Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը քիչ հավանական է համարում, որ Երևանի նոր քաղաքապետը կլինի ՀՀԿ-ից

Երևանի ավանագու «Ելք» խմբակցությունը դեռևս չի հստակեցնում իր դիրքորոշումը քաղաքապետի ընտրության հարցի առնչությամբ։ Հիշեցնենք, որ երեկ հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

168.am-ը ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են իրենք պատկերացնում քաղաքապետի ընտրությունը, և արդյո՞ք արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն տեսնում են։ Ի պատասխան՝ Դ. Խաժակյանն ասաց, որ այդ հարցերը խմբակցությունում դեռևս չեն քննարկել. «Մոտ օրերս դրանք կպարզաբանենք, երբ հասկանանք այս պահին ընտրությունների կամ թեկնածուի առաջադրման նպատակահարմարությունը»։

Նա ասաց, որ իրենք պետք է քննարկեն օրենքի հնարավորությունները ժամկետի առումով՝ և՛ խմբակցության, և՛ դաշինքի շրջանակներում, և հետո որոշում կայացնեն։

Դ. Խաժակյանը գտնում է՝ քաղաքապետը չպետք է լինի ՀՀԿ-ից։ Հարցին՝ եթե ավագանու նոր ընտրություններ չլինեն, որքանո՞վ է ձեզ համար ընդունելի, որ քաղաքապետը լինի մեծամասնություն հանդիսացող ՀՀԿ-ից՝ Դ. Խաժակյանն այսպես պատասխանեց. «Դա մեզ համար ընդունելի չէ, ու ես դա քիչ հավանական եմ համարում»։

Նա կարծիք հայտնեց, որ, եթե նոր ընտրություններ չլինեն, քաղաքապետը պետք է լինի փոքրամասնություն կազմող ուժերից որևէ մեկից։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էր, որ «Ելքում» քաղաքապետի թեկնածուի համար քննարկվում է խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանի թեկնածության հարցը։ Այս լուրերի առնչությամբ Դ. Խաժակյանն ասաց. «Խմբակցությունում յուրաքանչյուր 30 տարին լրացած ավագանու անդամ կարող է լինել մեր քաղաքապետի թեկնածուն»։

Մեր ճշտող հարցին, թե քննարկում եղե՞լ է այդ հարցի շուրջ՝ Դ. Խաժակյանը պատասխանեց, որ չի եղել։

Տեսանյութեր

Լրահոս