Ինչու է թուլացել տնտեսական ակտիվության աճը
Եվ այսպես, տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին թուլացել է։ Ինչպես արդեն նշել ենք, 2018 թվականի մայիսին՝ 2017 թվականի մայիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 5.4%-ով։ Իսկ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա հունվար մայիսի համեմատ, աճը 8.6% է։
Ինչպես կարող եք տեսնել գծապատկերում, աճը սկսել է թուլանալ ապրիլից. եթե մարտը՝ մարտի համեմատ ՏԱՑ, աճը 10.6% էր, ապա ապրիլը ապրիլի համեմատ, ցուցանիշը նվազեց մինչև 7.2%, իսկ մայիսին՝ մայիսի համեմատ, 5.4%։
Հունիսի ցուցանիշը դեռ չի հրապարակվել, այն կհրապարակվի հուլիսի 20-ին։ Որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, որ աճի թուլացման միտումը կշարունակվի, ինչը մտահոգիչ է։
Ավելին, ինչպես նկատում եք, նվազումը համընկել է թավշյա հեղափոխության ամիսներին (ապրիլ և մարտ), ինչը կարող է տպավորություն ստեղծել, որ տնտեսական ակտիվության թուլացումը պայմանավորված է հենց հեղափոխությամբ։
Ինչ խոսք, քաղաքական փոփոխությունները մեծացնում են անորոշությունը գործարար միջավայրում և բացասաբար են ազդում տնտեսական ակտիվության վրա. անգամ ընտրությունների ժամանակ է նման միտում նկատվում։ Սակայն մակրոտնտեսական տվյալների ավելի խորն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տնտեսական ակտիվության աճի թուլացման հիմնական «մեղավորը» քաղաքական փոփոխությունները չեն։
Եթե տնտեսական ակտիվության աճի թուլացումը պայմանավորված լիներ քաղաքական իրողություններով, ապա այդ բացասական ազդեցությունը պետք է զգացվեր բոլոր ոլորտներում, առաջին հերթին՝ ծառայությունների և առևտրի ցուցանիշներով։ Սակայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն այլ բան են ցույց տալիս։ Այսպես, ծառայությունների ծավալը 2018թ. մայիսին՝ 2017թ. մայիսի համեմատ, աճել է 17%-ով։ Շինարարությունն ու ներքին առևտրաշրջանառությունն աճել են 8.8%-ով։
Գյուղատնտեսությունը մնացել է անփոփոխ։ Իսկ ահա արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 3.1%-ով։ Այսինքն, ՏԱՑ-ի տեմպի թուլացումը 12-ամսյա կտրվածքով պայմանավորված է միայն արդյունաբերության ոլորտի ցուցանիշներով։
Սակայն մի քիչ էլ «մանրանանք» և փորձենք հասկանալ, թե ինչու է նվազել արդյունաբերական արտադրանքի ծավալը։
ԱՎԾ-ն արդյունաբերության ոլորտի ցուցանիշները ներկայացնում է՝ ըստ 4 խոշորացված խմբերի՝ 1. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, 2. մշակող արդյունաբերություն, 3. էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում և 4. ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում։
Այդ տվյալները ցույց են տալիս, որ ամենախոշոր նվազումը գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում. 2018 թվականի մայիսին այս ոլորտի արտադրանքի ծավալը կազմել է 23.5 մլրդ դրամ, որը 18.2%-ով քիչ է նախորդ տարվա մայիսի ցուցանիշից։
Ընդանուր արդյունաբերության ծավալը մայիսին մոտ 136 մլրդ դրամ է, և ամբողջ արդյունաբերության նվազումը 3.1%-ով գրեթե ամբողջությամբ պայմանավորված է հանքարդյունաբերությամբ։ Ընդ որում, հանքարդյունաբերական արտադրանքի արժեքային նվազումը պայմանավորված է ոչ թե պղնձի գների անկմամբ, այլ արդյունահանման ծավալների նվազմամբ։ Այսպես, եթե 2017 թվականի մայիսին արդյունահանվել էր 36.4 հազար տոննա պղնձի խտանյութ, ապա այս տարվա մայիսին արդյունահանվել է 28.2 հազար տոննա։
Մշակող արդյունաբերության ծավալը 12-ամսյա կտրվածքով նույնպես նվազել է, սակայն շատ քիչ չափով։ 2018 թվականի մայիսին՝ 2017 թվականի մայիսի համեմատ, մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալը նվազել է 0.4%-ով և կազմել 92.5 մլրդ դրամ։ Նշենք, որ այստեղ էլ անկումը հիմնականում պայմանավորված է խմիչքների արտադրության 18%-անոց նվազմամբ։
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի դանդաղումը պայմանավորված է հիմնականում 2 գործոններով՝ հանքարդյունաբերության և խմիչքների արտադրության ոլորտներով։
Սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունն ուշադրությունը պետք է կենտրոնացնի այս ուղղությունների վրա՝ անկման պատճառները հասկանալու և վերացնելու համար։