Աղասի Դարբինյանն ընտրվել է Վարչական դատարանի նախագահ

Հունիսի 25-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչական դատարանի դատավորների հետ:

Ինչպես տեղեկացրին դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից, շնորհավորելով Վարչական դատարանի գործունեության 10-ամյակի կապակցությամբ՝ Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հանդիպման հիմնական նպատակը, անդրադարձել առանցքային որոշ հարցադրումների:

Կարևորվել է դատարանների ծանրաբեռնվածության, նյութատեխնիկական ապահովման, օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրների լուծումը: «Մեր գերագույն խնդիրներից մեկը դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափումն է: Մեկնարկել է պիլոտային ծրագիր՝ պարզելու դատարանների ծախսատարության հարցը: Եվ այդ մեկնարկը տրվել է հենց Վարչական դատարանից: Մեր նպատակն է ոչ թե խնդրի մեխանիկական վերհանումը, այլ բովանդակային վերլուծության ենթարկելը: Անելու ենք ամեն ինչ՝ ունենալու առավել բարձր որակի վարչական արդարադատություն»,- նշել է խորհրդի նախագաhը:

Ուշադրություն է հրավիրվել նաև արդարադատության իրականացման հարցում դատարանների հիմնական առաքելության վրա: Գագիկ Հարությունյանը հատուկ ընդգծել է այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի փորձելու խոչընդոտել դատավորին արդարադատական գործառույթն իրականացնելիս, սակայն հետևողական է լինելու դատավորների վարքագծին՝ թե՛ սոցիալական ցանցերում, և թե՛ քաղաքացիների հետ շփումներում:

«Հաջողության հասնելու մեր հիմնական բաղադրիչը միասնական գործելն է, և մեր ջանքերը պետք է միտված լինեն դատավորի հեղինակության, արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Մշտադիտարկման շնորհիվ հնարավոր կլինի նաև գնահատել յուրաքանչյուր դրական ու բացասական շարժընթաց»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը:

Քննարկմանն ակտիվ մասնակցություն են ունեցել Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Վարչական դատարանի դատավորները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք հրատապ հարցերով կազմակերպել հատուկ քննարկումներ՝ դրանց մասնակից դարձնելով նաև փորձագետների։

Օրակարգային հարցերի քննարկումից զատ նախատեսված էր նաև ՀՀ վարչական դատարանի նախագահի ընտրություն: Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածով, ՀՀ վարչական դատարանի 22 դատավորների կազմից դատարանի նախագահ է ընտրել Աղասի Դարբինյանին:

Առավելագույն ձայներ ստացել են.

Դարբինյան Աղասի – 6 կողմ
Ղազարյան Արգիշտի – 3 կողմ
Սոսյան Գևորգ – 1 կողմ:

Տեսանյութեր

Լրահոս