«Կազմակերպությունները, որոնք խոսքի ազատության համար անընդհատ քննադատում էին նախկին իշխանություններին, այստեղ սուս մնացին». Տիգրան Քոչարյան
«Դա զգացմունքային և չհաշվարկված հայտարարություն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից մեկի մասին։
Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որում ասում էր, որ կան հեռուստաընկերություններ, որոնք հակապետական քարոզչություն են իրականացնում, սակայն կոնկրետ լրատվամիջոցի անուն չէր նշել։
«Ցավոք սրտի, նույն իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք մամուլի և խոսքի ազատության համար անընդհատ քննադատության էին ենթարկում նախկին իշխանություններին, այստեղ սուս մնացին կամ նույնիսկ որոշակի աջակցություն սկսեցին ցույց տալ՝ իբր՝ «լավ է արել, քիչ է արել, դրանց հասնում է, և այլն»։ Այս ամենը տեղավորում եմ այս էյֆորիկ վիճակների մեջ, որ ինքը գիտի, որ իր բոլոր խոսքերն անցնում են, բայց նույնիսկ այստեղ Փաշինյանը շատ զգուշավոր եղավ և կոնկրետ հեռուստաընկերության անուն չտվեց։ Իմ անձնական կարծիքն այն է, որ սխալ էր այլ կարծիք հայտնողի բերանը փակել։ Շատ ճիշտ կլինի, որ կարողանա գոնե հակապետականության սահմանումը տա, որովհետև հակապետականությունը բավականին լուրջ մեղադրանք է ու նշանակում է՝ հայրենիքի դավաճանություն»,- նշեց Տ. Քոչարյանը։