Միքայել Հարությունյանը Հայաստանից դուրս է եկել, երբ դեռ նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսված չէր. ԱԱԾ տնօրեն

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է ողջ իրավիճակին: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա անդրադարձավ նաև նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալման փաստին՝ տեղեկացնելով, որ իրենք քննություն են իրականացնում՝ պարզելու, թե արդյոք Վարդանյանն իսկապես վերադարձրե՞լ է հիմնադրամից վերցրած գումարները, թե՞ ոչ:

«Հստակ գիտենք, որ մոտ 130 մլն դրամ է հանել հիմնադրամից ու խաղացել խաղատներում: Պետք է ստուգումներ լինեն, որոնց ավարտին կտեղեկացնենք արդյունքների մասին»,- ասաց ԱԱԾ տնօրենը՝ ընդգծելով, որ այն փաստը, որ Արա Վարդանյանն օգտվել է հիմնադրամի վարկային գծից, արդեն իսկ քրեորեն պատժելի է:

Խոսելով «Երևան» հիմնադրամի գործի վերաբերյալ՝ Վանեցյանն ասաց, որ այս պահին քննություն է ընթանում, որի արդյունքների մասին կհայտնեն առաջիկայում:

Նա հերքեց լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե խուզարկվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տունը: «Նման բան չկա»,- ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ քաղաքապետը Հայաստանից դուրս չի եղել:

Անդրադառնալով մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին առնչվող հարցին՝ ԱԱԾ տնօրենը հայտնեց, որ նա Հայաստանից դուրս է եկել դեռ այն ժամանակ, երբ նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսված չէր:

Տեսանյութեր

Լրահոս