Բաժիններ՝

Իրան-Պորտուգալիա. Կկարողանա՞ն «Իրանի արքայազնները» պատմություն կերտել

Իրանի ազգային հավաքականը դեռևս ունի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն: Դրա համար պետք է հաղթել Պորտուգալիայի ազգային ընտրանուն՝ ցանկացած հաշվով: Կկարողանա՞ն  «Իրանի արքայազնները» պատմություն կերտել:

Իրան

Իրանի հավաքականը 3 միավոր վաստակեց Մարոկկոյի հետ խաղում: Ասել, որ Իրանն ուներ զգալի առավելություն, սխալ կլինի: Իրանցիներին օգնեց մրցակցի ֆուտբոլիստի ինքնագոլը վերջին րոպեներին:

Իսպանիայի հետ խաղում Կառլուշ Կեյրուշի սաներն այնքան էլ վստահ խաղ չցուցադրեցին, սակայն իրենց դարպասն ընդունեցին միայն մեկ գոլ:

Պորտուգալիայի հետ խաղում Իրանի հավաքականին պետք է միայն հաղթանակ: Ցանկացած այլ արդյունք իրանցիներին դուրս կթողնի հետագա պայքարից: Միակ տարբերակն այն կլինի, որ Իրանն ու Պորտուգալիան ոչ-ոքի խաղան, իսկ Իսպանիան պարտվի Մարոկկոյին: Բայց իսպանացիների պարտությունը չափազանց անհավանական է թվում:

Պորտուգալիա

Պորտուգալիայի հավաքականն անհավանական կերպով կարողացավ ոչ-ոքի խաղալ Իսպանիայի հետ: Անհավանական ոչ-ոքին տեղի ունեցավ անհավանական ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի 3 գոլերի շնորհիվ:

Պորտուգալիայի հավաքականն առհասարակ լավ թիմ ունի, սակայն Եվրոպայի չեմպիոնների կազմում փայլում է հենց Ռոնալդուն, որը խփել է թիմի բոլոր գոլերն այս առաջնությունում:

Մարոկկոյի հետ խաղում Պորտուգալիան կարծես վերափոխված լիներ, քանի որ բացի Ռոնալդուի՝ առաջին րոպեներին խփած գոլից, պորտուգալացիներն այդքան էլ լավ խաղ չցուցադրեցին: Մարոկկոն նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցրել և անընդհատ գրոհում էր:

Իրանի հավաքականի հետ խաղում Ֆերնանդու Սանթուշի սաներին պետք է հաղթել, որպեսզի նրանք գրավեն առաջին հորիզոնականը: Ոչ-ոքի արդյունքը ևս կարող է բավարարել Պորտուգալիային, սակայն այդ դեպքում նրանք խմբում կլինեն երկրորդը:

Նշենք նաև, որ այս թիմերը մեկ անգամ հանդիպել են Աշխարհի 2006 թվականի առաջնության ժամանակ: Այդ խաղում հաղթեց Պորտուգալիան՝ 2:0 հաշվով:

Բուքմեյքերները նշում են, որ այս խաղում բացարձակ ֆավորիտը Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականն է: Սակայն Իրանի հավաքականի ֆուտբոլիստները գերմոտիվացված են: Նրանք ունեն բացառիկ հնարավորություն փլեյ-օֆֆում խաղալու համար: Մարոկկոյի հետ խաղում տեսանք, որ Պորտուգալիայի ձեռքից նախաձեռնությունը վերցնելն այդքան էլ բարդ չէր: Իրանցի ֆուտբոլիստները պետք է անեն ամեն բան Կրիշտիանու Ռոնալդուին ազատություն չտալու համար, քանի որ չնչին ազատությունն էլ Ռոնալդուն կարող է վերածել գոլի:

Իրանի հավաքականը չունի աչքի ընկնող լիդերներ, բայց իրանցիները ցուցադրում են շատ թիմային խաղ: Նման թիմին հաղթելն այսօրվա Պորտուգալիայի համար այնքան էլ հեշտ չի լինելու:

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:50-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս