Ինչ է կատարվում Ադրբեջանում
Ադրբեջանական մամուլ ընթերցելն առանձին հաճույք է: Տարիքով ավագ ընթերցողը կհիշի խորհրդային լրատվության հիմնական բանաձևը` «Գովասանք, բամբասանք, սպորտ ու եղանակի տեսություն»: Այն մեկին-մեկ բնութագրում է ադրբեջանական պատասխանատու մամուլը, ուր իշխանությունների գովք է, բամբասանք հայերի ու Հայաստանի մասին անկողմնակալ կարծիք հնչեցնողների մասին, մի քիչ տեղեկություն սեփական ու միջազգային սպորտի մասին ու եղանակի տեսություն:
Դժվար էր պատկերացնել, որ եղանակի տեսությունը հիմնական կդառնա ադրբեջանական պատասխանատու ԶԼՄ-ների համար: Բայց հուլիսի 3-ին սաստիկ շոգերի պատճառով վթար էր տեղի ունեցել, ապա հրդեհ բռնկվել «Ադրբեջանական ՊՇԷԿ-ում»: Էլեկտրակայանի աշխատանքի խափանման պատճառով հարևան երկրի տարածքի մեծ մասը, Ապշերոնի թերակղզին, երեք խոշոր քաղաքները` Բաքուն, Գյանջան և Սումգայիթը, հոսանքազերծվել էին:
Այս մասին լուրերը տեղականից ավելի արագ հրապարակեց արտասահմանյան մամուլը: Հնարավոր է, որ դա օբյեկտիվ պատճառներ ուներ: Նախ` դադարել էր աշխատել Մինգեչաուր քաղաքի մերձակայքում գործող և նախկինում այդ քաղաքի անունը կրող ՊՇԷԿ-ը:
Անդրկովկասի ու տարածաշրջանի ամենախոշոր ջերմաէլեկտրակայանը գործում է 1981թ.-ից: Ավագ Ալիևից մինչև կրտսերը գործող այս էլեկտրակայանը համարվում է ադրբեջանական էներգետիկայի առաջատար ու պարծանք: Նախագծային 2 600 ՄՎտ հզորությամբ կայանը երկրում գործող երկրորդ կայանին հզորությամբ գերազանցում է՝ մոտ երեք, իսկ երրորդ կայանին՝ համարյա 6,5 անգամ: Այն, ըստ ադրբեջանական մամուլի՝ վերջին անգամ հիմնանորոգվել էր 2003թ.-ին: Պարզ չէ, թե ՊՇԵԿ-ը որքան է վնասվել այս աղետից: Ադրբեջանական մամուլում որևէ տեղեկություն չկա:
Փոխարենը՝ վթարի հենց հաջորդ օրը հայտարարվեց, որ հետևանքները հաղթահարված են, ու երկրում վերականգնվել է էլեկտրամատակարարումը: Միայն հետո պարզ դարձավ, որ հոսանքի մատակարարումը հնարավոր է եղել Վրաստանից և Ռուսաստանից ներմուծվող հոսանքի հաշվին: Հաջորդ օրը` հուլիսի 4-ի երեկոյան, որոշ տարածքներ կրկին հոսանքազերծվեցին: Աննախադեպ խավար գիշերվա ընթացքում Բաքուն հայտնվեց թանձր մառախուղի մեջ: Մամուլը բնակչությանը հանգստացրեց հայտարարելով, որ մառախուղն աննախադեպ շոգերի պատճառով է, գոլորշին վերածվում է մառախուղի: Վթարից մոտ մեկուկես օր հետո մամուլը խորհրդային լավագույն ավանդույթներին հավատարիմ՝ գրեց. «Նախագահը միանգամից իր վերահսկողության տակ վերցրեց իրավիճակը, և պետական համապատասխան հիմնարկներին հրահանգվել է վերացնել վթարի հետևանքները և միջոցառումներ մշակել շահագործման հետագա անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ»: Կարճ ասած, համարյա խորհրդային պրոպագանդա, որ իր մեջ տեղեկատվություն միայն տողատակով է պարունակում:
Նախագահ Ալիևի աշխատակազմի տարածած պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է, որ «Երկրի լրատվամիջոցները օպերատիվ և ճշմարտացի տեղեկատվություն հրապարակեցին թե վթարի, թե դրանից հետո Գյանջայում քաղաքապետի նկատմամբ տեղի ունեցած մահափորձի մասին: Սակայն առանձին լրատվամիջոցների հրապարակումներ չեն բխում պետության ու ժողովրդի շահերից»: Հարևան երկրի տեղեկատվությանը հետևելով՝ կարելի է սովորել, թե ինչպիսին չպիտի լինի մամուլը: Տեսեք, այդ երկրում առավոտյան ժամը 10-ին բոլոր լրատվամիջոցները պաշտոնական տեղեկություն տարածեցին վթարի հետևանքների վերացման մասին:
Իսկ ժամեր անց (տեղական ժամանակով՝ ժամը 13:00-ին) նոր տեղեկություն տարածվեց այն մասին, որ իր աշխատանքները վերսկսել է Բաքվի մետրոպոլիտենը: Այսինքն՝ էլեկտրահոսանքի խոշոր սպառողները ոչ բոլորն են միացված սնուցման ցանցերին: Բայց այդ մասին ոչ մի խոսք չկա: Ինչպես նաև չկա վթարի ոչ մի լուսանկար կամ տեսագրություն: Ահա այսպես են պատասխանատու լրատվամիջոցներն ու նույնքան պատասխանատու իշխանությունները տեղեկատվություն ապահովում:
Փաստորեն, «պատասխանատվությունը» պահանջում է թաքցնել անգամ տեխնածին վթարների փաստն ու հետևանքները: Ադրբեջանական բոլոր չինովնիկներն ու լրատվամիջոցները միաբերան խոսում են երկրի էներգետիկ անվտանգության բարձր հուսալիության մասին: Պարզ բան է, հացի մասին սովորականից շատ խոսում են սովածները: Բայց դա կարևոր չի:
Հատկապես, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հիմա ավելի շատ տեղեկատվություն կա կոռուպցիայի շրջանակներում մեր երկրում կատարվող իրադարձությունների ու քրեականների նկատմամբ մեր ոստիկանների գործողությունների, քան իրենց երկրորդ քաղաքի ղեկավարի դեմ տեղի ունեցած մահափորձի մասին: Անկեղծ ասած, ինձ համար սա սպասելի էր` ես պարբերաբար ընթերցում եմ ադրբեջանական մամուլ: Փոխարենը՝ անսպասելի էր, որ մամուլի ազատության անձեռնմխելիության մասին այսքան երկար կգրեմ հին հույներից հայտնի եզոպոսյան ոճով: