«Եթե ինչ-որ տեղ աշխարհում ՀՅԴ-ն ահաբեկչություն է իրականացրել, ՀՅԴ-ն չպիտի մասնակցի՞»
ՀՅԴ-ն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների 10 առաջարկ է ներկայացնում: Այսօր ԱԺ-ում ԸՕ փոփոխությունները քննարկող աշխատանքային խմբի նիստի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք կողմ են 100 % համամասնական ընտրակարգին, բայց ոչ փակ ցուցակներով: Ըստ նրա՝ հասկանալի է, որ կուսակցությունն իր առաջատար դեմքերին է ուզում ներկայացնել, բայց նախորդ ընտրությունների ժամանակ երևաց, թե դա ինչի հանգեցրեց:
«Մենք առաջարկում ենք տարածքային ռեյտինգայինից հրաժարվել, բայց չկորցնել այն կարևոր բանը, որ ընտրողը կարողանա թեկնածու ընտրել»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Ըստ նրա՝ պետք է սահմանափակել Սահմանադրությունը փոխելու հնարավորությունը, որ որևէ ուժ 2/3 չլինի ԱԺ-ում և չկարողանա միայնակ Սահմանադրություն փոխել, այլ ինչ-որ մեկի հետ համաձայնեցնի, և իրենք առաջարկում են նվազեցնել մինչև 3/5: Ա.Ռուստամյանի կարծիքով՝ հաղթող կուսակցությունը 60%-ից ավելի տեղ չպետք է ունենա խորհրդարանում:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե նախորդ ԸՕ փոփոխությունների ժամանակ ՀՅԴ-ն ինչո՞ւ չի պնդել իր այդ առաջարկը, Ա.Ռուստամյանը հավաստիացրեց, որ իրենք միշտ են դա ասել. «Հիմա էլ ենք շարունակում ընդդիմության տեղն ընդլայնել, դա ճիշտ բան է, հատկապես այս անցումային փուլերում»:
ՀՅԴ-ն նաև առաջարկում է բացառել բազմակի քվեարկությունները, իսկ միջոցների ընտրությունը թողնում է կոնսենսուսի գալու լայն դաշտ, կուսակցությունը ցանկացած լուծման համաձայն է:
«Մենք ունենք մի տխուր իրավիճակ՝ բոլորը խոսում են կեղծիքների, հակաօրինական միջոցների մասին, դատարանը միշտ գրեթե նույն եզրակացությունն էտալիս, որ եղել են կեղծիքներ, բայց չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Դրա համար պետք է մի քայլ կատարվի»,- ասաց Ա.Ռուստամյանը՝ նշելով, որ, օրինակ, առանձնացվի 100 տեղամաս, և եթե 10% խախտում բացահայտվի, դա տարածվի ընդհանուրի վրա:
ՀՅԴ առաջարկը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ դադարեցնել բարեգործական ակցիաներ կատարելը և բացառել այն կազմակերպությունների գործունեությունը, որոնց անունը որևէ կերպ առնչվում է որևէ ուժի անվանման հետ, բուռն քննարկումների տեղիք տվեց:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պնդեց, թե հիմա էլ է դա սահմանվում օրենքով:
Ա.Ռուստամյանը պարզաբանեց, որ բարեգործական կազմակերպության անունով ընտրական դաշինքի կամ կուսակցության ցանկ չլինի, կուսակցության անունը չհամընկնի բարեգործականի հետ:
Է.Մարուքյանը նկատեց, որ ՀՅԴ-ն առաջարկում է խստացնել օրենքը, օրինակ՝ ոչ միայն քարոզարշավի ընթացքում բարեգործություն չիրականացվի, այլև 6 ամիս առաջ:
«Եթե երկուսն արդեն կան, այդ ձևով չպետք է մասնակցի ընտրությունների, պետք է այլ անունով հայտ ներկայացնի ընտրություններին»,- ասաց Ռուստամյանը:
ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը հարցադրում արեց՝ «Լույս» հիմնադրամի հետ «Լուսավոր Հայաստանը» ասոցիացվո՞ւմ է, թե՞ ոչ:
Մարուքյանը կարևորեց, որ հանրային ընկալման մեջ չասոցիացվի:
«Եթե ինչ-որ տեղ աշխարհում ՀՅԴ-ն ահաբեկչություն է իրականացրել, ՀՅԴ-ն չպիտի մասնակցի՞: Կամ Հանրապետականն ասոցիացվում է կոռուպցիայի հետ, չպիտի մասնակցի՞»,- վրդովվեց Ս.Բագրատյանը:
ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հայտարարեց, որ ստանձնում է միայն Օսմանյան Կայսրությունում ՀՅԴ-ի իրականացրած ահաբեկչությունների պատասխանատվությունը:
Ա.Ռուստամյանն իր հերթին՝ հարցադրում արեց, թե եթե ՀՅԴ-ն Հայ օգնության միության անունով մասնակցի, նորմա՞լ է
«Չէ, Հայ օգնության միությունը կա հազար տարի»,- արձագանքեց Ս.Բագրատյանը:
«Դաշնակցությունն էլ կա հազար տարի»,- հակադարձեց Ռուստամյանը:
Դ.Հարությունյանի խոսքով՝ պետք է գտնել լուծումներ, որ չառաջացնեն պրոբլեմներ:
Է.Մարուքյանն էլ կոչ արեց «սարեր-ձորեր չընկնել» և նշեց, որ Հայաստանում կան անձինք, որոնց անունով հիմնադրամներ կան, այդ անձինք կարող են ցուցակի առաջին տեղում լինել, բայց իրենց անունով ցուցակը չլինի: