Էներգետիկայի նախարարը՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր նվազման մասին
«Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ արդեն իսկ կառավարությունում սկսել են քննարկումներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Նա ասաց, որ խոսքը ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլև գազի սակագնի ձևավորված կառուցվածքի մասին է. «Մանրակրկիտ ուսումնասիրություններ ենք իրականացնում ու դրանք շուտով կվերջացնենք, կպազվի ինչպես կորուստի, այնպես էլ սակագնի հարցը»։
Խոսելով այն մասին, թե ի՞նչ հեռանկարներ կան սակագների իջեցման մասով՝ նախարարը նշեց, որ դրանք ինքնանպատակ չեն կարող լինել, ու դրանց համար անհրաժետ են վերլուծություններ։
«Սակագնի նվազման մասին պետք է ունենանք հիմք։ Հնարային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀԷՑ-ի և մնացած բոլոր արտադրող կայանների հետ էներգահամակարգ ենք ստեղծում` հասկանալու՝ ինչպիսի վիճակ ունենք և ինչի կարող ենք հասնել»,- նշեց Ա. Գրիգորյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ վարչապետը նշել էր, թե սակագինը բոլորի համար հնարվոր է իջեցնել, նախարարը պատասխանեց, որ այդ մասով աշխատանքները սկսել են.
«Գազի սակագնի մասով էլ քայլերը սկսվել են։ Ուսումնասիրություն ենք կատարում՝ հասկանալու գազի գինը սահմանին և գազի գինը սահմանից ներս ինչպիսի՞ն է, որպեսզի հասկանանք սակագնի կառուցվածքը, դրան ավելացումները, փոփոխություններն ինչպիսի՞ ռիսկեր են պարունակում, այդ ավելացումները կամ կորուստները տեղի՞ն են, թե՞ ոչ։ Ամեն ինչը հաշվի ենք առնելու։ Խնդրում եմ համբերություն ունենալ և մեզ ժամանակ տալ»։
Դիտարկմանն էլ, թե փորձագետներն ասում են, որ հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով նվազեցնել՝ Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ բոլոր տեսակի վերլուծությունները պետք է հիմք ունենան, ու որպեսզի իրենք համոզվեն այդ ամենի մեջ, հենց իրենք են նախաձեռնել նման քննարկումներ։
Նա նաև նշեց, որ ռուսական վարկը, որը տրամադրվել է ատոմակայանին, չի ազդի սակագնի վրա, որովհետև իրենք հաշվարկել են նաև այդ ռիսկերը։
Ա. Գրիգորյանի խոսքով՝ շուկայի ազատականացման աշխատանքները սկսված են, և նախատեսվում է երկու տարուց ավարտել այդ գործընթացը. «Ես ինքս շատ կարևորում եմ այդ ծրագիրը, քանի որ զարգացած երկրներում շուկայի ազատականացումը էներգետիկ համակարգի մասով բավականին առաջընթաց է ապահովել»։