«Կոչ ենք անում հուլիսի 1-ից չվճարել կարմիր գծերի համար». վարորդների իրավունքների պաշտպան
«Կարմիր գծերի մասով մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր հասարակական շարժումներին, որոնք դեմ են դրանց։ Կոչ ենք անում հուլիսի 1-ից չվճարել կարմիր գծերի համար, նաև բողոքարկել, եթե քաղաքապետարանը շարունակի նույն կերպ աշխատել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը:
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում ենք, որ կարմիր գծերը պետք է լինեն այն վայրերում, որտեղ քաղաքապետարանը առանձնացված հատվածներ կտրամադրի, դրանց վրա ծախս կանի, և բարոյական իրավունքն արդեն կունենա՝ այդ կայանատեղիների համար գանձումներ իրականացնել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ կարմիր գծերի տուգանքներն ակնհայտ ապօրինի են արվում՝ սկսած արձանագրության կազմումից, վերջացրած սեփականատիրոջը տուգանելուց, քանի որ օրենքով նախատեսված է, որ տուգանվում է հենց անմիջապես իրավախախտը՝ վարորդը, այլ ոչ թե մեքենայի սեփականատերը։
«Մեզ մոտ տուգանում էին մեքենայի սեփականատիրոջը, չէին էլ պարզում, թե վարորդն ով է։ Այնպես որ` կարմիր գծերի մասով ակտիվ պայքար կմղենք, ու քաղաքապետարանին մատնացույց կանենք այն վայրերը, որոնք լքված են, բայց պիտանի են կայանատեղիի համար»,- եզրափակեց փաստաբանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում