Ո՞վ է թուրքական բանակի գլխավոր շտաբի նորանշանակ պետը

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի  ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո Թուրքիան ունի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է նշանակվել ցամաքային զորքերի արդեն նախկին հրամանատար բանակի գեներալ Յաշար Գյուլերի:

Իսկ  գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը նշանակվել է պաշտպանության նախարար:

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետ Յաշար Գյուլերը ծնվել է 1954թ.-ին պատմական Հայաստանի, ներկայիս Թուրքիայի Հանրապետության Արդահան քաղաքում:

1974թ.-ին ավարտել է Ցամաքային զորքերի ռազմական ուսումնարանը և ստացել լեյտենանտի կոչում:

Տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թուրքիայի զինված ուժերում: Իտալիայի Նեապոլ քաղաքում տեղակայված  ՆԱՏՕ-ի Հարավային հրամանատարության կապի ղեկավարի օգնականն է եղել: 1999-2000թթ. «Գործընկերություն հանուն խաղաղության ուսումնական կենտրոնի» հրամանատարի, իսկ 2000-2001թթ. ԶՈՒ գլխավոր շտաբի զորավարժությունների վարչության պետի պաշտոններն է զբաղեցրել:

2001-ին ստացել է գեներալ-մայորի, 2005-ին՝ գեներալ-լեյտենանտի, իսկ 2009-ին՝ գեներալ-գնդապետի կոչում: 2009-2010թթ ղեկավարել է քարտեզագրության ընդհանուր հրամանատարությունը, 2010-2011թթ. եղել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, իսկ 2011-2013թթ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության պետ:

2013թ.-ին ստացել է բանակի գեներալի կոչում, 2013-2016թթ. եղել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, 2016-2017թթ՝ Ժանդարմերիայի ընդհանուր հրամանատար:

2017թ. օգոստոսի 2-ին Զիվորական բարձրագույն խորհրդի որոշմամբ նշանակվել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար: Եվ հիմա արդեն կպաշտոնավարի իբրև ԶՈւ ԳՇ պետ:

Այսպիսով Յաշար Գյուլերը դարձավ թուրքական բանակի գլխավոր շտաբի 30-րդ պետը:  Նա տիրապետում է անգլերենին: Ամուսնացած է, ունի մեկ երեխա, երկու թոռ:

haberturk.com

Տեսանյութեր

Լրահոս