Ինչու չփոխվեցին ԱԳՆ փոխնախարարների մեծ մասը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հետաքրքիր է, որ թավշյա հեղափոխությունից եւ նոր նախարարների նշանակումներից հետո գրեթե բոլոր փոխնախարարները փոխվեցին, սակայն արտաքին գործերի նախարարության դեպքում ընդամենը մեկ փոփոխություն եղավ։ Ինչո՞ւ, այս հարցին ի պատասխան վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշեց.
«Դրանք քաղաքական որոշումներ են եւ կայացվել են՝ հաշվի առնելով աշխատողների մասնագիտական հմտությունը եւ քաղաքական ու աշխատանքային նպատակահարմարությունը։ Այսինքն, հնարավոր չի, որ բոլոր փոխնախարարները փոխվեն, որովհետեւ նաեւ կրում են ինստիտուցիոնալ հիշողություն՝ հատկապես արտաքին գործերի նախարարության դեպքում։
Որտեղ նման բան չի եղել եւ եղել է քաղաքական նպատակահարմարություն, փոխնախարարները փոխվել են, իսկ ԱԳՆ-ի դեպքում վարչապետը նման նպատակահարմարություն չի տեսել»։ Բոլորի համար ակնհայտ էր, որ դիվանագետները չպետք է կաշկանդված լինեն իրենց նախկին կեցվածքով եւ հայտնած դիրքորոշումներով, որպեսզի ավելի վստահելի խոսեն Հայաստանում ժողովրդի լայն աջակցությունը վայելող իշխանության, սկիզբ առած խորքային բարեփոխումների, ժողովրդավարական գործընթացների, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին։ Այս ամենի մասին խոսելիս առնվազն պետք է հավատալ սեփական ճշմարտացիությանը եւ որոշակի արժեհամակարգի կրող լինել։
Այս իմաստով առաջին պլան են դուրս գալիս հայեցողական պաշտոններ զբաղեցնողները, հատկապես նրանք, ովքեր մինչեւ հեղափոխությունը ընդգծված բացասական վերաբերմունք .ունեին նախկին ընդդիմադիրների, նրանց առաջ քաշած պահանջների եւ դավանած արժեքների նկատմամբ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: