Թուրքիայի քրդամետ կուսակցության ազատազրկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ով բանտարկված է Էդիրների F տիպի փակ ռեժիմով բանտում, շնորհավորել է իր կուսակից ընկերներին և շնորհակալություն հայտնել իրենց վստահության քվե տված ժողովրդին:
Այս մասին հայտնում է թուրական haberturk.com-ը:
«Մենք շարունակելու ենք ժողովրդի շահերի համար մղվող վճռական պայքարը՝ լինի մեջլիսում, թե դրանից դուրս: Շնորհավորում եմ ընտրված և չնտրված բոլոր թեկնածու ընկերներիս, բոլորին հաջողություններ եմ մաղթում»,-ասել է Դեմիրթաշը:
Անդրադառնալով հունիսի 24-ին տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ Դեմիրթաշը նշել է, որ նախընտրական շրջանում իր ձերբակալված լինելու հանգամանքը եղել է այս ընտրությունների ամենամեծ անարդարությունը:
«Այն հանգամանքը, որ ես ստիպված էի պայքարել անազատության պայմաններում, այս ընտրությունների ամենամեծ անարդարությունն էր»,-ասել է նա:
Դեմիրթաշը փաստել է, որ իր կուսակցությունը կարողացել է հաջողության հասնել նախընտրական շրջանում խիստ անհավասար պայմանների պարագայում:
«Նախ և առաջ ցանկանում եմ նշել, որ ընտրությունների արդյունքները հաջող են: Շնորհավորում եմ ընտրություններին մասնակցած բոլոր համերկրացիներիս: Շնորհավորում եմ իմ բոլոր ընկերներին, ովքեր անարդարացի և անհավասար ընտրությունների մրցավազքում գնացել են մեծ զոհողությունների:
Շնորհավորում եմ HDP-ին, որն արտակարգ դրության ռեժիմի, անհավասար հնարավորությունների և ճնշումների պայմաններում կարողացավ հաջողության հասնել, ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր համախմբվեցին մեր կուսակցության շուրջը: HDP-ի մեջլիս մտնելը մեծ հաջողություն էր: Ժողովրդի վստահությունը և հավատը ժողովրդավարական քաղաքականության նկատմամբ, մեզ համար հրահանգ է շարունակելու խաղաղության և ազատության համար մղվող պայքարը»,-նշել է անազատության մեջ գտնվող կուսակցական առաջնորդը: