«Կարեն Կարապետյանի լիազորությունները դադարեցված չեն. Ծառայողական քննություն է իրականացվում». Դավիթ Անանյան
«Կարեն Կարապետյանի լիազորությունները դադարեցված չեն, համենայնդեպս, այդպիսի իրավական ակտ կամ հրաման չկա, չկա հարուցված քրեական գործ, կա ծառայողական քննություն, որն իրականացվում է չճշտված տեղեկությունները ճշտելու նպատակով»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը:
Նա ընդգծեց, որ չի կարող բացահայտել այն տեղեկատվությունը, որն այսօր ծառայողական քննության առարկա է:
«Կարեն Կարապետյանը, որպես օպերատիվ հետախութզության վարչության պետ, բարձր պրոֆեսիոնալ է, բայց որոշակի վարքագիծ այսօր դիտարկում ենք, ճշտվելու է, թե դա տեղի ունեցել է, թե ոչ: Ստացված տեղեկատվության հիման վրա իմ հրամանով ծառայողական քննությունն է իրականացվում: Հնարավոր երեք ելք կարող է լինել՝ առաջին՝ հերքվում է տեղեկատվությունը և Կարեն Կարապետյանը շարունակում է իր պաշտոնավարումը, երկրորդ՝ տեղեկատվության մի մասն է ճշտվում, մյուս մասը՝ հերքվում, և այդտեղ գնահատվում է նրա պաշտոնավարության նպատակահարմարությունը: Երրորդ՝ ամբողջ ծավալով տեղեկատվությունը ճշտելուց հետո, օրինակ՝ ՀՔԾ ուղարկելու նյութեր ենք ունենում: Այս պահին նա իր աշխատանքային գործունեությունն է իրականացնում իր չորս տեղակալների միջոցով»,- պարզաբանեց ՊԵԿ ղեկավարը՝ հավելելով, որ ծառայողական քննության առարկան վարչության գործունեությունն է, որի ղեկավարն այսօր Կարապետյանն է: