AR/VR տեխնոլոգիաների, իրերի համացանցի ու ռազմաարդյունաբերության քննարկումներ՝ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումում
Այս օրերին Երևանում տեղի է ունենում 11-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը` «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրի ներքո:
Ֆորումի կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԱՏՁՄ, նախկինում՝ ԻՏՁՄ) նշում են, որ բիզնես ֆորումի նպատակն է՝ աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը պետական համակարգում և տնտեսության տարբեր ոլորտներում:
«Ֆորումի գործնական և արդյունավետ բովանդակությունն ապահովվում է բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման տեղական և միջազգային լավագույն փորձի ներկայացման, ինչպես նաև գործարար համայնքի, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և փորձագետների ներգրավման միջոցով:
Այս տարի ֆորումի շրջանակում քննարկվում են Հայաստանի տեխնոլոգիական կոմպլեքս մոդեռնիզացիայի մոտեցումները ու արդյունքները կներկայացվեն կառավարությանը»:
«Թվային Հայաստան» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Տիգրան Ճորոխյանը նշում է, որ ֆորումն անգնահատելի հնարավորություն է ոչ միայն՝ մասնավոր ընկերությունների, այլև՝ պետական սեկտորի, մասնավորապես՝ Կառավարության համար: Կարևոր է նման դինամիկ միջավայրում շփվել, ծանոթանալ համաշխարհային միտումներին, մշակել համապատասխան ռազմավարություն, որը կնպաստի Հայաստանի նորարարական զարգացմանը:
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում պետք է ստեղծվի ինովացիայի և տեխնոլոգիական զարգացման նոր նախարարություն, որը կզբաղվի ոլորտի ինֆոստրուկտուրաներով, մասնագետ ստեղծելուց՝ մինչև նորարարական մտածողության ստեղծում:
Ներկայացնելով Հայաստանի մոդեռնիզացիայի ծրագիրը՝ Կարեն Վարդանյանն առաջին հերթին կարևորում է պատերազմական երկրի անվտանգությունը, հետո՝ համաշխարհային զարգացման տենդենցներին համընթաց շարժվելը:
Բիզնես ֆորումի շրջանակում առանձին մասնագիտական քննարկումներ են տեղի ունենում ռազմաարդյունաբերություն (փակ քննարկում), կրթություն, կիբեռանվտանգություն, վերականգնվող էներգիա, էլեկտրոնային կառավարում, իրերի ինտերնետ (IoT), լրացված և վիրտուալ իրականություն (AR/VR), արհեստական բանականություն և տվյալների գիտություն, ինչպես նաև ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ՝ GDPR թեմաներով:
ARLOOPA ընկերության նախագծերի ղեկավար Արմինե Ղազարյանը, օրինակ, խոսեց բիզնեսի զարգացման նպատակով AR/VR տեխնոլոգիաների կիրառման մասին` ներկայացնելով ARLOOPA-ի նախագծերը: Ըստ խոսնակի՝ AR/VR տեխնոլոգիաները կարող են հաջողությամբ կիրառվել ոչ միայն բիզնեսում, այլև մի շարք այլ ոլորտներում` մշակույթ, տուրիզմ, արվեստ, տեքստիլ և այլն:
Այս տարի ֆորումի ընթացքում մեծ տեղ էր հատկացված նաև իրերի ինտերնետին (IoT): Իրերի ինտերնետն առարկաների փոխազդեցության ցանցի գաղափարն է։ Այն ենթադրում է տվյալների կուտակման, մշակման և փոխանակման միջոցով առարկաների (բաների) տեղեկատվական փոխազդեցություն։ Այն թույլ է տալիս հեռակառավարմամբ զգալ առարկաների շրջակա միջավայրը, մշակել ստացված տվյալները և իրավիճակին համապատասխան կառավարել առցանց առարկաները, ինչը ստեղծում է իրական և հաշվարկային աշխարհների ներթափանցման ընդարձակում՝ բարձրացնելով արդյունավետությունը, ճշգրտությունը և տնտեսական ընդարձակումը։ IoT-ն լայն ընդգրկում ունի, այն իր մեջ ներառում է արդյունաբերության, առողջապահության, քաղաքաշինության և այլ ոլորտներ։
Իրերի ինտերնետի մասին ֆորումի ընթացքում խոսեց RAFA Solutions ընկերության տնօրեն Ռաֆայել Ղասաբյանը: «IoT տեխնոլոգիաները՝ որպես քաղաքաշինության և արդյունաբերության զարգացման խթան» թեման ավելի խորը ուսումնասիրելու համար ֆորումին հրավիրված էին բազմաթիվ մասնագետներ: Կազմակերպվել է նաև տեսակամուրջ Նյու Յորքի քաղաքապետարանի հետ նախագծեր իրականացնող մասնագետի հետ, որը ներկայացրեց քաղաքաշինության ոլորտում տվյալների կառավարման նրբությունները։ Ֆրանսիայից քննարկմանը միացել է նաև Տիգրան Բայբուրդյանը, որը հետաքրքիր ծրագիր է իրականացրել գործարանի ավտոմատացման ասպարեզում՝ ստեղծելով գործարանի աշխատանքը ավտոմատացնող ծրագրային միջոցներ։
Նշենք նաև, որ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ.-ից իրականացվում է ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո:
Սիրարփի Աղաբաբյան