«Հիմա ընդդիմադիր լինելն ինքնասպանություն է. Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական «պուշկա» է». Տիգրան Քոչարյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ գուցե  ՀՀԿ-ն այլ ձևով ներկայանա առաջիկա ընտրություններին՝ «ազատվելով օդիոզ դեմքերից»։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ 168.am-ը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստ ընտրությունների՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ից բացի՝ որևէ ընդդիմադիր ուժ չի նշմարվում, և հնարավո՞ր է՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում ընդհանրապես ընդդիմադիր ուժ չհաղթահարի անցողիկ շեմը՝ հաշվի առնելով ներկայիս մթնոլորտը։

Ի պատասխան՝ Տ. Քոչարյանն ասաց, որ «հիմա ընդդիմադիր լինելն ինքնասպանություն է».

«Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական «պուշկա» է, եթե ինքն ուղղվի ինչ-որ մեկի վրա, այդ մարդը կամ կուսակցությունը ոչնչանում է, եթե ինչ-որ մի տեղից քննադատություն է գնում՝ այդ զենքը ֆռում է այդ ուղղությամբ, այդ մարդը կա՛մ անէանում, կա՛մ զրոյանում է, կա՛մ իր համար շատ բարդ է լինում… ՀՀԿ-ն հիմա կորցնելու բան չունի, մնացածներն ունեն։ Նույնիսկ ամենահզոր կուսակցությունները, որոնք պառլամենտում հիմա ներկա են, շատ հանգիստ համաձայնեցին այդ «Բարեգործության մասին» օրենքի հետ, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ, եթե այդ զենքը հանկարծ ֆռաց իրենց դեմ, իրենք ռեյտինգի սարսափելի անկում են ունենալու»։

Տ. Քոչարյանը գտնում է՝ ներկայումս տեղեկատվական դաշտում այնպիսի միջավայր է, որ ընդդիմադիր լինելու, կառավարությանը քննադատելու համար պետք է շատ մեծ կամքի ուժ ունենաս կամ հաշվարկես քայլերդ.

«Ներկայումս քաղաքական դաշտում,  ՀՀԿ-ից բացի՝ այլ ուժեր չեն հակաճառում կառավարությանը։ Նիկոլ Փաշինյանն ունի այնպիսի տեղեկատվական աջակցություն, որ ինքը տեղով «botnet» է, դա մի բան է, որով հարձակվում ես մի կայքի վրա, հետո ինքը 5 րոպեից էլ չի աշխատում»,- ասաց նա։

Նա նկատեց, որ այս էյֆորիկ վիճակը դեռևս չի անցնում. «Մենք կարող ենք տեսնել, որ կառավարության անդամները, եթե անգամ սխալներ են անում, այնպիսի աջակցություն են ունենում, որ նույնիսկ զարմանում ես։ Նախորդ իշխանությունների ժամանակ դա մասսայական քննադատության էր արժանանում, հիմա ասում են՝ լավ եք անում»։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ նշեց, որ ինչ-որ մի պահից սկսած՝ քաղաքական ուժերը կողմնորոշվելու են, որովհետև շատ ուժեր հասկանալու են, որ Նիկոլ Փաշինյանի ֆորմատում իրենք տեղ չունեն։ Նա նաև չբացառեց, որ «Ելքի» մյուս երկու կուսակցություններն էլ կարող են լինել այդ ուժերից.

«Երբ հասկանան, որ իրենք այդ դաշտում չեն, պետք է այլ դաշտում տեղավորվեն՝ կա՛մ ընդդիմադիր, կա՛մ բուֆերային դաշտում։ Խնդիրն այն է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ պետք է ընդդիրմադիր ուժեր լինեն խորհրդարանում։ Նաև սկսվելու է այս պարզ քաղաքական հաշվարկը, թե ի՞նչ տեսքով, ինչ դեմքով, դաշտով մտնել ընտրություններ։ Շատ արագ է դա լինելու»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս