պարզապես ֆուտբոլիստի, այլ խաղացողի, ով պատմություն է կերտել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Արտաշես Կարապետյանը:

Մեսսիին նման լինելու իրողությունը փոխեց Արտաշեսի կյանքը: Արդեն վերջին մեկ տարվա ընթացքում Արտաշեսը լիբանանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Նա պարբերաբար հրավերներ է ստանում մասնակցելու տարբեր միջոցառումների, հարցազրույցների, նկարահանումների: Նա այս ընթացքում բազմաթիվ ընկերներ է ձեռք բերել, ընդլայնել ծանոթությունների, գործընկերների շրջանակը: Մեր այն հարցին, թե արդյոք Մեսսիին նման լինելու փաստին փորձում է կոմերցիոն շեշտադրումներ հաղորդել, Արտաշես Կարապետյանը նշեց, որ այս գործում ֆինանսներն իրեն ամենից քիչն են հետաքրքրում:

«Ես Մեսսիի կերպարով Լիբանանում մասնակցում եմ բավական շատ միջոցառումների: Ինձ առաջարկում են գումարներ, սակայն մերժում եմ: Այս ամենի մեջ ես իրականում կոմերցիոն նպատակ չեմ դնում, պարզապես մարդկանց ուրախություն եմ պատճառում»,-ասաց Արտաշեսը:

Արտաշեսն իր ընտանիքի անդամների հետ ֆուտբոլասերների շարքին է դասվում: Թեպետ ուշի ուշով հետևում են Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, սակայն իրենց երկրպագած հավաքականները մեծ հաջողություններ չեն գրանցել: Ինքը երեխաների հետ երկրպագում է Հոլանդիայի, իսկ կինը՝ Իտալիայի հավաքականին: Արտաշեսը ոչ միայն ֆուտբոլասեր է, այլև ֆուտբոլ խաղացող: Շուրջ 5 տարի Լիբանանում Հոմենեթմեն ֆուտբոլային թիմի խաղացող է եղել:

Արտաշեսն առաջին անգամ է Հայաստանում, թեպետ կարճ ժամանակով է, սակայն ձգտում է շատ տեղերում լինել: Այցելությունների նախընտրելի վայրերի ցանկում Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է:

«Կոչ եմ անում բոլոր այն հայերին, ովքեր չեն եղել Հայաստանում, անպայման գալ»,-հավելեց Արտաշես Կարապետյանը, ում, հարցազրույցից հետո, հանգիստ չէին տալիս պատահական անցորդները: Լուսանկարվելու համար միշտ պատրաստ Արտաշեսը չէր մերժում ոչ ոքի:

Աննա Գզիրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս