Բաժիններ՝

Արծվիկ Մինասյանը կուտակային կենսաթոշակային համակարգի հիմքում կարևորում է տնտեսական արդյունավետության գործոնը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների համար կարևորում է տնտեսական արդյունավետության ու Սահմանադրությանը բարեփոխման համապատասխանելիությանն խնդիրը: Նախարարը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ցանկացած համակարգ պետք է համապատասխանի Սահմանադրությանը: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մարդկանց գրպանից դուրս եկող եկամուտը կուտակվի և վերածվի կոնկրետ ներդրումային ծրագրի, որպեսզի ժամանկավորապես ռեսուրսը հանելը և այն շրջանառության մեջ դնելը արդարացված լինի: Պետք է շատ ավելի մեծ արժեք ստեղծվի»,- ասաց Մինասյանը:

Նրա կարծիքով համակարգը, որը կուտակում է որոշակի ռեսուրսներ, պետք է ծառայի տնտեսության մեջ նոր արժեքի ՝ աշխատատեղի, տեխնոլոգիաների ստեղծման, ավելացված արժեքի, ներքին արդյունքի աճին: Այդ դեպքում կհամարվի, որ համակարգը թույլ է տալիս այսօրվա սերնդին իր խնայողություններն ուղղել տնտեսության զարգացմանը՝ ստեղծելով նոր ակտիվներ: Մինասյանի կարծիքով, եթե դա տեղի չունենա, ցանկացած կուտակում կլինի ինքնանպատակ: Ի վերջո, ակտիվների մեծ մասը պարզապես կարող են հոսել երկրից՝ չբերելով երկրին կայուն զարգացման հնարավորություն:

Նախարարը կարևորեց նաև համակարգի արդյունքների տեսանելիության հաշվարկի ճիշտ կատարումը: «Այս համակարգի առաջին արդյունքները լինելու են 2037թ.-ին: Պետք է դիտարկել, թե այդ ժամանակ կենսաթոշակառուների ո ՞ր հատվածն է օգտվելու այս համակարգից և ո՞ր հատվածն է մնալու պետական բյուջեի հույսին»,-ասաց նա:

Նախարար Մինասյանի կարծիքով, եթե պահպանվի այս պահի դրությամբ եղած կուտակային կենսաթոշակային համակարգը, ապա այն չի ապահովելու առնվազն թոշակառուների 25 տոկոսի վիճակի բարելավում: Մնացած 75 տոկոսը մնալու են պետական բյուջեի հույսին: Հետևաբար, շատ կարևոր է, որ բարեփոխումների շրջանակում առարկութունները մանրամասն վերլուծության ենթարկվեն և ներկայացվի ամբողջական համակարգ: Նախարարը նշեց նաև՝ որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ, որպեսզի բոլոր հարցերին հստակ պատասխաններ տրվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս