Տարոն Մարգարյանի հրաժարականը Փաշինյանի հորդորո՞վ է եղել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հրաժարական ներկայացրեց: Սա միանգամայն սպասելի իրադարձություն էր. տեւական ժանանակ է՝ Մարգարյանը փաստացի դադարեցրել էր գործունեությունը: Հունիսի 28-ին չի մասնակցել ավագանու նիստին, թեեւ բացակայությունը պաշտոնապես պատճառաբանվեց վատառողջությամբ:
Միաժամանակ իրավական դաշտում Տարոն Մարգարյանի շուրջ գնալով սեղմվում էր օղակը. ԱԱԾ-ում եւ ոստիկանությունում քրեական գործեր են հարուցվել, որոնցում շրջանառվում է նաեւ նրա անունը: ԱԱԾ-ն զբաղվում է նաեւ Մարգարյանի ունեցվածքի օրինականությունն ուսումնասիրելով: Այնպես որ, տեղի ունեցածը որեւէ նորույթ չէր, չնայած թավշյա հեղափոխությունց հետո Տ.Մարգարյանն ասել էր, թե իր օրակարգում հրաժարականի հարց չկա:
Հետաքրքիրն այն է, որ Մարգարյանը որեւէ կերպ չի մեկնաբանել իր հրաժարականը, չի մատնանշել թեկուզ եւ չնչին պատճառ: Պարզ չէ՝ հրաժարականը համաձայնեցված է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, թե ոչ: Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցին` ասելով, թե «հրաժարականի տեքստում ամեն ինչ ասված է»: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը երեկ չէր պատասխանում «Ժողովուրդ» օրաթերթի հեռախոսազանգերին:
Մինչ այդ, հիշեցնենք, Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հայտարարել էր, թե ինքը Մարգարյանին մեկ անգամ կհորդորի հրաժարական ներկայացնել, ու վերջինս կհետեւի այդ հորդորին, վարչապետը նաեւ ասել էր, թե Մարգարյանը քաղաքապետ է դարձել ընտրակաշառքով: Ու հիմա պարզ չէ՝ Մարգարյանի հրաժարականը Փաշինյանի հորդորով է տեղի ունեցել, թե նա այդ քայլին գնացել է` հարուցված ու նախապատրաստվող քրեական գործերը տեսնելով:
Մյուս կողմից, սակայն, պետք չէ մոռանալ, որ Մարգարյանը ՀՀԿ ԳՄ անդամ է, ԱԺ ընտրություններում էլ ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարն էր: Ասել է, թե նա նախկին իշխանության առանցքային դեմքերից էր, որն ընդունելի չէր նոր իշխանությունների համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: