Հայաստանի զինված ուժերը համալրման խնդիր չունեն. Քոչունց
ՀՀ Զինված ուժերը համալրման խնդիր չունեն և դրա խառը սկզբունքն իրեն արդարացնում է:
Աս մասին, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԶՈւ Գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը:
«Գործունեության հիմնական ուղղվածությունը ԶՈւ զորահավաքային ծավալման կազմակերպումն է, ղեկավարումն ու հսկողությունը, ինչպես նաև սպայական կազմի զորահավաքային պատրաստության նույն ձևով կազմակերպումը, հսկողությունը և իրականացման աջակցությունը: Հաջորդ ուղղվածությունը ԶՈւ կազմի կառուցվածքի մշակումն ու ապահովումն է: Վերջին հիմնական խնդիրը Զինված ուժերի զորամասերի համալրումն է պարտադիր ժամկետային ծառայության զինծառայողներով և շարքային կազմի պայմանագրային զինծառայողներով»,- նշեց Քոչունցը:
«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի (Պաշտպանության ոլորտում Անվտանգության խորհրդի լիազորությունները) Դ կետով հաստատված է ԶՈւ զորահավաքային պլանը:
«ՀՀ քաղաքացիների զորակոչից ԶՈւ համալրումը համարվում է համալրման հիմնական տեսակ, ինչպես նաև իրականացվում է շարքային կազմի պայմանագրայիններով համալրում՝ կրտսեր ենթասպայական կազմով՝ պահեստազորից: Ընդհանուր առմամբ, այս պահին մենք չունենք համալրման խնդիրներ: Խառը սկզբունքով Զինված ուժերի համալրումն իրեն արդարացնում է՝ պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայությամբ»,- ասաց Կամո Քոչունցը և հավելեց, որ գրեթե չկա այնպիսի զորամաս, որտեղ չլինի խառը համալրում:
ՀՀ ԶՈՒ ԳՇ Կազմզորահավաքային վարչության պետն ընդգծեց, որ ՀՀ պետական սահմանի պահպանությունը հիմնականում իրականացվում է պայմանագրային զինծառայողների միջոցով: Նրանք հիմնականում լինում են տվյալ գյուղերից և սա Քոչունցը շատ արդյունավետ է համարում: