Բաժիններ՝

Ագուերոն չի խաղա Նիգերիայի հետ. նա պատժված է

Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն չի մասնակցի Նիգերիայի հետ խաղին: Սա գլխավոր մազիչ Խորխե Սամպաոլիի որոշումն է:

Գլխավոր մարզչի ընկեր Խոսե Ալվարեսը, ով նաև մարզական լրագրող է, պատմում է, որ Սամպաոլին այս կերպ կպատժի Ագուերոյին լրագրողների հետ զրույցում ասած ավելորդ արտահայտությունների համար: Ըստ Խոսե Ալվարեսի՝ Սամպաոլին Ագուերոյի չխաղալը կկապի ինչ-որ մարզական խնդիրների հետ:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հետ խաղում պարտություն կրելուց հետո Սամպաոլին քննադատել էր Ագուերոյին: Իսկ Ագուերոն էլ լրագրողներին ասել էր, որ մարզիչը կարող է խոսել՝ ինչ ուզի:

Չնայած այս տեղեկությանը՝ Ագուերոյի չխաղալը փաստ չէ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արգենտինայի կազմը Նիգերիայի հետ խաղում կարող են ընտրել ֆուտբոլիստները: Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիկարդո Ջուստին Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի (AFA) գլխավոր գործող անձանցից մեկի՝ Խորխե Բուրուչագոյի հետ խոսելուց հետո պատմել է, որ ֆուտբոլիստները մեծ ազդեցություն են ունենալու հիմնական կազմի ընտրության գործում:

«Ես խոսել եմ Բուրուիի հետ: Նրանք համագործակցելու են ֆուտբոլիստների հետ: Հիմա նրանք են ընտրելու կազմը, դա փաստ է: Եթե Սամպաոլին ուզում է նստել պահեստայինների նստարանին, խնդիր չկա, նա ունի այդ հնարավորությունը»,- նշել է Ջուստին:

Մամուլում նշվում է, որ 3 ֆուտբոլիստներ կօգնեն որոշել հիմնական կազմը՝ Մեսսին, դի Մարիան և Մասկերանոն: Ըստ արգենտինական մամուլի՝ նրանց կօգնի Մարադոնան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս